Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Քաղաքական հարցեր չենք քննարկում, մեզի պետք է ՊԵԿ նախագահը, թող գա ստեղ. ինչի՞ համար է դրսում 6 ամսից պակաս մնացողը հարկվում, թող հակառակն անեն. քաղաքացիները փակել են Մարտունի-Գավառ ճանապարհը

Քաղաքական հարցեր չենք քննարկում, մեզի պետք է ՊԵԿ նախագահը, թող գա ստեղ. ինչի՞ համար է դրսում 6 ամսից պակաս մնացողը հարկվում, թող հակառակն անեն. քաղաքացիները փակել են Մարտունի-Գավառ ճանապարհը
Քաղաքականություն
12:58, 21 февраль 2024
Գեղարքունիքի մարզում բնակիչները փակել են Մարտունի-Գավառ ավտոճանապարհը։ Նրանք բողոքում են ՊԵԿ-ի օրենսդրական փոփոխություններից, որի համաձայն՝արտագնա աշխատանքի մեկնած այն քաղաքացիները, որոնք արտերկրում աշխատել են մինչև 6 ամիս և ավելի պակաս եկամտահարկ վճարել, քան Հայաստանում սահմանված եկամտահարկի դրույքաչափն է, պարտավոր են մնացած հատվածը վճարել Հայաստանում։ Բանն այն է, որ արտագնա աշխատանքի մեկնած մարդիկ այս մասին չեն իմացել։ Վերադառնալուց հետո ևս չեն տեղեկացվել, որ հարկային պարտավորություններ ունեն։ Եվ միայն ամիսներ անց ծանուցումներ են ստացել, որ հարկային պարտավորություններ ունեն։ Նաև տույժեր են առաջացել՝ ժամանակին վճարումները չկատարելու համար։

Քաղաքացիները հանդիպում են պահանջում ՊԵԿ նախագահի հետ։ Ասում են՝ իրենց պահանջները քաղաքական չեն, ուզում են պաշտպանել իրենց շահերը, ցանկանում են  հանդիպել Ռուստամ Բադասյանին։

«Շատերին պատճառ է պետք, որ մենք քաղաքականությունից մի բան խոսանք։ Մենք քաղաքական հարցեր չենք քննարկում։ Մեզի պետք է ՊԵԿ նախագահը, թող գա ստեղ։ Մեզի մարզպետն էլ, ոչ մեկն էլ եղանակ չի փոխում։ Ինչի՞ համար է դրսում 6 ամսից պակաս մնացողը հարկվում։ Թող հակառակն անեն՝ թող արտագնա աշխատանքի մեկնողները հետ գան Հայաստան, Հայաստանը շենացնեն»,- նշում են ակցիայի մասնակիցները։

Մարզպետարանի ներկայացուցիչը, որը ժամանել էր հավաքի վայր, ասաց, որ մարզպետը արձակուրդում է, տեղեկացել է ակցիայի մասին, գալիս է, ճանապարհին է։ Միաժամանակ տեղեկացրեց, որ մարզպետը խոսել է համապատասխան մարմինների հետ.հարցը քննարկման փուլում է։ 

ՊԵԿ-ից ավելի վաղ տեղեկացրել էին, որ Կոմիտեն, հաշվի առնելով ՀՀ ռեզիդենտների կողմից Հայաստանի Հանրապետության սահմաններից դուրս ստացված եկամուտների հարկման թեմայի վերաբերյալ հանրային քննարկումները, անհրաժեշտ է համարում ևս մեկ անգամ տեղեկացնել, որ Կոմիտեն գործող օրենսդրական կարգավորումների փոփոխությունների շուրջ պատրաստ է նախաձեռնել քննարկումներ։
«Դրանց արդյունքում հնարավոր է նախատեսվեն գործող կարգավորումներից առանձնահատկություններ օտարերկրյա պետություններում ՀՀ ռեզիդենտ ֆիզիկական անձանց ստացած որոշ տեսակի եկամուտների հարկման մասով: Նման քննարկումներ արդեն վարվում են քաղաքականություն մշակող մարմնի հետ»,- ասվում է ՊԵԿ պարզաբանման մեջ։
Մարզպետ Կարեն Սարգսյանը քաղաքացիներին տեղեկացրեց, որ օրենքն ընդունվել է 2016 թվականին, որը ուժի մեջ է մտել 2024 թվականից։ Նաև նշեց՝ այժմ ֆինանսների նախարարությունում և ՊԵԿ-ում քննարկումներ են գնում։ Առաջարկեց սպասել՝ մինչև քննարկումներն ավարտվեն և որոշում կայացվի։

«Այս պահի դրությամբ որևէ մեկի նկատմամբ վարչարարություն չի իրականացվելու՝ մինչև քննարկումները չավարտվեն, դուք այդ մասին չտեղեկացվեք»,- ասաց մարզպետը։