Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Միրզոյանն ու Նորվեգիայի ԱԳ նախարարը քննարկել են տարածաշրջանային անվտանգության հարցեր

Միրզոյանն ու Նորվեգիայի ԱԳ նախարարը քննարկել են տարածաշրջանային անվտանգության հարցեր
Պաշտոնական
12:29, 19 сентябрь 2023
Սեպտեմբերի 18-ին Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 78-րդ նստաշրջանի շրջանակներում ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Նորվեգիայի Թագավորության ԱԳ նախարար Աննիկեն Հյուիթֆիլդի հետ: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ-ից։

Զրուցակիցները գոհունակություն են հայտնել երկկողմ քաղաքական հարաբերությունների ակտիվացման առնչությամբ՝ վկայակոչելով Նորվեգիայի նախարարի՝ 2022 թ. աշնանը Երևան կատարած այցը: Նախարար Միրզոյանն արժևորել է Հայաստանում ժողովրդավարական բարեփոխումների խթանմանն ուղղված Նորվեգիայի կառավարության աջակցությունը, երկրի կամավոր ներդրումը Հայաստանի համար Եվրոպայի խորհրդի 2023-2026 թթ․ գործողությունների ծրագրում։

Քննարկվել են նաև ՀՀ-ԵՄ փոխգործակցությանը վերաբերող հարցեր: 

Հանդիպման ընթացքում քննարկվել են տարածաշրջանային անվտանգության ու կայունության հարցեր:

Արարատ Միրզոյանը գործընկերոջն է ներկայացրել Հարավային Կովկասում առկա անվտանգային իրավիճակը` շեշտելով Լաչինի միջանցքով անխափան տեղաշարժն ապահովելու կարևորությունը` ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանի փետրվարի 22-ի և հուլիսի 6-ի երկու որոշումներին համապատասխան: 

Տարածաշրջանում երկարատև խաղաղության հաստատման համատեքստում նախարար Միրզոյանը, ի թիվս այլ սկզբունքային հարցերի, ընդգծել է Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավունքների և անվտանգության հարցերի հասցեագրման անհրաժեշտությունը: Կարևորվել է Ադրբեջանի առավելապաշտական նկրտումների, ուժի և ուժի կիրառման սպառնալիքի և ապակառուցողական գործելակերպի զսպման հարցում միջազգային դերակատարների գործուն քայլերի իրականացումը։