Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Տավուշում սահմանազատումը Ավարայրի ճակատամարտն է, Բագրատ Գալստանյանն էլ՝ հայ ժողովրդին նահատակության տարած Ղևոնդ երե՞ցը. Թեհրանի թեմի առաջնորդին բողոքի նոտա պետք է հղել

Տավուշում սահմանազատումը Ավարայրի ճակատամարտն է, Բագրատ Գալստանյանն էլ՝ հայ ժողովրդին նահատակության տարած Ղևոնդ երե՞ցը. Թեհրանի թեմի առաջնորդին բողոքի նոտա պետք է հղել
Քաղաքականություն
17:33, 29 апрель 2024
«Թեհրանի հայոց թեմի առաջնորդ Տ. Սեպուհ արք. Սարգսյանը զօրակցական նամակ-ուղերձ է յղել Տաւուշի թեմի առաջնորդ Տ. Բագրատ արք. Գալստանեանին»,- ավետում է դաշնակցական մամուլի օրգաններից մեկը: Ծանոթանալով սույն «զորակցական» տեքստի  որոշ ձևակերպումների՝ ցանկացած բանական հայ մարդու մեջ բնական հարց կծագի՝ արդյոք ուղերձ-նամակի հեղինակը այն գրել է սթա՞փ վիճակում, թե՞ ինչ-որ  չարանենգ սուբյեկտ,  օգտագործելով արքեպիսկոպոսի  ֆիզիկական տկար վիճակը, նրա անունից, ՀՀ-Իրան շահերին վնասելու դիտավորությամբ  տարածել է սույն խայտառակությունը։ Ինչու խայտառակություն, քանի որ «ուղերձ»  կոչվող սույն շարադրանքում, առանց հոգևոր առաջնորդներին հատուկ հեռատեսության ու զսպվածության, առանց հիշելու ու հարգելու դիվանագիտական նրբությունները, հեղինակը զուգահեռներ է անցկացրել 451 թվականին տեղի ունեցած Ավարայրի ճակատամարտի և այսօր Տավուշում սահմանազատման դեմ տեղի  ունեցող բողոքի գործողությունների միջև,  Տավուշի թեմի առաջնորդին էլ  նույնացրել պարսկական բանակի դեմ  հայ ժողովրդի նահատակության «հոգևոր  առաջնորդ»   Ղևոնդ երեցին՝ «Ավարայրի արծիվ»-ին։   

«Վերջին օրերուն հետևում ենք Տաւուշի մէջ տեղի ունեցած և ունենալիք դէպքերին: Այս րոպէին երանի եմ տալիս Ձեր կողքին եղող Միքայէլ Սրբազանին, Յովնան Սրբազանին, Արշակ Սրբազանին և բոլոր նրանց, որոնք այս րոպէին Ձեր կողքին և Տաւուշի մեր ժողովրդի կողքին են:  Դուք Ղևոնդ Երէցիան ոգիով նոր Աւարայր էք մղում հայրենիքին և հաւատքին պահպանման համար: Որքան կը փափագէի, որ այս րոպէներին Ձեզի հետ ըլլալ, բայց ուզում եմ վստահեցնել, որ Թեհրանի մեր ժողովրդի մեծագոյն մասն իր մանուկներով, երիտասարդներով և տարեցներով Ձեր կողքին կանգնած է և աղօթում է Ձեր յաջողութեան համար, որովհետև Ձեր յաջողութիւնը մեր յաջողութիւնն է: ...Բոլորս միասին պիտի պայքարենք, սիրելիներ, մեր ժողովուրդի իրաւունքների պահպանման համար՝ Տաւուշում և այլուր, որովհետև այս հողերը մեր ժողովուրդը մեզի կտակած է իր արեան յեղումով, և չենք կրնար մենք թափւած արիւնը իսպառ մոռանալ: Վստահ ենք, որ այն պիտի վերընձիւղւի մեր հայրենիքի հողին ամէն մէկ շերտին վրայ և ծնունդ պիտի տայ նոր Ղևոնդ Երէցներու, ծնունդ պիտի տայ նոր մարտիկներու և նոր հերոսներու»,- մասնավորապես ասված է Բագրատ արքեպիսկոպոսի «թեհրանյան աղոթակցի» նամակում:   

