Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Սարգիս Խանդանյանը կարեւորել է հայ-լեհական միջխորհրդարանական հարաբերությունների զարգացումը

Սարգիս Խանդանյանը կարեւորել է հայ-լեհական միջխորհրդարանական հարաբերությունների զարգացումը
Պաշտոնական
17:47, 03 апрель 2023
ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանն ապրիլի 3-ին հանդիպել է Լեհաստան-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Ռադոսլավ Ֆոգիելի գլխավորած պատվիրակության հետ:

Հանդիպմանը մասնակցել են ԱԺ Հայաստան-Լեհաստան բարեկամական խմբի ղեկավար Արուսյակ Ջուլհակյանը եւ Հայաստանում Լեհաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Պավել Չեպլակը:

Ողջունելով հյուրերին` Սարգիս Խանդանյանը կարեւորել է հայ-լեհական միջխորհրդարանական հարաբերությունների զարգացումը, միջազգային հարթակներում փոխգործակցության խորացումը:

Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար` Ռադոսլավ Ֆոգիելը շնորհավորել է Սարգիս Խանդանյանին հանձնաժողովի նախագահ ընտրվելու կապակցությամբ: Լեհ պատգամավորն արժեւորել է Լեհաստանի եւ Հայաստանի միջեւ խորհրդարանական մակարդակով հարաբերությունների ակտիվացումը եւ միջպետական համագործակցության զարգացումը: Ռադոսլավ Ֆոգիելն ընդգծել է տնտեսական, մշակութային ոլորտներում փոխգործակցության անհրաժեշտությունը:

Հյուրերը նշել են, որ հետեւում են մեր երկրում տեղի ունեցող իրադարձություններին, հասկանում, որ Հայաստանը գտնվում է բարդ իրադրության մեջ:

Հյուրերի խնդրանքով անդրադառնալով Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության պայմանագրի մշակմանն ուղղված աշխատանքներին` Սարգիս Խանդանյանը նշել է, որ Հայաստանը ցանկանում է ստորագրել մի փաստաթուղթ, որը, իսկապես, խաղաղություն կբերի տարածաշրջանին եւ կլուծի տարիների ընթացքում կուտակված խնդիրները:

Խոսելով ԼՂ հիմնախնդրից` Սարգիս Խանդանյանն ասել է, որ Ադրբեջանի վարած քաղաքականությունը վկայում է, որ այդ երկիրը ԼՂ-ն պատկերացնում է առանց հայերի, ինչը խոսում է էթնիկ զտման քաղաքականության մասին: Լեհաստան-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարի խոսքով Լեռնային Ղարաբաղի հայությունն ինքը պետք է որոշիչ դեր ունենա իր իրավունքների ապահովման եւ անվտանգության պաշտպանության հարցում:

Խոսելով Հայաստան-ԵՄ համագործակցությունից` հանձնաժողովի նախագահը կարեւորել է Եվրամիության քաղաքացիական առաքելության տեղակայումը, ինչը կնպաստի տարածաշրջանում կայունության ապահովմանը: