Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Եթե ՀԱՊԿ-ը վաղվա նիստում չճանաչի փաստը, որ Ադրբեջանը մտել է մեր տարածք, նվազագույնը պետք է սառեցնենք մեր անդամակցությունը ՀԱՊԿ-ին․ Ստեփան Գրիգորյան

Եթե ՀԱՊԿ-ը վաղվա նիստում չճանաչի փաստը, որ Ադրբեջանը մտել է մեր տարածք, նվազագույնը պետք է սառեցնենք մեր անդամակցությունը ՀԱՊԿ-ին․ Ստեփան Գրիգորյան
Քաղաքականություն
18:31, 22 ноябрь 2022
Վաղը՝ նոյեմբերի 23-ին, Հայաստանում անցկացվելու է ՀԱՊԿ անդամ պետությունների ղեկավարների մասնակցությամբ նիստ, ինչպես նաև նախատեսված է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի առանձնազրույցը։ 

Civic.am-ի հետ զրույցում քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը տեսակետ հայտնեց, որ չի  տեսնում որևէ դրական բան և սպասելիք չունի ոչ նիստից, ոչ էլ Նիկոլ Փաշինյան-Պուտին հանդիպումից։  

«Չեմ կարծում, թե Ռուսաստանի քաղաքականությունն այս երկու շաբաթվա ընթացքում էականորեն փոխվեց։ Հիշում եք, չէ՞, որ Նիկոլ Փաշինյանը պահանջեց ՀԱՊԿ-ի արտահերթ նիստ, նիստը օնլայն կայացավ, հիշում ենք Լուկաշենկոյի հայտնի ելույթը, որտեղ մեզ համար որևէ հուսադրող բան չկար։ Ռուսաստանին այս նիստը շատ պետք է, որովհետև Ռուսաստանը հիմա ոչ մեկի կողմից չի ընդունվում, Պուտինը չհամարձակվեց Բալի գնալ՝ «Մեծ քսանյակ»-ի գագաթնաժողովին, պարզ է, որ իրեն պետք են ինչ-որ միջազգային ֆորմատներ, որ ցույց տա, թե ինքը կա, իրեն ընդունում են։ Բայց ուրիշ տեղերում ես չեմ տեսնում, որ իրեն ընդունեն։ Պուտինի նպատակներն ինձ համար շատ պարզ են, հասկանալի են։ Մեր շահն այստեղ որն է՝ ես չեմ պատկերացնում։ Ավելին՝ պարզ է, որ դա Հայաստանին հետ է գցում։ Հայաստանում ընդունել Պուտինին, Լուկաշենկոյին՝ իրոք խնդրահարույց է»,- ասաց քաղաքագետը:  

Ստեփան Գրիգորյանի խոսքով՝ հիմա Հայաստանը նախագահում է ՀԱՊԿ-ում, և ՀԱՊԿ-ի կանոնադրության համաձայն՝ նախագահող երկիրը տարվա վերջին անցկացնում է նիստ, և եթե մենք դուրս չենք եկել ՀԱՊԿ-ից, անդամ ենք, ապա պետք է անցկացնեինք այդ նիստը։  

Քաղաքագետը, սակայն, նշում է, որ ինքն այլ կոնտեքստով է նայում՝ ՀԱՊԿ-ը մեզ ոչ մի բան չտվեց, սեպտեմբերի 13-ի ադրբեջանական ագրեսիայից հետո ՀԱՊԿ-ի դիտորդները եկան, հետո գլխավոր քարտուղարը եկավ, բայց այդպես էլ չհրապարակեցին զեկույց, նրանք պետք է ասեին՝ Ադրբեջանը մտե՞լ է մեր տարածք, թե՞ ոչ, նրանք չասացին, որ Ադրբեջանը պետք է դուրս քաշի իր զորքերը և այլն։  

«Սա է պրոբլեմը, որ ՀԱՊԿ-ը իրոք ադեկվատ չի արձագանքում մեր շահերին, ու քանի որ մեր իշխանությունները ոչ մի կտրուկ քայլ չարեցին ՀԱՊԿ-ի հետ կապված, հիմա ստիպված են ընդունել ՀԱՊԿ երկրների ղեկավարներին։ Մինչդեռ մեր պահանջներին, մեր խնդրանքներին որևէ արձագանք չկա, և  մենք մեզ բավականին բարդ վիճակի մեջ գցեցինք. ՀԱՊԿ-ը իր պարտավորությունները, որոնք ունի հայ ժողովրդի նկատմամբ, Հայաստանի առջև չի կատարում, մենք էլ իրենց ընդունում ենք ու ինչ-որ չափով վարկաբեկվում ենք աշխարհում»,- ասաց նա։ 