Փաստորեն, Թեհրանի թեմի առաջնորդը Պարսկաստանից՝ ԻԻՀ-ից, գոտեպնդիչ ուղերձ է հղում   հարևան ՀՀ-ում բողոքի ակցիաներ իրականացնող հոգևոր դասի ներկայացուցչին՝ պատմական էքսկուրս իրականացնելով դեպի այն ժամանակներ, երբ հայ ժողովուրդը անհավասար ճակատամարտ էր մղում այն երկրի դեմ, որի մայրաքաղաքում այսօր գտնվում է ուղերձ հղած Թեմի առաջնորդարանը։ «Փառահեղ» դիվանագիտական քայլ է, ինչ խոսք։ 

Պետք է շնորհակալություն հայտնենք Սեպուհ արքեպիսկոպոսին, որ պատմական զուգահեռներ անցկացնելիս բավարարվել է ընդամենը վերոհիշյալ համեմատականով և զոռ չի տվել գեղարվեստական երևակայությանն ու հոխորտացել՝ պետականությունից զրկված,  պարսակական ընտիր հեծելազորի, փղերի տակ 5-րդ դարում կոխկրտված ու բարոյական հաղթանակ տարած հայ ժողովուրդը այսօր՝ 21-րդ դարում, առավել ևս  չպետք է վախենա իր հարևանների տանկերից ու ԱԹՍ-ներից, հրաժարվի սահմանազատման գործընթացից, պետականության պահպանմանն ուղղված մնացած բոլոր գործողություններից ու գնալով գիտակցված նահատակության՝ կերտի իր հերթական բարոյական հաղթանակը։ Եվ ուրեմն, «մահ ոչ իմացեալ՝ մահ է, մահ իմացեալ՝ անմահություն»։ 

Թեհրանում բնակվող վերլուծաբան Սահակ Շահմուրադյանը, civic.am-ի խնդրանքով անդրադառնալով  Թեհրանի թեմի առաջնորդի այս ուղերձին, մասնավորապես այն դիտարկմանը, թե՝ «ուզում եմ վստահեցնել, որ Թեհրանի մեր ժողովրդի մեծագույն մասն իր մանուկներով, երիտասարդներով և տարեցներով Ձեր կողքին կանգնած է և աղոթում է Ձեր հաջողության համար», նշեց՝ լավ կլիներ, որ Թեհրանի թեմի առաջնորդը չխոսեր բոլորի անունից, այլ  բարբառեր միայն իր ու ՀՅԴ-ի անունից։  Մեր դիտարկմանը՝ արդյոք  16 դար առաջ տեղի ունեցած ճակատամարտին հղում անելով  Տավուշի թեմի առաջնորդին ոգևորելը  կարո՞ղ է դիվանագիտական անախորժության առիթ դառնալ՝ հաշվի առնելով ՀՀ-ԻԻՀ  հարաբերությունների զգայուն կողմերը, վերլուծաբանն արձագանքեց. «Հայաստանի իշխանությունները պետք է բողոքի նոտա ուղարկեն Թեհրանի առաջնորդին ու Իրանի ԱԳՆ-ին   զգուշացնեն,  որ սիրիահպատակ առաջնորդը իրավունք չունի Իրանի մայրաքաղաք Թեհրանից նման դավադիր և միջամտողական հայտարարություններ անելու մի այլ երկրի իշխանությունների հասցեին։ Սա ուղղակի միջամտություն է Հայաստանի ներքին հարցերին։ Գոնե Սփյուռքի հանձնակատարի գրասենյակից պետք է արձագանքեն Սեպուհ Սրբազանի և դաշնակների հակապետական քայլերին։   Ի դեպ, Դաշնակցությունը Իրանում պաշտոնապես գրանցված կուսակցություն չէ։ Սրան էլ անդրադարձեք անպայման»։ Շահմուրադյանը հավելեց նաև, որ Թեհրանի թեմի առաջնորդը ժամանակ առ ժամանակ հանդիպում է ՀՀ-ից եկած  քաղաքական ընդդիմադիր լիդերի հետ՝ այսպիսով ցուցանելով իր համակրանքն ու աջակցությունը ՀՀ իշխանությունների դեմ գործող շրջանակներին։  «Սեպուհ սրբազանը քաղաքական  գործիչ չէ,  այլ՝  հոգևորական»,- նկատեց մեր զրուցակիցը՝ հավելելով՝ վերջինիս առաքելությունը պետք է լինի համայնքի միասնականության ու ներքին համերաշխության հարցերը հոգալը, այլ ոչ՝ քաղաքական գործունեությունը,  ՀՀ ժողորդի կողմից ընտրված իշխանության դեմ արշավը՝ նկատելով, որ նման գործունեությունը  պետք է արժանանա նաև  ԻԻՀ-ում ՀՀ դեսպանության ուշադրությանը։ 

