Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Սկանդալային ելույթներով հայտնի Գևորգ Պետրոսյանը հավակնում է ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի դեկանի պաշտոնին. Քանի՞սն են դեկանի հավակնորդները

Սկանդալային ելույթներով  հայտնի Գևորգ Պետրոսյանը հավակնում է ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի դեկանի պաշտոնին. Քանի՞սն են դեկանի հավակնորդները
Քաղաքականություն
11:00, 29 март 2024
ԱԺ նախկին ԲՀԿ-ական պատգամավոր Գևորգ Պետրոսյանը որպես թեկնածու առաջադրվել է ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի դեկանի թափուր պաշտոնն զբաղեցնելու համար։ Այս մասին civic.am-ը տեղեկացավ ԵՊՀ պաշտոնական կայքից։ Մյուս հավակնորդը Իրավագիտության ֆակուլտետի դեկանի տեղակալ-գրասենյակի ղեկավար Հարություն Խաչիկյանն է։ Նա ունի իրավաբանական գիտությունների դոկտոր պրոֆեսորի կոչում, իսկ Գևորգ Պետրոսյանը իրավաբանական գիտությունների թեկնածու է, դոցենտ։ 
Նախկին պատգամավորը, որը հայտնի է ԱԺ-ում ունեցած իր սկանդալային ելույթներով, նշենք, նաև Փաստաբանների պալատի անդամ է։  Խորհրդարանական գործունեությունը թողնելուց, քաղաքական տարատեսակ դեգերումներից հետո որոշել է փաստաբանի արտոնագիր ստանալ ու զբաղվել քաղաքացիների իրավունքների պաշտպանությամբ։ Փաստաբանների պալատի կայքից տեղեկացանք, որ արտոնագիրը Պետրոսյանն ստացել է 2022-ի հունիսին, մասնագիտացած է վարչական, աշխատանքային հարաբերությունների, ընտանեկան հարաբերությունների գծով։
 
Ի դեպ, Գևորգ Պետրոսյանին մեղադրանք է առաջադրվել, գործը դատարանում է։ Ըստ մեղադրական եզրակացության՝  նա 2023թ. մարտի 11-ին Աբովյան-Երևան Մ4 ճանապարհահատվածում ընթանալիս, պարբերաբար փոխելով երթևեկության գոտիները, անկանոն կերպով վարել է իրեն պատկանող «Մերսեդես-Բենց» մակնիշի ավտոմեքենան, ինչի ընթացքում ճանապարհի այդ հատվածում պարեկային ծառայություն իրականացնող պարեկներն իրենց ամրակցված ծառայողական ավտոմեքենայով ընթացել են նրա ուղղությամբ և պահանջել են կանգնեցնել ավտոմեքենան, սակայն նա, չենթարկվելով ոստիկանության աշխատողների օրինական պահանջներին, շարունակել է երթևեկել: Հետապնդելով վերջինիս՝ ոստիկանության աշխատակիցները Երևանի Ծարավ Աղբյուրի փողոցի վրա իրենց ծառայողական մեքենայով խոչընդոտելով Գևորգ Պետրոսյանի ավտոմեքենայի ընթացքը՝ ի վերջո կանգնեցրել են նրան և, մոտենալով վերջինիս, պահանջել են ներկայացնել ավտոմեքենային վերաբերելի փաստաթղթերը, սակայն նա չենթարկվելով իրեն ուղղված օրինական պահանջներին՝ ավտոմեքենան վարել է նախ դրա դիմաց կանգնած ոստիկանության աշխատակիցների ուղղությամբ, ապա նրանցից մեկի վերաբերյալ հնչեցրել. «Հեսա կխփեմ ուշքդ կեթա» բառերը՝ սպառնալով վերոգրյալ պաշտոնատար անձանց նկատմամբ գործադրել նրանց առողջությանը վնաս պատճառելու նպատակ հետապնդող բռնություն, ինչից հետո, անտեսելով ավտոմեքենայից դուրս գալու իրեն ուղղված պահանջները, վարել է ավտոմեքենան ու հեռացել նշված վայրից: 

Նշենք, որ հիշյալ ֆակուլտետի նախկին երկարամյա դեկան Գագիկ Ղազինյանը չի առաջադրվել այս անգամ։ Մամուլում շահագրգիռ որոշ սուբյեկտներ լուրեր էին շրջանառում, թե իբր նրա առաջադրմանն իշխանություններն են խոչընդոտել։ 

ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի դեկանի ընտրության օրակարգով հրավիրված գիտական խորհրդի արտահերթ նիստը կկայանա 2024 թ. ապրիլի 3-ին՝ ժամը 13:30-ին: