Մայիսի 3-ը մամուլի ազատության միջազգային օրն է, որը նշվում է 1994-ից ի վեր։ Նախաձեռնությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր համաժողովինն է, իսկ ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեան այն տոն է հռչակել 1993-ի դեկտեմբերի 20-ին: Մամուլի ազատության միջազգային օրվանից մի քանի օր առաջ ԱԺ պատգամավոր Լևոն Քոչարյանի օգնական-ախռաննիկի կողմից ԱԺ բակում բռնության ենթարկվեց civic.am-ի լրագրող Դավիթ Լևոնյանը, քանի որ վերջինս «համարձակվել» էր իր յութուբյան ալիքում Տավուշի թեմի առաջնորդ, այս օրերին տեղի ունեցող տավուշյան ակցիաներն առաջնորդող Բագրատ արք. Գալստանյանի վերաբերյալ կարծիք հայտնել, ներկայացնել իր գնահատողական դատողությունները տեղի ունեցողի վերաբերյալ։ Բռունցքներին ազատություն տված Արթուր Սուքոյանի այս արարքին արձագանքեցին լրագրողական մի շարք կազմակերպություններ և խստորեն դատապարտեցին՝ նախկին նախագահի որդուն
կոչ անելով հայցել Դավիթ Լևոնյանի ներողամտությունն ու գնահատական տալ իր օգնականի արարքին։ Այդ կազմակերպություններից մեկի՝ «Խոսքի ազատության պաշտպանության կոմիտե»-ի նախագահ Աշոտ Մելիքյանն էլ մեզ հետ զրույցում նշել էր՝ ոչ միայն Լևոն Քոչարյանը պետք է հանրային գնահատական տա իր օգնականի գործողությանը, այլև չէր խանգարի, որ դիրքորոշում հայտներ նաև «Հայաստան» խմբակցությունը։ Դեպքից օրեր են անցել, լրագրողի նկատմամբ բռնություն կիրառած Ա. Սուքոյանին մեղադրանք է առաջադրվել, վերջինս կալանավորվել է, սակայն մինչև այս պահը ո՛չ Լևոն Քոչարյանը, ոչ էլ «Հայաստան» խմբակցությունը հրապարակավ գնահատական չեն տվել տեղի ունեցածին, փաստորեն չեն դատապարտել բռնությունը լրագրողի նկատմամբ։ Նկատենք, որ խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը «Ֆակտոր»-ին տված հարցազրույցում, ի պատասխան միջադեպի վերաբերյալ լրագրողի հարցի, իր անունից դատապարտել է բռնությունը, ապա շարունակել. «Դա անընդունելի և դատապարտելի երևույթ է։ Հարցն այլ տեղ է. յուրաքանչյուր միջադեպ կարելի է տարբեր կերպ ներկայացնել՝ բռնությունից սկսած մինչև ահաբեկում։ Թե ինչպիսին է եղել միջադեպը, իրավապահ մարմինները հիմա քննում են»։ Արծվիկ Մինասյանը նշել է նաև, որ այս հարցով Լևոն Քոչարյանի հետ քննարկում չի ունեցել, և կոչ արել է նրան հարցնել՝ արդյոք նա ներողություն հայցելո՞ւ է բռնության ենթարկված լրագրողից։
Թե ինչ դիրքորոշում ունի բռնության կոնկրետ այս դեպքի վերաբերյալ Լևոն Քոչարյանը, կարելի է եզրակացնել՝ այցելելով նրա ֆեյսբուքյան էջը։ Նա, կարելի է ենթադրել, չի պատրաստվում ներողություն խնդրել լրագրողից, քանի որ նման մտադրություն ունենալու դեպքում գոնե երկու բառով վերաբերմունք կարտահայտեր, մինչդեռ իր անձնական սոցտիրույթում տիրաժավորել է բռնության հեղինակի «ինքնախոստովանական ցուցմունքի» տեսագրությունը, որում վերջինս բացատրում է իր արարքի դրդապատճառը։ Նկատենք, որ Քոչարյանը այս տեսագրությունը հրապարակել էր նաև Ֆեյսբուքի իր էջի «պատմություն» բաժնում