Հընթացս հիշեցնենք, որ  2018-ի հոկտեմբերին Թեհրանի թեմի առաջնորդն ընդունել էր պաշտոնական այցով ԻԻՀ-ում գտնվող ԱԱԾ  պատվիրակությանը՝ այն ժամանակ տնօրեն Արթուր Վանեցյանի գլխավորությամբ։  Թեմի առաջնորդը հույս էր հայտնել, որ  «Իրան-Հայաստան յարաբերութիւնների զարգացումն աւելի կը նպաստի տարածաշրջանի խաղաղութեանը»:  2023 թ. սեպտեմբերին էլ Սեպուհ արքեպիսկոպոսը, ուղեկցությամբ Սերժ Սարգսյանի եղբայր Լևոն Սարգսյանի ընկեր Գաբրիել Ջեմբերջյանի,  եկել էր ՀՀ, հյուրընկալվել  ԱԱԾ պահեստազորի սպաների միության անդամներին։    

Հիշեցնենք, որ մեկ տարի առաջ հունիսին էլ Սեպուհ արքեպիսկոպոսը  Թեհրանի «Հայոց ակումբ»-ում ՀՅԴ-ի  կազմակերպած միջոցառման ընթացքում մի շարք քաղաքական հայտարարություններ էր արել՝ անվանարկելով ՀՀ իշխանությանը։ «Կղերականը, հյուրընկալելով ՀՀ ԱԺ երկու վատահամբավ պատգամավորներ դաշնակցական Գեղամ Մանուկյանին ու ՀՀԿ-ական Աննա Մկրտչյանին, հոգու վեհության և ազգային միասնության քարոզի փոխարեն, միացել է հայրենիքը կործանման եզրին հասցրած քոչարյանա-դաշնակցական ճակատի քաղաքական ստոր պայքարին»,- այդ հանդիպմանն անդրադարձել էր տելեգրամյան «Արաքս-նյուզ» ալիքն ու հավելել. «ՀՅԴ-ի կողմից Թեհրանում կազմակերպված հակահայաստանյան միջոցառման ընթացքում Սեպուհ արք.-ը նոր գյուտարարի դեր է ստանձնել ու, «պատմական ճշմարտություններ հայտնաբերելով», մեծ ուրախություն պատճառել իր հյուրերին, ասելով. «Հայ ժողովրդի պատմության մեջ երկու մեծ դավաճան կա, առաջինը Մերուժան Արծրունին է, երկրորդը՝ Նիկոլ Փաշինյանը»: Ինչո՞ւ զարմանալ անթիլիասական նման եկեղեցականների հերթական հայրենադավ հայտարարություններից: Երբ եկեղեցուն, հայրենիքին ու ազգին ծառայելու փոխարեն՝ ծառայում է մի կուսակցության արկածախնդրական ծրագրերին, կարող է հասնել ոչ միայն Մոսկվա, այլև Անկարա և Բաքու և այլ հեռավոր մայրաքաղաքներ։ 65 տարի առաջ Լիբանանի քաղաքացիական պատերազմի տարիներին դաշնակները Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին պառակտեցին և Մայր աթոռից գրավեցին Իրանի և Հունաստանի թեմերը, պառակտեցին Հայ եկեղեցու միասնությունը և եկեղեցու հսկայական հարստությունը ծառայեցրին ու մինչ օրս ծառայեցնում են իրենց և գոյատևում են այդ հսկայական գումարով՝ շարունակելով իրենց մութ ծրագրերը»: 

