Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Վարչապետը Ֆինանսների նախարարության աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ նախարար Տիգրան Խաչատրյանին․ Տեսանյութ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Ֆինանսների նախարարություն և աշխատակազմին ներկայացրել
նորանշանակ նախարար Տիգրան Խաչատրյանին:

Նիկոլ Փաշինյանը նախ շնորհակալություն է հայտնել Ատոմ Ջանջուղազյանին՝ Ֆինանսների նախարարի
կարգավիճակում իր կատարած աշխատանքի համար:

Ընդգծելով ճգնաժամային շրջանում ֆինանսական համակարգի և նախարարության բնականոն գործունեության
պահպանումը՝վարչապետը նշել է, որ դա շատ կարևոր է և գնահատանքի է արժանի: Նիկոլ Փաշինյանի խոսքով,
ոլորտում կան շատ կարևոր հարցեր, որոնց վերաբերյալ քննարկումներ եղել են, որոշումներ կայացվել են և պետք է
մտածել նաև հետագա անելիքների մասին:

Վարչապետը երկու ուղղություն է առանձնացրել.

«Առաջինը՝ պետական գնումների համակարգի շարունակական լավարկումն է, որովհետև այդտեղ մենք երկու կարևոր
խնդիր ունենք: Առաջին խնդիրը, որպեսզի մեր նպատակները, ընդունված ծրագրերը կարողանանք արդյունավետ
կերպով և հնարավորինս օպերատիվ և որակով իրականացնել: Մյուսը՝ այնպես անել, որ այս նպատակադրումը
ներդրումների, պետական ներդրումների և մասնավորապես՝ կապիտալ ներդրումների համար արգելակ չդառնա: Պետք
է ասել, որ սա պարզ խնդիր չէ և չունի պարզ լուծումներ: Շատ կարևոր եմ համարում այս ուղղությամբ այս
ընթացքում արած մեր աշխատանքի վրա եզրակացություններ անելը և ինչ-որ որոշումներ կայացնելը:
Երկրորդ ուղղությունը՝ պետական պարտքի կառավարման հարցն է: Եվ եթե մի քիչ ավելի կոնկրետացնեմ՝ մեր ֆիսկալ
տարածքների ավելի արդյունավետ կառավարման հարցն է, որը նույնպես պարզ հարց չէ: Այստեղ էլ լրջագույն
անելիքներ ունենք: Իհարկե, շատ լրջագույն անելիքներ արված են, բայց մենք այստեղ, կարծում եմ, դեռևս չենք
կարողացել հասնել ճշգրիտ բալանսների: Չգիտեմ էլ, դա ընդհանրապես հնարավոր է, թե չէ, բայց այնուամենայնիվ
հարցը՝ որպես օրակարգային, պիտի ձևակերպվի»,-նշել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Խոսելով հարկային քաղաքականության ոլորտում վերջին երեք տարիներին իրականացված էական փոփոխությունների
մասին՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ այստեղ էլ առաջիկայում լուրջ անելիքներ են սպասվում: «Եղել
են իրավիճակներ, երբ կարողացել ենք քաղաքական կամք դրսևորել և անհրաժեշտ փոփոխություններ իրականացնել:
Եվ պետք է ուղիղ ասել, որ եղել են իրավիճակներ, երբ չենք կարողացել քաղաքական կամք դրսևորել և իրականացնել
անհրաժեշտ բարեփոխումներ: Կարծում եմ՝ հիմա այդ քաղաքական կամքը դրսևորելու լավագույն շրջանն է, երբ մեր
երկրի առաջ առկա մարտահրավերները մեր հանրությանը, բոլորիս ավելի ընկալունակ են դարձնում բարեփոխումների
և արդյունավետության բարձրացման կուրսն անշեղորեն շարունակելը»,- նշել է վարչապետը:

Նիկոլ Փաշինյանը շնորհավորել և հաջողություն է մաղթել Տիգրան Խաչատրյանին. «Դուք նույնպես Ֆինանսների
նախարարության համար նոր մարդ չեք և ժամանակին աշխատել եք նախարարի տեղակալի կարգավիճակում»:
Կառավարությքան ղեկավարի խոսքով, առկա փոխադարձ վերաբերմունքը, մթնոլորտը և Ատոմ Ջանջուղազյանի՝
բարեփոխումներին աջակցելու պատրաստակամությունն ու կուտակված փորձի վրա հիմնված եզրակացություններին
ականջալուր լինելը շատ լավ նախադրյալներ են ստեղծում, որպեսզի այս գործընթացին հնարավոր լինի նոր լիցք
հաղորդել և կոնկրետ հանգրվանների հասնել:

Ատոմ Ջանջուղազյանը շնորհակալություն է հայտնել Նիկոլ Փաշինյանին՝ այդպիսի պատասխանատու
պարտավորություն ստանձնելու հնարավորություն ընձեռելու համար. «Պետական ֆինանսների կառավարման
բնագավառը մակրոհավասարակշռության տեսակետից ունի առանցքային դերակատարություն և այդ
դերակատարությունը թերևս հնարավոր չէր լինի այս ամբողջ ընթացքում, առանց Ձեր աջակցությունն ունենալով,
պատշաճ իրականացնել: Ուզում եմ վստահեցնել, որ մենք ամբողջությամբ այս ընթացքում հավատարիմ ենք մնացել
ինստիտուտի առաքելությանը և վստահաբար, չի եղել որևէ դեպք, որ գիտակցված խզում առաջանա մեր
գործողությունների և մեր առաքելության միջև»,- նշել է Ատոմ Ջանջուղազյանը:

Նա շնորհավորել է Տիգրան Խաչատրյանին և մաղթել նոր ձեռքբերումներ: «Վստահ եմ, որ տվյալ դեպքում նույնպես
ունենալով Ձեր աջակցությունը, պարոն վարչապետ, կհաջողվի աշխատակազմին առաջադրված խնդիրները լավագույնս
լուծել»,-ասել է նա:

Տիգրան Խաչատրյանն իր հերթին շնորհակալություն է հայտնել վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ այս
պատասխանատու պաշտոնն իրեն վստահելու համար և շնորհակալություն հայտնել Ատոմ Ջանջուղազյանին ու
նախարարության աշխատակազմին այս տարիների ընթացքում կատարած աշխատանքի համար: «Դուք ինչպես նշեցիք՝
հատկապես վերջին դժվար ժամանակներում նաև նախարարության ուղիղ մասնակցությամբ կառավարությանը հաջողվել
է ապահովել կարևորագույնը, որը մակրոտնտեսական կայունությունն է»,- ասել է նա:

Տիգրան Խաչատրյանը վստահություն է հայտնել, որ Ատոմ Ջանջուղազյանի հետ գործընկերությամբ առաջիկայում
նույնպես նախարարությունը կաշխատի առավելագույն արդյունավետությամբ: