Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ՌԴ նախագահի ընտրություններում Պուտինը նույնիսկ տեսականորեն մրցակից չունի. Պեսկով

ՌԴ նախագահի ընտրություններում Պուտինը նույնիսկ տեսականորեն մրցակից չունի. Պեսկով
Քաղաքականություն
16:03, 09 октябрь 2023
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը մեկնաբանել է Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովի առաջարկը՝ 2024 թվականին անցկացնել առանց այլընտրանքի նախագահական ընտրություններ միակ թեկնածուի՝ Վլադիմիր Պուտինի թեկնածությամբ կամ ընդհանրապես չեղարկել դրանք։ Կադիրովը հղում է արել «հատուկ ռազմական գործողությանը», ինչպես Ռուսաստանի իշխանություններն են անվանում ներխուժումն Ուկրաինա։

Պեսկովը, խոսելով Կադիրովի առաջարկի մասին, ընդգծել է, որ Պուտինը Դաշնային ժողովին ուղղված իր վերջին ուղերձում շոշափել է ընտրությունների թեման և «շեշտադրել ժողովրդավարության, Սահմանադրության բոլոր պահանջներին հետևելու և, համապատասխանաբար, այդ ընտրությունների անցկացման անհրաժեշտությունը» (մեջբերումը՝ «Ինտերֆաքս»-ից): Սակայն, Պեսկովի կարծիքով, Պուտինը չի կարող իրական մրցակից ունենալ առաջիկա ընտրություններում։ 

«Ակնհայտ է, որ նախագահ Պուտինը մեր երկրում, հատկապես հիմա՝ նախագահի և նրա գաղափարների շուրջ ամբողջ հասարակության աննախադեպ համախմբման ժամանակաշրջանում, բացարձակապես առաջատար քաղաքական գործիչ է, ում հետ դժվար թե որևէ մեկը, նույնիսկ տեսականորեն, կարողանա մրցակցել էլեկտորալ առումով։ Սա, հավանաբար, ճշմարտություն է, որը հազիվ թե որևէ մեկը կարողանա վիճարկել: Կարծում եմ՝ հենց սա նկատի ունի Ռամզան Կադիրովը»,- ասել է Պեսկովը։