Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Սուրեն Պետրոսյան, յո՞ երթաս. ինչու՞ է դիվոտել Գագիկ Բեգլարյանի աճեցրած կադրը

Սուրեն Պետրոսյան, յո՞ երթաս. ինչու՞ է դիվոտել Գագիկ Բեգլարյանի աճեցրած կադրը
Քաղաքականություն
21:30, 17 апрель 2024
«Մենք կմնանք Բերձորում և Աղավնոյում մինչև վերջ։ Կազմակերպվելու է ինքնապաշտպանություն։ Ես այստեղ եմ ընտանիքիս՝ կնոջս և երկու երեխաներիս հետ»։ Ահա այսպես պաթետիկ, սոցիալական հարթակներով, հնարավոր բոլոր լրատվականներով իրեն Նժդեհ երևակայած քաղաքագետ, «Ժողովրդավարական համախմբում» կուսակցության նախագահ Սուրեն Պետրոսյանը հարայ-հրոցով 2022 թվականի օգոստոսին հասավ Աղավնո։ 

Հավանաբար բոլորն են իմացել Պետրոսյանի՝ Աղավնո գնալու մասին, այ թե այդ ի՞նչ ինքնապաշտպանություն կազմակերպեց, քանի՞ օր ավելի կարողացավ Աղավնոն ու Բերձորը հայկական պահել ու ինչպե՞ս ու ե՞րբ վերադարձավ Երևան՝ ոչ ոք չիմացավ։ Շոուների սիրահար Սուրեն Պետրոսյանն, ի դեպ, Երևանի նախկին քաղաքապետ, տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանի սիրելիներից էր։ Վերջինիս պաշտոնավարման տարիներին Պետրոսյանը այդ նախարարությունում զբաղեցնում էր Կապի և տեղեկատվայնացման վարչության պետի պաշտոնը, նաև ՀՀԿ-ի երիտթևի Կենտրոնի մասնաճյուղի ղեկավար կազմում է եղել։
Բեգլարյանն էլ, ինչպես գիտեք, հետապնդվում է մի շարք կոռուպցիոն հանցագործությունների համար՝ տասնյակ շենք-շինություններ յուրացնելու, «Հյուսիս-հարավի» կառուցման աշխատանքներում յուրացումներ կատարելու համար, հակակոռուպցիոն դատարանում էլ քննվում է Բեգլարյանի գույքը բռնագանձելու քաղաքացիական գործը։ 

Նախկին երիտհանրապետական Պետրոսյանը Աղավնոյի ու Բերձորի ֆոնին հաջող փիառվելուց հետո սուրը չդրեց պատյանը. այժմ էլ մեկնել է Ոսկեպարում բնակվելու։ Այս անգամ՝ առանց ընտանիքի։ Եվ ահա նորահայտ ոսկեպարցին այսօր դժգոհում է, թե իրեն չեն թույլատրել մասնակցել վարչապետի ու ոսկեպարցիների հանդիպմանը։ Ավելին՝ Պետրոսյանը իրեն ներկայացնում է որպես ոսկեպարցիների ներկայացուցիչ։ Նրա խոսքով՝ վարչապետի թիկնազորը թույլ չի տվել իրեն մասնակցել հանդիպմանը՝ հստակ ցուցում ունենալով հենց և հենց իրեն չթույլատրել մտնել դահլիճ՝ ակնարկելով, որ Փաշինյանը իր մեջ վտանգ է տեսնում։ Չկա քիզի նման... Միայն նախկին հանրապետականը կարող էր Փաշինյանին այնպիսի հարց տալ, որին վարչապետը չէր կարող պատասխանել ու խուսափել է մերօրյա Նժդեհի հետ հանդիպումից։  

Հիմա տեսնենք, թե այս անգամ ե՞րբ է վերջանալու փրկչի «մինչև վերջը»։
Ի դեպ, այս արտահայտությունը դեժավյու է առաջացնում։ «Չենք նահանջելու, պայքարելու ենք մինչև վերջ, Նիկոլը երկրում այլևս իշխանություն չունի»։ Ծանոթ «մինչև վերջ» է, չէ՞։ 
 
Հ.Գ. Նյութի նկարը ֆոտոշոփ է
Վովա Հակոբյան