Նկատենք, որ այս տարի ևս Թեհրանում ապրիլի 24-ին Ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված արարողությունները անմասն չեն մնացել ՀՀ իշխանությունների դեմ «թույնի» հերթական դոզան ներարկելուց։ Միջոցառումներից մեկին  կրկին անդրադարձել է «Արաքս-նյուզը» և «Թեհրանահայության բարձրաձայն բողոքն ու Անթիլիասի խուլ ականջները» վերնագրի ներքո մասնավորապես գրել (https://www.facebook.com/permalink.php?story_fbid=285494097951788&id=100094735985652)՝  ապրիլի 26-ին, Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցին նվիրված ձեռնարկների շարքում, Թեհրանի Հայ մարզամշակութային «Րաֆֆի» համալիրում միջոցառում է տեղի ունեցել,   և «Միության պատասխանատուները հարգելով ձեռնարկին ներկա հոգևորականների հանգամանքը, բեմ հրավիրեցին հյուրաբար Թեհրանում գտնվող Առաքել աբեղա Գատեհճյանին՝ Տերունական աղոթք ասելու և հայրական խոսք ուղղելու ներկաներին: Սակայն վերջինս ճիշտ չգնահատելով իր տեղն ու դիրքը՝ մի-երկու բառ Մեծ Եղեռնի մասին խոսելուց անմիջապես հետո փորձեց չարաշահել ընձեռված առիթն ու, հինգերորդ շարասյան դեր ստանձնելով, սկսեց քարկոծել ՀՀ օրինական իշխանություններին, ինչն արժանացավ միութենականների և ներկաների կտրուկ ընդդիմության և հստակ հայտարարության առ այն, որ ՀՄՄ «Րաֆֆի» համալիրը չի կիսում նման տեսակետներ և թույլ չի տա իր հարկի տակ, այն էլ ազգային համերաշխության օրվան՝ Ապրիլ 24-ին, նվիրված ձեռնարկում, անհարգել Հայաստանն ու հայկական պետականությունը»:

Լրատվականն այնուհետ  հավելում է. «Իհարկե  «Րաֆֆի» համալիրում տեղի ունեցածը միակ դեպքը չէ, որ հոգևորականը ուրանում է իր հավատը և համերաշխություն քարոզելու փոխարեն հատվածական և ոչ հայանպաստ դիրքորոշումներ դրսևորում և, բնականաբար, արժանանում թեհրանահայության բողոքին: Ցավոք, Անթիլիասից ներմուծվող հոգևորականները, նամանավանդ վերջին տարիներին, Աստծուն ու ժողովրդին ծառայելու փոխարեն ՀՅԴ կուսակցության և օտար ուժերի գործակատարի դեր են ստանձնել և ամեն ինչ անում են հայ ժողովրդի միասնականությունը խաթարելու և ջլատելու համար, փաստը Իրանի խորհրդարանի և ԹՀ թեմի Պատգամավորական ժողովի ընտրություններում կատարած նրանց (հատկապես Տեր Վաղինակ ծ. վրդ. Մելոյանի և այլոց) կողմնակալ և հատվածական դերակատարությունը: Ճիշտ այդ պատճառով էլ Թեհրանի Ս. Սարգիս եկեղեցու շրջափակում կազմակերպված Ապրիլ 24-ի ժողովրդական հավաքն այս տարի ամենասակավաթիվն էր նախորդ տարիների համեմատությամբ»:

 Նկատենք, որ այս տարի ՀՅԴ-ի կազմակերպած միջոցառումներին մասնակցելու համար հրավիրյալների թվում է եղել «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանը։ Ըստ մեր աղբյուրների՝ նա բանախոսություններից մեկի ժամանակ անմասն չի մնացել ՀՀ իշխանությունների հասցեին «քաղցր» խոսքեր շռայլելու «ծեսին»։ 
Հեղինե Մանուկյան