Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Տեսչական մարմինն արձագանքում է, երբ դիմում-բողոքը լինում է տվյալ աշխատավայրի աշխատողից․ ԱԺ-ն քննարկեց «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» օրենսգրքի նախագիծը․ Տեսանյութ

Տեսչական մարմինն արձագանքում է, երբ դիմում-բողոքը լինում է տվյալ աշխատավայրի աշխատողից․ ԱԺ-ն քննարկեց «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» օրենսգրքի նախագիծը․ Տեսանյութ
Քաղաքականություն
10:20, 15 июль 2021

ՀՀ ԱԺ պետական իրավական հարցերի մշտական հանձնաժողովն այսօր արտահերթ նիստ էր հրավիրել։ Օրակարգում մեկ հարց էր․Կառավարությունը հեղինակել է «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքում լրացում և փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագիծը։ Հարցի զեկուցողն էր ՀՀ վարչապետի աշխատակազմի տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի ղեկավար՝ Արթուր Ասոյանը։

Արթուր Ասոյանը ներկայացնելով նախագիծը՝ նշեց, որ 2019թ․ ԱԺ մի շարք պատգամավորների մասնակցությամբ փոփոխություններ են արել «Աշխատանքային» և «Վարչական իրավախախտումների մասին»  օրենսգրքերում՝ Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնին վերապահելով լիազորություն՝ վերահսկողություն իրականացնել աշխատողների իրավունքի պաշտպանության ոլորտում և խախտումների դեպքում կիրառել համապատասխան միջոցներ․ «Հաշվի առնելով, որ առկա է բյուջետային ֆինանսավորման և կազմակերպչական խնդիրներ՝ օրենքն ուժի մեջ մտնելու ժամկետ սահմանվեց 2021թ․ հուլիսի 1։ Սակայն մինչև 2021թ․ հուլիսի 1-ը «Վարչական իրավախախտումների մասին» օրենսգրքում իրականացվեցին ընթացիկ փոփոխություններ՝ մասնավորապես ավելացվեց կորոնավիրուսի հետ կապված հակահամաճարակային իրավիճակի հետ կապված հոդվածներ, ծխախոտային տեսակների վերահսկողության հոդվածներ, նյութական պահուստի ոլորտում վերահսկողության հոդվածներ, բուժոլորտին վերաբերող հոդվածներ, որոնք ներառվեցին տվյալ օրենքի 230-րդ հոդվածում, որը հանդիսանում է այն լիազորող հոդվածը, որով վերապահվում է տեսչական մարմնին իրավախախտումների դեպքում վարչական միջոցներ կիրառել»։ 

Հիմնական զեկուցողի խոսքով՝ Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը հուլիսի 1-ից սկսելու էր իրեն տրված լիազորության իրականացումը, իսկ վերոնշյալ հոդվածներն ուշ էին ընդունվել և տեխնիկապես դուրս էին մնում Օրենքի 230-րդ հոդվածի խմբագրությունից․ «Հաշվի առնելով այս հանգամանքը մեր կողմից մշակվեց փոփոխությունների նախագիծ, որպեսզի մինչև հուլիսի 1-ն այդ առաջացող խնդիրը կարգավորենք և տեսչական մարմինը շարունակի իր բնական գործունեությունը։ Քանի որ ԱԺ նիստեր չգումարեց մինչև հուլիսի մեկը հետևաբար չկարողացանք նախագիծը ներկայացնել ԱԺ»։

ԱԺ «Իմ քայլը» պատգամավոր Նիկոլայ Բաղդասարյանը հետաքրքրվեց՝ արդյո՞ք տեսչական մարմինը միայն դիմումների հիման վրա է ստուգումներ իրականացնելու, թե կարող է իր նախաձեռնությամբ ևս գնալ ստուգումների։ 

«Իրականացվում են պլանային տարեկան ստուգումներ, ստուգումներ են իրականացվում նաև քրեական գործի շրջանակներում և վարչապետի համաձայնությամբ»,-պատասխանեց Արթուր Ասոյանն ու հավելեց, որ ինչ վերաբերում է դիմումներին՝ ապա Տեսչական մարմինն արձագանքում է, երբ դիմում-բողոքը լինում է տվյալ աշխատավայրի աշխատողից։ 

Ներկայացված նախագիծն ուներ որոշ խնդրահարույց դրույթներ՝ մասնավորապես միևնույն իրավախախտման վերաբերյալ ստուգումը մի քանի մարմնին վերապահելու առումով։ ԱԺ պետական իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանն առաջարկեց այդ հարցերը քննարկել ԱԺ լիագումար նիստում։