Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Վրաստանի՝ ԵՄ անդամության թեկնածուի կարգավիճակը էականորեն կմեծացնի Եվրոպայի ներկայությունը տարածաշրջանում. Հայաստանն ավելի շուտ կստանա առանց վիզայի ռեժիմ ԵՄ-ի հետ, քան Վրաստանը կդառնա ԵՄ անդամ

Վրաստանի՝ ԵՄ անդամության թեկնածուի կարգավիճակը էականորեն կմեծացնի  Եվրոպայի ներկայությունը տարածաշրջանում. Հայաստանն ավելի շուտ կստանա առանց վիզայի ռեժիմ ԵՄ-ի հետ, քան Վրաստանը կդառնա ԵՄ անդամ
Քաղաքականություն
18:14, 13 ноябрь 2023
Օրերս Եվրահանձնաժողովն առաջարկեց ԵՄ թեկնածու երկրի կարգավիճակ տրամադրել Վրաստանին, պայմանով, որ Վրաստանում պարտավորվելու են իրականացնել հստակ աշխատանքներ: 12 կետերից բաղկացած հանձնարարականներ են տրվել, որոնց մի մասը Վրաստանն արդեն իսկ իրականացրել է, բայց դեռ շատ պայմաններ կան, որոնք Վրաստանը չի կատարել՝ մասնավորապես պետք է ամբողջովին բարեփոխեն Արդարադատության բարձրագույն խորհուրդը։

Վրաստանին թեկնածուի կարգավիճակ տալու մասին պաշտոնական որոշումը պետք է կայացնեն ԵՄ երկրների ղեկավարները դեկտեմբերի 14-15-ը Բրյուսելում կայանալիք գագաթնաժողովում։ Այս որոշումը պետք է միաձայն ընդունվի Եվրամիության բոլոր անդամների կողմից։

Վրաստանի՝ ԵՄ անդամության թեկնածուի կարգավիճակը էականորեն կմեծացնի  Եվրոպայի ներկայության աստիճանը տարածաշրջանում։

Այս մասին Civic.am-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ Ռոբերտ Ղևոնդյանը: Դա, ըստ նրա, ձեռնտու է Հայաստանին, որովհետև բերում է Հայաստանի համար կարգավիճակի որոշակի բարձրացում։ Ղևոնդյանը հիշեցրեց, որ ընդամենը օրեր առաջ Հայաստանը սկսեց ԵՄ-ի հետ առանց վիզայի ռեժիմի հետ սահմանահատումների մասին բանակցություններ։

«Տեսեք, Վրաստանն ուներ առանց վիզայի ռեժիմ, հիմա կարգավիճակը բարձրացավ, թեկնածուի կարգավիճակ կարող է ստանալ արդեն, և Հայաստանի համար նույնպես մեկ քայլ լինում է։ Սա նշանակում է, որ դեպի Եվրոպա շարժը տարածվում է նաև դեպի հարևան հատվածներ, ինչը Հայաստանի համար դրական է»,- ասաց Ղևոնդյանն ու նշեց, որ եթե ի վերջո Վրաստանը դառնա ԵՄ անդամ երկիր, ապա Հայաստանը ԵՄ-ի հետ ընդհանուր սահման կունենա, ինչը դրականորեն կանդրադառնա Հայաստանից դեպի Եվրոպա և հակառակ ուղղությամբ առևտրաշրջանառության վրա։

Ինչպե՞ս է կարգավորվելու ՀՀ քաղաքացիների մուտքը Վրաստան, ինչպես նաև բեռների անցուդարձը, եթե Վրաստանը դառնա ԵՄ անդամ երկիր։ Հարցին պատասխանելով՝ Ռոբերտ Ղևոնդյանը նշեց, որ շատ ավելի մեծ է հավանականությունը՝ համարյա 100 տոկոսին մոտ, որ Հայաստանն ավելի շուտ կստանա առանց վիզայի ռեժիմ ԵՄ-ի հետ, քան Վրաստանը կդառնա ԵՄ անդամ։ Այդ դեպքում քաղաքացիների մուտքի խնդիր չի առաջանա։ Իսկ բեռների դեպքում Վրաստանը հանդիսանում է տարանցիկ երկիր, և ԵՄ անդամ դառնալու դեպքում էլ կան կարգավորումներ, որոնց դեպքում խնդիր չի առաջանում։ Միաժամանակ Ղևոնդյանը հույս հայտնեց, որ մինչ դա, ամեն դեպքում, Հայաստանը չի հանդիսանա ԵԱՏՄ անդամ երկիր։ 

Վրաստանի՝ ԵՄ անդամի թեկնածուի կարգավիճակը նաև «գետնի վրա» է իրավիճակ փոխում, ասում է քաղաքագետն ու շեշտում՝ քաղաքական առումով Եվրոպայի հետաքրքրվածությունն է փոխվում տարածաշրջանով, Հայաստանի հնարավորություններն են փոխվում՝ ավելի մոտ լինելու Եվրոպային և ավելի մեծ հնարավորություններ ակնկալելու։ Հիշեցնելով արդեն իսկ Հայաստանի և ԵՄ անդամ մի քանի երկրի տնտեսական ու ռազմական համագործակցությունների մասին՝ Ղևոնդյանը ուշադրություն է հրավիրում նաև ԵՄ դիտորդների՝ ՀՀ սահմաններին տեղակայվելու վրա ու նշում, որ Վրաստանի՝ ԵՄ թեկնածուի կարգավիճակ ստանալը կփոխի նաև ԵՄ անդամ մյուս երկրների հետաքրքրությունները տարածաշրջանով, վերջիններս ևս կսկսեն ավելի մեծ հետաքրքրություն ունենալ տարածաշրջանում։ 

Ըստ քաղաքագետի՝ Ռուսաստանը կարձագանքի Վրաստանի նոր կարգավիճակին թե՛ պետական, թե՛ մեդիա մակարդակում։

«Այնուամենայնիվ, չեմ կարծում, թե դա լուրջ ազդեցություն է ունենալու Վրաստան-Եվրամիություն փոխհարաբերությունների վրա»,- վկայակոչելով Վրաստանի հասարակության՝ իշխանության վրա ունեցած ազդեցության բարձր մակարդակը՝ ասաց Ռոբերտ Ղևոնդյանը։ Ըստ նրա՝ չնայած վրացական իշխանության հետքայլերին, միևնույն է, հազիվ թե նրանք ամբողջությամբ հետ կանգնեն դեպի Եվրոպա իրենց նկրտումներից, քանի որ Վրաստանը մնում է բավական ժողովրդավարական պետություն, և իշխանության ձևավորման ու իրականացման վրա ժողովրդի ազդեցությունը բավարար է, որ Վրաստանը թեկուզ դանդաղ, բայց առաջ ընթանա Եվրոպայի հետ ինտեգրվելու ճանապարհով։

Վովա Հակոբյան