Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Սրբազանի գլխավորած քարավանը 2 տարի առաջ «ցրցամ են տվել», հիմա կոորդինացնում են «նախկինները». Հարություն Մկրտչյան

Սրբազանի գլխավորած քարավանը 2 տարի առաջ «ցրցամ են տվել», հիմա կոորդինացնում են «նախկինները». Հարություն Մկրտչյան
Քաղաքականություն
00:01, 08 май 2024
Քաղաքագետ Հարություն Մկրտչյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրառում է արել՝ անդրադառնալով Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի գլխավորած քայլերթին:

«2022 թվականի փետրվար 17-ին Ռոբերտ Քոչարյանը հայտարարում էր. «Ես պատկերացնում եմ, որ ժողովրդին կարող է միավորել Հայ առաքելական եկեղեցու ինչ-որ հարգանք վայելող սրբազան»:

2022 թվականի նոյեմբերին 5-ին Բագրատ սրբազանը ելույթ է ունենում Քոչարյանի «Հայաստան» դաշինքի կազմակերպած հանրահավաքին, որտեղ կրկնում է նույն թեզերը, ինչ դաշտ է նետվել արդեն այս օրերին: Սերժ Սարգսյանը՝ յուր աստղաբույլով, Ռոբերտ Քոչարյանը՝ յուր նազիր-վեզիրներով, ՀՅԴ-ը, Քեթրինի Միհրանը, Դոն Պիպոն, Արթուր Վանեցյանը, «5-րդ շարասյան» հետ ասոցացված մի շարք այլ կարկառուններ պինդ կանգնել են ապաքաղաքական այս մեգաերթի ակունքներում:

Բոլոր էն մարդիկ ու քաղաքական ուժերը, ովքեր պնդում են, որ սա «ապաքաղաքական» երթ է, որը բնավ կապ չունի «նախկինների» հետ, կա՛մ մոլորյալներ են, կա՛մ խաբեբաներ: Չնայած որ գերինֆորմացիոն այս ժամանակներում դժվար է էդ կարգի մոլորվելը, եթե անգամ շատ ցածր ներգրավվածություն ունես քաղաքական պրոցեսներին կամ չափից թույլ վերլուծական կարողություններ։
Սրբազանի գլխավորած քարավանը, այո, դեռեւս 2 տարի առաջ «ցրցամ են տվել», հիմա էլ ուղղորդում, առաջնորդում ու կոորդինացնում են «նախկինները»: Մնացածը միֆ է:

Իդենտիֆիկացրեք բոլոր նրանց, հատկապես ներքաղաքական ճկուն զեղչային համակարգից մշտապես օգտվող այն քաղաքական ֆիգուրներին, ովքեր միացել են, ողջունել են, կամա, թե ակամա ջուր են լցրել էս ջրաղացին:

Իրենք հասկանում են, որ գնում են «նախկինների» քարավանի հետեւից, բայց փաթեթավորում են սա թափառող շների գզգզած, ծակծկած մի փնթի տոպրակով, թե բա՝ «պայքար հանուն է», այլապայքար է: Գնում են՝ լավ են անում. իրենց քաղաքացիական իրավունքն է, անգամ քաղաքական իրավունքն է: Խնդիրը չխաբելն է հանրությանը, թե գնում են ապաքաղաքական այլապայքարի:
Երթը դեռ Երեւան չի հասել, բայց արդեն ունենք լրագրողների հանդեպ բռնության ու ֆիզիկական հաշվեհարդարի առնվազն ԵՐԿՈՒ դեպք. մեկը իրականացվել է Միկա Բադալյանի, մյուսը Քոչարյան Լեւոնի օգնականի ձեռամբ, ու երկու դեպքում էլ մասնագիտական գործունեությամբ խոչընդոտելն է մեխը, ու երկու դեպքերն էլ այլապայքարի դուրս եկածների կողմից արժանացել է ծափողջույնների: Սրանց համար բռնությունը ենթամշակույթ է, իրենք երբեք չեն հասկանա, որ եթե որեւէ հարց ունեն դիմացինի հետ, գոյություն ունի խոսելու, բանավիճելու /հանրային բանավիճելու, ամենավերջում՝ դատաիրավական համակարգին դիմելու մեխանիզմը, եթե, ասենք, գտնում ես, որ դիմացինը ստում է, զրպարտում է, հանցանք/զանցանք է կատարել, կամ ցանկացած այլ բան:

Փնովում են ատելության մթնոլորտը, բայց համացանցի երթը սատարող ակտիվ օգտատերերը երթի նպատակներն ու օրակարգը հիմնավորելու, բացատրելու փոխարեն հայհոյում, վիրավորում, սպառնալիքներ են հնչեցնում այլ օգտատերերի հասցեին, «լեզու ու ձեռք կտրելու» կոչեր են հնչեցնում, «այլապայքարը» չողջունող մարդկանց հասցեին նզովքներ են տեղում հոգեւորականների շուրթերով, զենք-զինամթերքով միանալու օրակարգ են կյանքի ուզում կոչել (ինչով, հուսով եմ, համապատասխան մարմինները արդեն զբաղվում են, փաստող նյութերը բաց-բրախ տեղադրված են համացանցում), տարածում են նկարներ ու ցուցանակներ ու անիմացիաներ, որտեղ Երեւանը «Էրիվան» է, անունն էլ դնում՝ համերաշխության հանուն:

Հայ առաքելական եկեղեցին անձնավորելը, որպես ինստիտուտ հանրության աչքերում էս կարգի հեղինակազրկելը, քաղաքական կեղտոտ խաղերի կիզակետում հավատքի ու կրոնի քողի տակ դիվիդենտների բերքահավաք կազմակերպելը, էս ամենը մանիպուլացնելը, թե բա՝ «եկեղեցին թիրախավորում են» մի ուրիշ արար է, ի դեպ, ամենազզվելին մյուս բոլոր եղածների կողքին, հետն էլ ամենապրիմիտիվը: Ինչպե՞ս կարող է հավատացյալ քրիստոնյան թիրախավորել այն կրոնը, այն հավատքը, այն կառույցը, որի հետեւորդն է. ինքն իրե՞ն է թիրախավորում:

Քաղաքական օրակարգի սնանկության մասին էլ չեմ խոսում. Սահմանազատումը անօրինական է, Իշխանությանը պետք է հեռացնել, Ադրբեջանը երաշխիքներ չի տալիս, որ սահմանազատումից հետո կլինի խաղաղություն: Անօրինական է, ուրեմն պետական սահման ունենալու ու ձեր պետության տարածքային ամբողջականության դեմ եք արշավում, այլ բան է, որ պիտի փոխադարձ սահմանազատումը գնա, ու կարելի էր սա առաջ բերել ու դարձնել օրակարգային, ու կան այլ օժանդակ հարցեր սրա հետ կապված:
Իշխանությանը հեռացնե՞լ եք ուզում, տիտղոսային ընդդիմություն եք՝ ցած դրե՛ք մանդատները, ճգնաժամ ստեղծե՛ք, լուծարե՛ք խորհրդարանը, գնացե՛ք ընտրության, ու թող ձեւավորվի այլ իշխանություն: Մեր ուշն էլ չի գնում էս անորակությանը ու խեղկատակությանը եւս երկու տարի ԱԺ քննարկումներ անվանելու համար:

Երաշխիքների մասով. Ադրբեջանը մի պետություն է, որը կարող է ընդհուպ խաղաղության պայմանագիր ստորագրել մեզ հետ, որը կունենա անգամ միջազգային քավորություն, բայց խախտել այն ցանկացած պահի, սա գիտենք, գիտակցում ենք բոլորս ու դրա համար ենք ասում՝ սուվերեն սահմանի զատում է պետք, որը անվտանգության լրացուցիչ բարձիկ է, որ սահմանից այն կողմ ՔՈ տարածքն է, եւ դրա վրա հարձակումը ունենալու է հետեւանքներ:

Սա չի կանխում, բայց նվազեցնում է ռիսկերը մի քանի անգամ, հետն էլ շահում ես ժամանակ քո ռազմաքաղաքական հարցերը լուծելու համար, ինչը Ադրբեջանը արեց ոչ ավել, ոչ պակաս 26 տարի:

Ավելի էլեմենտար բացատրելու համար, կներեք, ինձ պետք են գունավոր հաշվեձողիկներ արդեն:
2026 թվականի կամ արտառոց դեպքերում արտահերթի պատրաստվող էն ուժերի համար էլ, ովքեր այլապայքարին ֆիզիկապես չմիացան, բայց լավ ջուր լցրին ջրաղացներին, ասեմ, որ ՉԻ ԿԱՐԵԼԻ: