Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Դուք ո՞ւր, քաղաքական խոսքն ո՞ւր: Եկեք տարբերենք քաղաքական խոսքն ու շոուն, որը 0 ազդեցություն ունի»․ Ալեն Սիմոնյանը՝ Աննա Մկրտչյանին․ Տեսանյութ

«Պարտվել ենք ոչ թե մենք, այլ պարտվել եք դուք՝ որպես մեր խմբակցության անդամ, որպես հայ մարդ: Այդ ճակատամարտը բոլորս ենք պարտվել. ճիշտ է, ճիշտ ժամանակին դուրս գալը կարելի է ձևակերպել, որ ես դրա հետ կապ չունեի»,- ի պատասխան «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանի ելույթի ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը:

Նա նկատեց, որ պատգամավորի ելույթը ոչ մի առնչություն չուներ քաղաքական խոսքի հետ:

«Տիկին Մկրտչյանը անընդհատ փորձում է հրահրել բախում: Ես հասկանում եմ, որ թե՛ փորձը, թե՛ գիտելիքները չեն բավարարում, օրինակ, Տիգրան Աբրահամյանի պես, միտք ձևակերպել: Ձեր միտքն աշխատում է մի ուղղությամբ. ոնց մի հատ խայթոց մտցնել, որ էս կողմից մի հատ արձագանք լինի, դուք էլ զոհի կարգավիճակով դուրս գաք և լուսանկարներ հրապարակեք: Օյ, այո. ես ուրախ եմ, որ ձեզ դուր եկավ իմ ասածը»,- նշեց Ալեն Սիմոնյանը և հավելեց, որ դա քաղաքական գործ չէ. «Դուք ի՞նչ կապ ունեք քաղաքական խոսքի հետ, դուք ո՞ւր, քաղաքական խոսքն ո՞ւր: Եկեք տարբերենք քաղաքական խոսքն ու շոուն, որը 0 ազդեցություն ունի»:

Անդրադառնալով «Հայաստան» դաշինքի պատգամավոր Վահե Հակոբյանի ելույթին, թե այս ԱԺ-ն ավելի քիչ կյանք կունենա, քան նախորդը, ԱԺ նախագահն ասաց. «ՀՀ քաղաքացիները որոշել են, որ այս ԱԺ-ն ունի 5 տարվա կյանք, բայց, իմ կարծիքով, այստեղ Վահե Հակոբյանը հաստատ այդքան երկար չի մնա: Այնպես որ, նրա ասածը ինչ-որ չափով ճշմարիտ է»:

Հիշեցնենք, որ այսօր՝ օգոստոսի 25-ին, Ազգային ժողովում շարունակվում է  Կառավարության 2021-2026թթ. գործունեության ծրագրին հավանություն տալու հարցի քննարկումը: