Ազգային արժեքներից խոսող, հայրենասիրությունը, Արցախը դրոշակ դարձրած, ազգային ազատագրական ճառերով հանդես եկող խորհրդարանական ընդդիմությունն այսօր վերջնականապես ապացուցեց, որ ողջ սրտով ու հոգով պաշտպանում է ոչ թե իրեն ընտրած քաղաքացիների և երկրի՝ Հայաստանի շահերը, այլ բոլորովին օտար երկրի՝ Ռուսաստանի շահը։ Իսկ Հայաստանն ու Արցախը ածանցյալ են․ հնարավորություն՝ որպես ՌԴ-ի անդուլ պաշտպան ներկայանալու համար։
Ազգային ժողովում տեղի ունեցած նիստի ժամանակ այսօր «Հայաստան» և «Պատիվ ունեմ» դաշինքների պատգամավորները իրենց հայտարարություններով փորձում էին հավատարմության երդում տալ ՌԴ իշխանություններին, ապացուցել, որ առանց Ռուսաստան չկա Հայաստան ու Արցախ, այլ կերպ ասած՝ պետք է ենթարկվել ՀՀ-ի ու Արցախի հաշվին ՌԴ-ի բոլոր դավաճանական գործարքներին Թուրքիայի ու Ադրբեջանի հետ։ Նաև տպավորություն էր, որ ակնկալում էին աջակցություն՝ Հայաստանում իշխանափոխություն իրականացնելու համար։
Նիստի ընթացքում մի քանի անգամ իշխանափոխության կոչեր հնչեցին։ Եթե Արեգնազ Մանուկյանը կոչ էր անում նախ քաղաքապետի ընտրությունների միջոցով իշխանափոխություն կատարել Երևանում, հետո՝ Հայաստանում, ապա Հայկ Մամիջանյանը նաև սպառնաց․ «Երևանը փոխվելու է հայրենասերների քրտինքով, և եթե Փաշինյանն անմտություն անի՝ նաև արյամբ»։ 1998-ի պալատական հեղաշրջումով, Հոկտեմբերի 27-ով ու Մարտի 1-ով անցած ուժի՝ ՀՀԿ-ի պատգամավորը մոռացավ նշել «մի փոքր դետալ», թե այս անգամ ո՞ւմ արյամբ են փորձելու իշխանափոխությունն անել։
Նմանատիպ սպառնալիք հնչեցրել էր նաև Սերժ Սարգսյանը հեղափոխության օրերին, երբ Նիկոլ Փաշինյանին սպառնում էր Մարտի 1-ով, արդյունքում Սարգսյանը լքեց իր պաշտոնը խոստովանությամբ․ «Նիկոլը ճիշտ էր, ես սխալվեցի»։ Մնում է՝ Մամիջանյանը հասկանա, որ արյամբ սպառնալը վատ է անդրադառնալու թե՛ իր և թե՛ իր ղեկավարի վրա, քանի որ ժողովուրդը և այսօրվա իշխանությունը թույլ չեն տա նոր մարտիմեկեր և նոր հեկտեմբերիքսանյոթեր։
«Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը հայտարարեց, թե քաղաքական կարճատեսություն է անվտանգություն կերտել առանց Ռուսաստանի։ Հարց է առաջանում, թե եթե Ռուսաստանը չի կատարում կամ չի կարողանում կատարել իր դաշնակցային պարտավորությունները, և ադրբեջանական ուժերը 44-օրյա պատերազմից հետո օկուպացրել են Հայաստանի տարածքից ավելի քան 100 քառակուսի կմ, ապա ի՞նչ վստահությամբ պետք է մեր անվտանգությունը կերտենք Ռուսաստանի հետ, հատկապես, երբ եվրադիտորդների գալուց հետո ադրբեջանական զորքերը չեն կարողացել ոչ մի քառակուսի մետր տարածք օկուպացնել Հայաստանից։
Դաշնակցական Գեղամ Մանուկյանի վրա ընդհանրապես ծանր է նստել առաջին տիկին Աննա Հակոբյանի այցը Կիև։ Այսօր նա իր հարցազրույցում նշել է․ «Փաշինյանի կինը գնում է Ուկրաինա, տարբեր մակարդակներով հանդիպումներ է ունենում, քաղաքականացված ժեստեր է կատարում ու քաղաքականացված վայրեր է այցելում, ու ասում են՝ դա քաղաքականության հետ կապ չունի: Անհնար է որևէ կերպ մեկնաբանել»։
Ասել է թե Հայաստանում գործող նախկին իշխանականները և ներկայիս խորհրդարանականները առավել շատ անհանգստացած են Ռուսաստանի շահով, որքան էլ որ դա հակասում է Հայաստանի շահերին։ Ստացվում է, որ Գեղամ Մանուկյանի կարծիքով այն պետությունը, որը Ռուսաստանի հակառակորդն է, նաև Հայաստանի հակառակորդը պետք է հռչակվի և այդ տրամաբանությամբ Արևմուտքը ևս պետք է դառնա Հայաստանի հակառակորդը։
Միգուցե պետք է փոխել դաշինքի անվանումը և դարձնել «Ռուսաստան» դաշինք։ Նաև՝ «Պատիվ ունեմ ՌԴ-ում» խմբակցություն։ Այլապես տպավորություն է, որ ՀՀ բյուջեյից սնվող պատգամավորների նպատակը հակասելն է ՀՀ շահերին։
Դավիթ Լևոնյան