Մենք առևտրի մեջ չենք մտել և չենք էլ մտնելու․ այն, ինչ տեղի է ունենում դատական համակարգում, տեղի է ունենում անկախ քաղաքական պրոցեսներից․ Ավինյանը՝ «Հանրային ձայնի» հետ «գործարքի» մասին հարցին
«Մենք առևտուրների մեջ չենք մտել և չենք էլ մտնելու։ Այն հարցերը, որոնք վերաբերում են քրեական դատավարություններին, քրեական հետապնդման մեջ գտնվող անձանց, մենք առհասարակ այդ դաշտ չենք էլ մտնում»,- այսօր երդմնակալության արարողությունից հետո ասաց Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը՝ պատասխանելով Civic.am-ի հարցին, թե ինչ է խոստացվել «Հանրային ձայնին», որի փոխարեն նրանք մասնակցեցին քաղաքապետի ընտրությանը. արդյո՞ք հենց այն էր խոստումը, որ կուսակցության առաջին համարի թեկնածուի կինը ազատ է արձակվել։ 

Ավինյանը նշեց, որ այն, ինչ տեղի է ունենում դատական համակարգում և իրավապահ համակարգում, դրանք տեղի են ունենում անկախ այն պրոցեսներից, որոնք որ տեղի են ունենում քաղաքական դաշտում և ավագանու նիստերին. «Կարծում եմ՝ ավագանու նիստերին մասնակցել-չմասնակցելու հետ կապված տարբեր ուժեր իրենց դիրքորոշումները հայտնել են հանրայնորեն, և մենք ասել ենք, որ կան ուժեր և և ուժերի տեսակ, որոնց հետ մենք որևէ գաղափար չենք կիսում և իրենց հետ նույնիսկ քննարկելու բան էլ չունենք»։

Հիշեցնենք, որ «Հանրային ձայն» կուսակցության նախագահ Արտակ Գալստյանի կինը՝ Վեներա Գալստյանը, ազատ է արձակվել կալանքից։ Գալստյանի կնոջ խափանման միջոցի ժամկետը լրացել է հոկտեմբերի 7-ին։ Մինչ այդ՝ սեպտեմբերին 29-ին, միջնորդություն էր ներկայացվել դատարան, որպեսզի նրա նկատմամբ խափանման միջոց կալանքի ժամկետը երկարացվի, ինչը դատարանը չի բավարարել։ Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել բացակայելու արգելքը։