Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Այն ուժերը, որոնք աջակցել են նոր իշխանությանը, ժամանակին խոսում էին, որ Սամվել Բաբայանի առաջարկը դա կարմիր գիծ է, մահվան ճանապարհ է, նախագահ փոխելուց հետո խոսում են, որ դա այն կարմիր գիծը չի և դա այնքան էլ մահվան ճանապարհ չի․ Արթուր Օսիպյան

Այն ուժերը, որոնք աջակցել են նոր իշխանությանը, ժամանակին խոսում էին, որ Սամվել Բաբայանի առաջարկը դա կարմիր գիծ է, մահվան ճանապարհ է, նախագահ փոխելուց հետո խոսում են, որ դա այն կարմիր գիծը չի և դա այնքան էլ մահվան ճանապարհ չի․ Արթուր Օսիպյան
Քաղաքականություն
14:42, 12 сентябрь 2023
Այսօր՝ սեպտեմբերի 12-ին, Ասկերան քաղաքով Արցախի Հանրապետություն է մուտք գործել ռուսական Կարմիր խաչի մեկ բեռնատար մեքենա՝ բեռնավորված ռուսական արտադրության հումանիտար բեռներով: Իսկ արցախցի ակտիվիստ Դավիթ Եղիազարյանն էլ իր ֆեյսբուքյան էջում գրել է․ «Արցախի կոմպրադորական իշխանություններն ուժ են կիրառել տեղում հերթապահող քաղաքացիների նկատմամբ և բացել են Ակնայից եկող ռուսական բեռնատարի ճանապարհը»։

Այս առնչությամբ Civic.am-ի հետ զրույցում հայտնելով իր տեսակետը «Արցախի հեղափոխական կուսակցության» ղեկավար Արթուր Օսիպյանն ասաց, որ դա շատ վատ նշան է, որովհետև մարդիկ դիմադրել են, բայց ուժով բացել են ճանապարհը և առիթ են տվել, որ Ադրբեջանն ասի, որ ճանապարհը բաց է։

«Հիմա խոսում են այն մասին, որ 12 ժամից էլ Լաչինի միջանցքը կբացվի, բայց դրա հետ մեկտեղ էլ Ադրբեջանը հայտարարում է, որ դեռ համապատասխան գործընթաց պետք է տեղի ունենա, այսինքն, որպես անցակետ պետք է համապատասխան ձևով բացվի և ավելորդ խոչընդոտներ են ստեղծում։ Հիմա փաստորեն իրենք ստիպում են, որպեսզի հայկական կողմն ընդունի այդ միջանցքի վերահսկողությունը, որպես ադրբեջանական։ Սա արդեն դե յուրե դառնում է մեր իրավունքներից հրաժարվել, և նոյեմբերի 9-ի պայմանավորվածությունները ոչնչացնել, դա նույնպես շատ վատ նշան է։ Եվ փաստորեն դառնում է, որ 120 000 հայեր պատանդ են և ով որտեղով անցնի Ադրբեջանը շատ հեշտ  կարող է ձերբակալի, անկախ նրանից պատճառ կա, թե չկա, տանի Բաքու և իր իշխանությունը ցույց տա, որ Արցախի վրա վերահսկողությունն արդեն լրիվ իրենն է և նման ձևով փորձի հարցը փակել, այն ինչին նրանք ձգտում են։ Դեռ չի ստացվել, բայց քայլ առ քայլ փորձում են մոտենալ դրան»,-ասաց Արթուր Օսիպյանը։

Խոսելով նաև Արցախի իշխանությունների մասին՝ Արթուր Օսիպյանն ասաց, որ այսօր ռուսական բեռների փոխադրման համար ճանապարհը բացվել է նրանց հրամանով, որովհետև ոստիկանները հրաման են ստացել, որ ուժով այդ ճանապարհը բացեն։ 

Վերջինիս խոսքով՝ Արցախի իշխանությունն այլ ճանապարհ է ընտրել և մատակարարման համար այլ լուծում չի գտնում, ոչ թե չկա, այլ իրենք չեն գտնում, բայց տարբերակներ կան և առաջարկներ իրենց կողմից եղել են։

«Իրենք ոչ մի այլ ելք չեն գտնում, դրա համար ստիպված գնում են զիջումների։ Ռուսական մեքենան բաց թողեցին, հերթականը տեսնենք ոնց է լինում։ Հասարակությունը հեչ պատրաստ չի Ադրբեջանի կողմից որևիցե ադրբեջանական սնունդ կամ որևիցե ապրանքատեսակ այնտեղից մտնի այստեղ»,- նշեց Արթուր Օսիպյանը։

Նշենք, որ մինչև Արցախի նոր նախագահի ընտրությունը Սամվել Բաբայանը հայտնելով իրենց դիրքորոշումը ասել էր, որ փաթեթային լուծման շրջանակում Արցախ միաժամանակ բեռներ մտնեն և՛ Լաչինի միջանցքով, և՛ Աղդամով։ Բացի այդ, փաթեթում, ըստ Բաբայանի, պետք է նաև անդրադարձ լինի Արցախի կարգավիճակի հարցին, այսինքն՝ պետք է հասկանալ՝ դեպի ո՞ւր են գնում։

Այս առնչությամբ Արթուր Օսիպյանն ասաց, որ այն ուժերը, որոնք աջակցել են նոր իշխանությանը, ժամանակին խոսում էին, որ Սամվել Բաբայանի առաջարկը դա կարմիր գիծ է, մահվան ճանապարհ է, հիմա նախագահ փոխելուց հետո խոսում են, որ դա այն կարմիր գիծը չի և դա այնքան էլ մահվան ճանապարհը չի։

Խոսելով նաև հասարակության տրամադրությունների մասին՝ ասաց․

«Մարդիկ մտահոգ են, ճիշտ է, որ բեռները Ռուսաստանի կողմից են ուղարկված մի քիչ թեթևացնում է վիճակը, բայց համենայնդեպս մտահոգ են, որ փաստորեն Աղդամով այստեղ մատակարարում տեղի ունեցավ»,- եզրափակեց Արթուր Օսիպյանը։

Լիլիթ Թադևոսյան