Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Պետք է բոլոր քայլերն անել, որ Ադրբեջանը պատժվի արցախահայության էթնիկ զտման համար․ դա ավելի կարճ ճանապարհ է, որ Ադրբեջանը հակված լինի ստորագրել խաղաղության պայմանագիրը»․ Ստեփան Գրիգորյան

«Պետք է բոլոր քայլերն անել, որ Ադրբեջանը պատժվի արցախահայության էթնիկ զտման համար․ դա ավելի կարճ ճանապարհ է, որ Ադրբեջանը հակված լինի ստորագրել խաղաղության պայմանագիրը»․ Ստեփան Գրիգորյան
Քաղաքականություն
18:25, 01 ноябрь 2023
Կառավարության գիծը շատ հստակ է, կառավարությունն ուզում է, որ ստորագրվի «խաղաղության պայմանագիր», ու, եթե նկատել եք, Նիկոլ Փաշինյանը մեկ անգամ չէ, որ այդ երեք սկզբունքների մասին խոսում է։ Առաջինը՝ փոխադարձ ճանաչում երկրների տարածքային ամբողջականությունների, երկրորդը՝ Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա դելիմիտացիա, դեմարկացիա, և երրորդը՝ կոմունիկացիաների բացում, բայց պետությունների սուվերենությունը հարգելով»,- այս մասին այսօր Civic.am-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը։ 

Նա նշեց, որ Ադրբեջանը դրան ֆորմալ համաձայն է, բայց ոչ ֆորմալ իրենք անընդհատ պարզ կերպով նախապայմաններ են դնում, թե՝ անկլավները տվեք, հետո դելիմիտացիա ու դեմարկացիա անենք, մեր անկլավը՝ Արծվաշենը, չեն ուզում տալ, չեն ուզում Ջերմուկի մոտից դուրս բերել զորքերը։  

Քաղաքագետը կարծում է, որ Ադրբեջանը չի ուզում ստորագրել «խաղաղության պայմանագիրը», բայց կա երկրորդ տարբերակ. կան մարդիկ, որ ասում են՝ ուզում է առավելագույնը վերցնել, օրինակ՝ անկլավները վերցնի, ստորագրի, բայց ինքը չի հավատում, քանի որ ինչ տաս, էլի կուզենան։ 

Խոսելով նաև այն մասին, թե ինչո՞ւ միջազգային կառույցները Ադրբեջանին պատժամիջոցների չեն ենթարկում, այլ միայն բավարարվում են դրա մասին խոսելով, քաղաքագետն ասաց, որ մեր իշխանությունները խուսափում են պահանջել աշխարհից, այդ հարցը դնել այնպես, որ պատժամիջոց կիրառեն. ինչո՞ւ, որովհետև, ըստ քաղաքագետի, իշխանության մոտ կա կարծիք, որ չսրեն հարաբերությունները ու համոզեն, որ Ադրբեջանը ստորագրի։

«Բայց իմ կարծիքով՝ ճիշտ է պատժել Ադրբեջանին ու բոլոր քայլերն անել, որպեսզի Ադրբեջանը պատժվի արցախահայության էթնիկ զտման համար, այլ հարցերում ևս մենք կոշտ դիրքորոշում պետք է ունենանք, ու դա ավելի կարճ ճանապարհ է, որպեսզի Ադրբեջանը հակված լինի ստորագրել խաղաղության պայմանագիրը։ Միգուցե իշխանությունն ավելի շատ ինֆորմացիա ունի, օրինակ՝ Ադրբեջանն իրոք վախենում է, որ սանկցիա կսկսվի, ու միգուցե ինչ-որ մեսիջներ է ուղարկում, թե մենք կհամաձայնենք, բայց չսրենք իրավիճակը»,- ասաց Ստեփան Գրիգորյանը։