և կից գրել, թե Արթուրը բացատրում է իր արարքի նպատակը։ Իսկ նախկին դատավորի որդի Արթուրը մոնտաժած այս տեսագրության մեջ իր բռնարարքը հիմնավորել էր՝ այն ներկայացնելով որպես եկեղեցու պատիվը պաշտպանելուն միտված ակտ։ Ահա այս՝ իռացիոնալ փաթեթավորմամբ արդարացնելով բռնությունն ու հաշվեհարդարը իրենց քիմքին անհաճո կարծիք ու դիրքորոշում ունեցողների հանդեպ՝ Քոչարյանն ու նրա գործընկեր մյուս պատգամավորները ակամա խրախուսում են բռնությունը բոլոր այն քաղաքացիների հանդեպ, ովքեր կհամարձակվեն «թարս» բան ասել իրենց քաղաքական պայքարը կիսող, իշխանափոխություն պահանջող հոգևորականների հասցեին։ Ի դեպ, հայ եկեղեցու սպասավորների պահվածքի ու դիրքորոշման նկատմամբ ՀՀ քաղաքացիները մշտապես են հայտնել իրենց վերապահումներն ու դիրքորոշումները, մեղադրել նրանց նախկին իշխանությանը սերտաճած լինելու, աշխարհիկ բարքերով ապրելու մեջ, սակայն չենք հիշում, որ նախկին իշխանության օրոք որևէ Սուքոյան կամ Արթուր փողոցում կամ այլ հանրային վայրում հաշիվ պահանջեր իր վերաբերմունքն արտահայտած որևէ քաղաքացուց՝ ազատություն տալով ձեռքերին կամ մարմնի այլ օրգաններին։ Հընթացս լուսավորենք Քոչարյանին և նրա գործող ու պոտենցիալ օգնականներին, որ արքեպիսկոպոսը, կաթողիկոսը կամ որևէ քահանա դեռ եկեղեցին չէ, եկեղեցին ժողովորդն է համայն, իսկ կաթողիկոսն ու եկեղեցու որևէ ներկայացուցիչ ընդամենը «Աստծու տան» սպասավորներ են, որոնք կոչված են ծառայել իրենց հոտին՝ քրիստոնեական արժեքների սերմանման կոնկրետ առաքելությամբ։ Հետևապես հավատացյալ հոտի ցանկացած ներկայացուցիչ իրավունք ունի քննադատելու, անհամաձայնություն հայտնելու իր հոգևոր հովվի վարքի ու գործողությունների վերաբերյալ, նախատելու ու կշտամբելու, քանի որ որևէ հոգևորական անձեռնմխելի չէ, առավել ևս՝ առանձնաշհորհյալ չէ՝ապահովագրված հոտի կողմից քննադատվելուց։
Ի դեպ, նկատենք, որ Բագրատ արք. Գալստանյանը կամ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը ևս չեն դատապարտել լրագրողի նկատմամբ տեղի ունեցածը՝ այսպիսով ևս խրախուսելով քրեական հանցակազմ ունեցող գործողություններով պատասխանելը հոգևոր դասի ներկայացուցիչների մասին քննադատությանը։ Հիշյալ շարժումը Լևոնյանին բռնության ենթարկելու նախորդ օրը հայտարարեց ՝ իրավապահ մարմիններից պահանջում է՝ 24 ժամվա ընթացքում պատասխանատվության կանչել լրագրող ներկայացող Դավիթ Լևոնյանին և նրա լրատվամիջոցին, «որը հրապարակել էր Հայ Առաքելական եկեղեցու Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արք. Գալստանյանի հասցեին ակնհայտ կեղծ և սուտ տեղեկություններով համեմված տեսանյութ»: Իսկ միջադեպի օրը, ժամեր անց, հայտարարեց՝ իրավապահ մարմինները չեն արձագանքել իրեց հայտարարությանն ու պահանջին, ուստի դիմելու են դատարան՝ Լևոնյանին կանչելու իրավական պատասխանատվության՝ համաձայն ՀՀ քաղաքացիական օրենսգրքի: Նշենք, որ «Դատալեքս» հարթակում սույն հրապարակումը պատրաստելու պահին դեռես հրապարակված չէ լրագրողի դեմ որևէ հայց։
Հ. Մ.