Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Քաղաքական աղբը պետք է հայտնվի աղբանոցում, իսկ եթե օրենքի հետ խնդիրներ ունի, պատասխան տա նաեւ դատարանի առաջ

Քաղաքական աղբը պետք է հայտնվի աղբանոցում, իսկ եթե օրենքի հետ խնդիրներ ունի, պատասխան տա նաեւ դատարանի առաջ
Քաղաքականություն
17:00, 23 октябрь 2023
Երեկ մի տեղ կարդացի, որ ոչ անհայտ Զորի Բալայանը ընտանյոք հանդերձ տեղափոխվել եւ ապրում է Լոնդոնում: Դե մարդը ոչ մի թիզ հող չէր պատրաստվում զիջել, փոխարենը հարկատուների փողերով տարիներ առաջ ազգափրկիչ առաքելությամբ օվկիանոսները չափչփեց, երբ իր տարիքի թոշակառուները աղբամաններն էին քրքրում, իսկ երիտասարդների համար աշխատանք գտնելը երազանք էր:
Քսան տարի շարունակ  (1998-2018թթ.) բազմաթիվ ոչմիթիզհողական պաշտոնյաների ենք տեսել, որոնք ազգի, հայրենիքի անունից միայն թալանով էին զբաղված (ՀՀ դատախազության ամեն օր տարածվող հաղորդագրությունները` վկա):

Թե իրենցից եւ իրենց որդիներից որ մեկը մասնակցեց քառասունչօրյա պատերազմին` չի նշվում, քանի թիզ հող պաշտպանեցին` դարձյալ չգիտենք: Ենթադրվում է, որ Զորի Բալայանի վարակիչ օրինակին շատերն այս ընթացքում հետեւած կլինեն: Առաջարկում եմ մեկ առ մեկ պեղել, գտնել, հրապարակել բոլոր այն պաշտոնյաների, հանրային դեմքերի (ՀԿ-ներ, ԶԼՄ-ների ներկայացուցիչներ) մասին տեղեկատվություն, որոնք տասնամյակներ շարունակ «հայրենասիրություն» են խաղացել, բայց մեր մի թիզ հողը շարքային ժողովրդի զավակները պաշտպանեցին իրենց կյանքի գնով:

Գիտեմ, իրենք ոչ մի ցավ էլ չեն ապրում, որ այլոց զավակներն են զոհվել, ոտք ու թեւ կորցրած վերադարձել, որ մի ողջ լուսավոր սերունդ, որը կարող էր համալրել ՏՏ ոլորտի, բժշկության, արվեստի բնագավառների մասնագետների շարքն, այսօր չկա:

Չասեք, թե հիմա ինչերի հետեւից եմ ընկել: Էն տղաները, որ կռվել, վերադարձել են, նոր սերունդը պետք է իմանա ողջ ճշմարտությունը: Քաղաքական աղբը պետք է հայտնվի աղբանոցում, իսկ եթե օրենքի հետ խնդիրներ ունի, պատասխան տա նաեւ դատարանի առաջ:

Թագուհի Հակոբյան