Լեմկինի Ցեղասպանության կանխարգելման ինստիտուտը կարմիր` ամենաբարձր նախազգուշացումն է հայտարարել Ադրբեջանի համար, քանի որ առաջիկա օրերին և շաբաթներին այդ երկրի կողմից Հայաստան ներխուժման անհանգստացնող հավանականություն է տեսնում:

Այս առնչությամբ Ստեփան Գրիգորյանն ասաց, որ Լեմկինի ինստիտուտից բացի, այլ միջազգային ինստիտուտներ ևս ասել են, այլ պետություններ ևս ասել են, որ Ադրբեջանը պլանավորում է հարձակում։

«Օդից այսպիսի բաներ չեն գրում։ Կա ինֆորմացիա, որ կարող է  հարձակվել, բայց մենք ապրում ենք այս տարածաշրջանում և շատ լավ գիտենք, որ Ադրբեջանի թուրք-ռուսական աշխատանքի, այդ ավտորիտար ռեժիմների մեթոդը հենց ուժով լուծումն է։ Հավանականությունը կա, բայց ուրիշ բան է՝ աճում է, թե իջնում է։ Օրինակ՝ Նիկոլ Փաշինյանը Թբիլիսիում «Մետաքսի ճանապարհ» համաժողովի ժամանակ իր ելույթում այդ մեսիջներն ուղարկեց, որ մենք պատրաստ ենք ճանապարհ բացել, նույնիսկ ասաց՝ ոնց ենք մենք պաշտպանելու այդ կոմունիկացիաների անվտանգությունը, ու այդ սկզբունքները կրկնեց։ Այդ մեծ մեսիջները, իմ կարծիքով, բերեցին նրան, որ հիմա Թուրքիան, Ադրբեջանը, Ռուսաստանը մտածում են՝ հարվածե՞լ այս պահին, թե՞ չհարվածել»,- ասաց Ստեփան Գրիգորյանը։

Խոսելով նաև Հայաստանի և այլ երկրների հետ ռազմական համագործակցության մասին՝ քաղաքագետն ասաց, որ իրենք ունեն ինֆորմացիա ոչ միայն կառավարությունից, այլև այլ աղբյուրներից՝ փորձագիտական, միջազգային, որ՝ այո, Հայաստանին կաջակցեն, Հայաստանի հետ ռազմական ոլորտում համագործակցության կգնան։ 

«Քանի որ Ֆրանսիան ու Հնդկաստանը պաշտոնական մակարդակով ստորագրեցին ռազմատեխնիկական պայմանագրեր, դա  բոլորը գիտեն, բայց էլի կան եվրոպական երկրներ, որոնք աջակցելու տվյալ  որոշումն ունեն։ Այստեղ խոչընդոտը ՀԱՊԿ-ն է, ՀԱՊԿ-ից դուրս գալուց հետո էլ ավելի հեշտ  կգնա այդ գործընթացը, բայց գլխավոր միտքը այն է, որ ճիշտ ճանապարհով ենք գնում և դիվերսիֆիկացիա ենք անում։ Ուղղակի մի տարբերություն կա, իմ կարծիքով՝ դիվերսիֆիկացիան միանշանակ ճիշտ է ռազմատեխնիկական ոլորտում, էներգետիկ ոլորտում, բայց ես համարում եմ, որ Ադրբեջանի դեմ նաև պետք է կոշտ պայքարել։ Ինչքան էլ Ադրբեջանը նյարդայնանա, չնայել դրան, որպեսզի գործոններ ստեղծվեն, օրինակ՝ դատի տալ Ալիևին՝ հանցագործությունների համար, այլ պաշտոնյաներին նույնպես։ Բայց մեր կառավարությունն այս ասպեկտում մի քիչ այլ ճանապարհով է գնում և փորձում է այդպես համոզել Ադրբեջանին՝ կոնստրուկտիվ դաշտ մտնել։ Աստված տա, որ այս ճանապարհն աշխատի»,- եզրափակեց քաղաքագետը։    

Լիլիթ Թադևոսյան