«Վաղվա նիստի օրակարգում համատեղ ջանքեր գործադրելու հարց կա՝  Հայաստանին աջակցելու համար։ Տեսնենք՝ ինչ կլինի, ու ըստ դրա կշարժվենք։ Մենք՝ փորձագետներս, մեր կարծիքն ասում ենք, օրինակ՝ ես համարում եմ, որ եթե վաղը ոչ մի բան չլինի, ինչը շատ հավանական է, մենք պետք է սկսենք իրոք լուրջ մտածել նվազագույնը սառեցնելու մեր անդամակցությունը։ Որոշումը պետք  է կառավարությունն ընդունի և հիմա կողմնորոշվի։ Քանի որ Հայաստանում ընդունելով Պուտինին, Լուկաշենկոյին՝ դու քեզ վարկաբեկում ես, դա մեծ գաղտնիք չի, իրենք հիմա իզգոյ են աշխարհում, այդպես ստացվեց, մենք դրա հետ ընդհանրապես կապ չունենք։ Դա կապված է ագրեսիայի հետ, որը Ռուսաստանը սկսեց Ուկրաինայի դեմ, բայց մեզ վրա դա տարածվում է: Եթե մենք իրենց ընդունում ենք, եթե մենք իրենց հետ հանդիպում ենք, մեզ վրա այդ բացասականը տարածվում է, դա է պատճառը, որ դու պետք է հստակ կողմնորոշվես. եթե ՀԱՊԿ-ը վաղը ոչ մի քայլ չանի, օրինակ՝ չճանաչի փաստը, որ Ադրբեջանը մտել է մեր տարածք, չընդունի Ադրբեջանի ագրեսիան, գոնե մեղմ ձևակերպումով, մենք նվազագույնը պետք է ՀԱՊԿ-ում սառեցնենք մեր անդամակցությունը»,- ասաց քաղաքագետը։ 

Խոսելով նաև այն մասին, որ Ալիևը հայտարարել, է որ ՀԱՊԿ-ում Ադրբեջանն ավելի շատ բարեկամներ ունի, քան Հայաստանը, Ստեփան Գրիգրոյանն ասաց՝ այն, որ Ադրբեջանը ՀԱՊԿ-ում ունի ավելի շատ աջակցություն, քան մենք, վաղուց գիտենք,  բայց ինչու դրա մասին հենց հիմա ասաց։ 

Քաղաքագետը ենթադրում է, որ ՀԱՊԿ-ում չեն ուզում կորցնել Հայաստանը ու քննարկում են, թե միգուցե փոքր քայլ անեն հօգուտ Հայաստանի, և պարզ է, որ այդ բարեկամներից մեկը հասցրեց այդ ինֆորմացիան Ալիևին։ 

«Դա է պատճառը, որ Ալիևը հայտարարեց, որ մենք այդտեղ ուժեղ ենք, Հայաստանի մոտ բան չի ստացվի՝ հենց մտավախություն ունենալով, որ այս նիստում հնարավոր է՝  ինչ-որ մի բան հօգուտ Հայաստանի ասվի. դա պատահական չէր։ Մինչ այդ ինքը կյանքում դա չէր ասում, մինչդեռ մենք բոլորս գիտեինք, որ ՀԱՊԿ-ում ինքն ավելի շատ աջակցություն ունի, քան մենք, բայց այն ժամանակ դա ասելու անհրաժեշտություն չկար, ինքը վերահսկում էր իրավիճակը, հիմա, իմ կարծիքով, չի վերահսկում։ Ինչ-որ խմորումներ են գնում, որ մի բան անեն  հօգուտ  Հայաստանի, ինքն ուզում է այդ հայտարարությամբ կանխել դա»,- նշեց Ստեփան Գրիգորյանը։ 
 
Խոսելով նաև այն մասին, որ երեկ և այսօր ադրբեջանցիները  կրակ են բացել  Ասկերանի շրջանի Սարուշեն համայնքին պատկանող գյուղատնտեսական հողատարածքներում գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնող քաղաքացիների ուղղությամբ, քաղաքագետն ասաց, որ այդ մարտահրավերը նետված է ոչ թե մեզ, այլ Ռուսաստանին։ 

«Ալիևն ասում է՝ Ռուսաստան, դու վաղը գալիս ես, բայց իմացիր, ես իմ քայլերն անում եմ։ Դա ապտակ էր Ռուսաստանին, որ քո խաղաղապահները կանգնած են, ես էլ թքած ունեմ, դու էլ գալիս ես Հայաստան։ Արցախում այդ կրակոցները նվիրված են Պուտինի այցելությանը Հայաստան»,- եզրափակեց քաղաքագետը։

Լիլիթ Թադևոսյան