Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Քոչարյանների ընտանիքը թող ԱԺ-ն չխառնի «Պապլավոկի» հետ. Հովհաննիսյանը՝ լրագրողին հարվածելու միջադեպի մասին

ԱԺ շենքի գլխավոր հատվածում civic.am-ի լրագրողը հարցազրույց վերցնելիս է եղել մեր խմբակցության պատգամավորից՝ իր լրագրողական գործունեությունն իրականացնելիս իրեն է մոտեցել Լևոն Քոչարյանի՝ ըստ էության թիկնապահը, բայց որը գրանցված է, որքանով տեղյակ եմ, օգնականի հաստիքի վրա, և լրագրողի գործունեության վերաբերյալ մեկնաբանություն է արել, սեռական բնույթի հայհոյանքներ է հնչեցրել լրագրողի հասցեին, հետո հարվածել նրա դեմքին: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը՝ անդրադառնալով այսօր Ազգային ժողովում տեղի ունեցած միջադեպին:

«Լևոն Քոչարյանը հանկարծ թող չխառնի Ազգային ժողովը «Պապլավոկի» հետ, թող իրենց հաշիվ տան, ու էլի փախնել գնալ  կիլոմետրերով հեռու, անբարոյական հայտարարություններ անել և փախած ման գալը որևէ կապ չունի քաղաքական գործունեության, էլ չեմ ասում՝ տղամարդկության հետ առհասարակ»,- ասաց Արթուր Հովհաննիսյանը և հավելեց, որ ուժեղ տղերքը փախած ման չեն գալիս: 

ՔՊ խմբակցության քարտուղարը կրկնեց. «Քոչարյանների ընտանիքը հանկարծ թող չխառնի Ազգային ժողովը «Պապլավոկի» հետ, թե չէ մեր վերաբերմունքը շատ խիստ է լինելու՝ և իրավական, և քաղաքական մակարդակով, եթե փորձեն շարունակել այս պահվածքը»:
Արթուր Հովհաննիսյանն ընդգծեց, որ այս միջադեպը իրավական գնահատականի է արժանանալու:

Ինչ վերաբերում է լրագրողի մասնագիտական գործունեությանը, Արթուր Հովհաննիսյանն ընդգծեց. «Լրագրողը ազատ գործունեություն է իրականացնում, ՀՀ քաղաքացի է, որտեղ կա խոսքի ազատություն, սա ժողովրդավար հանրապետություն է և Ռոբերտ Քոչարյանի ժամանակների հանրապետությունը չէ. հանկարծ թող չխառնեն այստեղ ոչ մեկը ոչ մի բան: Եվ եթե որևէ մեկը մտածում է, որ կարող է մարդու ազատ խոսքը փորձել կանգնեցնել բռունցքներով, ապա դրա պատասխանը տասն անգամ ավելի խիստ է լինելու»:
 
Հիշեցնենք, որ այսօր ԱԺ բակում ծեծի են ենթարկել civic.am-ի լրագրող  Դավիթ  Լևոնյանին:  Ծեծի ենթարկողը  Արթուր Սուքոյանն  է, ով մշտապես ուղեկցում է Լևոն Քոչարյանին, բայց հանդես է գալիս որպես վերջինիս «օգնական»։