Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Իրական և պատմական Հայաստանի դիսկուրսը պետք է սկսվեր դեռևս ՀՀ անկախացումից անմիջապես հետո. Թեպետ ուշացումով, բայց Փաշինյանը գիտակցեց

Իրական և պատմական Հայաստանի դիսկուրսը պետք է սկսվեր դեռևս ՀՀ անկախացումից անմիջապես հետո. Թեպետ ուշացումով, բայց Փաշինյանը գիտակցեց
Քաղաքականություն
17:00, 13 апрель 2024
Հինգշաբթի ԱԺ-ում ՀՀ վարչապետը ծավալուն ելույթ ունեցավ, որի ժամանակ խոսելով իրական և պատմական Հայաստանի մասին, ասաց, որ պետք է կենտրոնանալ իրական Հայաստանի խնդիրները լուծելու վրա. «սա է մեր առաջնորդությամբ կայացրած որոշումը»։

Թեմայի վերաբերյալ Civic.am-ը զրուցել է իրավագետ Արտաշես Խալաթյանի հետ։

«Իրական և պատմական Հայաստանի դիսկուրսը պետք է սկսվեր դեռևս Հայաստանի անկախացումից անմիջապես հետո, երբ ըստ էության, Հայաստանը պարտավոր էր ի սկզբանե ճշգրտեր հարաբերությունները իր բոլոր հարևանների հետ և իրավամբ ձևավորեր փոխադարձ շահերի վրա հիմնված հարաբերությունների համակարգ տարածաշրջանում, ինչը երկարաժամկետ կտրվածքով կապահովեր Հայաստանի ինքնիշխանությունը և անվտանգությունը։ Իսկ դրա համար անհրաժեշտ էր, որպեսզի Հայաստանը որոշակիացնի իր քաղաքական սուբյեկտությունը և կենտրոնանա այն քաղաքական տարածքում, որտեղ իր փաստացի քաղաքական գոյությունը ավելի քան մեկ դար ապահովում է հայ ժողովուրդը։ Սկզբից առաջին հանրապետության կազմում, հետո երկրորդ հանրապետության կազմում, անկախ նրանից, թե պատմական արդարության վերաբերյալ յուրաքանչյուր հայ ինչպիսի զգացական վերաբերմունք ունի, ռեալ պոլիտիկը հուշում է, որ անկախության հռչակումից ի վեր Հայաստանը պարտավոր էր նորագույն պատմության իրողությունները հաշվի առնելով, այս ամբողջ հարաբերությունների փաթեթը ճշգրտել», -ասաց իրավագետը։

Այնուհետև շարունակելով հիշեցրեց, թե ինչ արեց Վրաստանը նախկին նախագահ Էդուարդ Շեվարդնաձեի օրոք, երբ 1993 թվականին ճանաչեց Կարսի պայմանագիրը և ըստ էության, որևէ տարածքային հավակնություն չունի Թուրքիայի հանդեպ, որը Կարսի պայմանագրով որոշակի վրացական տարածքների է տիրացել։

Նա նշեց, որ դրա փոխարեն Հայաստանը փաստացի առաջնորդվեց պատմական Հայաստանի կոնցեպտով, ընկղմվեց արցախյան պայքարի հորձանուտ և փաստորեն արցախյան գոյամարտը ոչ թե մոտեցրեց Հայաստանին դեպի փաստացի ինքնիշխանություն, այլ հեռացրեց դրանից և պետք է նշել, որ այս իրավիճակը խորացավ և ինստիտուցիոնալ տեսք ստացավ 1998 թվականի հեղաշրջումից հետո, երբ արդեն պատմական Հայաստանը, որպես ընթացիկ արտաքին քաղաքականության հիմնասյուն հռչակվեց, դա դաշնակցական գաղափարախոսությունն է՝ ի դեմս արդեն Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման և պահանջատիրության, որը Ռոբերտ Քոչարյանից սկսած դրվեց Հայաստանի արտաքին քաղաքականության հիմքում և ըստ էության մինչև 2018 թվականն էլ այս կամ այն չափով Հայաստանի արտաքին քաղաքականությունը ներշնչված էր դաշնակցական գաղափարախոսությամբ։

«Եվ ըստ էության, Նիկոլ Փաշինյանը թեպետ ուշացումով, բայց գիտակցում է այդ քաղաքականության անհեռատեսությունը և կործանարարությունը և ցանկանում է այդ իմաստով բաժանարար գիծ քաշել անցյալի և ներկայի միջև և այս կոնցեպտից հրաժարումը ներքաղաքական տիրույթում ուղղված է դրա հիմնական գաղափարախոսներին՝ դաշնակցությանը և այդ գաղափարախոսությունը կիսած, մնացած նախկին քաղաքական ռեժիմը ներկայացրած քաղաքկան ուժերին՝ և՛ ՀՀԿ-ին, և՛ ԲՀԿ-ին։ Այսինքն՝ բոլոր այն քաղաքական ուժերին և գործիչներին, որոնք ուղղակի կամ անուղղակի, ավել կամ պակաս չափով մեղսակից են Հայաստանի ավելի քան 30-ամյա անպտուղ, վնասակար և Հայաստանի պետականության աստիճանական թուլացմանը հասցրած քաղաքականության համար։

Նա նաև նշեց, որ արտաքին քաղաքական տիրույթում Նիկոլ Փաշինյանի այս քաղաքական ծրագրային ելույթն ուղղված էր այն սուբյեկտներին, որոնց վարքագիծն այսօր էական կամ որոշիչ նշանակություն ունի Հայաստանի շուրջ անվտանգային միջավայրի ձևավորման համար, դա Թուրքիան է, Ադրբեջանն է, Ռուսաստանն է, Արևմուտքն է, լայն իմաստով Իրանն է։      

Լիլիթ Թադևոսյան