Սրբազա՞ն, թե սրբապիղծ, սրբությունները զանց անող պայքար․ Վազգեն Գալստանյանի աջակիցների ճղճիմ ակցիան՝ Սարդարապատում
Այն, որ «սրբազան» կոչվող շարժումն ընդհանրապես կապ չունի իր ահեղադղորդ անվան հետ, և գնալով  վերածվում է սրբապղծության ճղճիմ արշավի, թերևս, շատերը կհամաձայնեն։ «Սրբազան» չի կարող լինել այն ամենն, ինչ ատելության, թշնամանքի, ջախջախելու, վերացնելու օրակարգ է սպասարկում։ Այս օրակարգի սպասարկումը երեկ գիշերվանից տեղափոխվել է օրվա խորհրդի վայր՝ Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիրի տարածք, և դրա աջակիցներն ու մասնակիցները օրը նշում են վարչապետի դեմ հեռավար, բայց՝ հերոսաբար մարտնչելով։  
 Հանդուրժողականության և սիրո մասին մեծ-մեծ «փրթող» «սառեցված սրբազանի» «PR կոնտորան»՝ «Տավուշը հանուն հայրենիքի» ֆեյսբուքյան էջը, մի տեսագրություն է հրապարակել, որը վերնագրել է այսպես։ «Քաղաքացիների ակցիան Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիրում։ Արժանապատիվ հայորդիները «Սրբազան պայքար» գրությամբ ծաղկեպսակով ծածկել են Կառավարության ղեկավարի անունից դրված ծաղկեպսակը»։  

Տեսագրության մեջ երևում է, թե ինչպես են երկու կին (երևի աջակիցներից «ամենադուխով»-ները կանայք են) «Սրբազան պայքար» գրությամբ ծաղկեպասկ բերում, դնում վարչապետի  անունից դրված ծաղկեպսակի դիմաց և լուռ հեռանում։ Ինչ է սա, եթե ոչ՝ սրբապղծության աղաղակող փաստ, երբ պետական պահպանության ներքո գտնվող հուշահամալիրում (այն պետական ոչ առևտրային կազմակերպություն է), պետական միջոցառման շրջանակներում դրված ծաղկեպսակը դիտավորությամբ, չարանենգ միտումով ծածկվում է մեկ այլ ծաղկեպսակով։ Այսինքն՝ անարգվում ի հիշատակ հերոսամարտում զոհվածների դրված ծաղկեպսակը։  և այս ճղճիմ արարքը ոչ թե կանխվում է շարժման կազմակերպիչների կողմից, այլ՝ խրախուսվում, աջակցության արժանանում և ամենազազրելին՝  տիրաժավորվում է շարժման ֆեյսբուքյան էջով։ Սա՞ է քարոզում Բագրատ սրբազանը, այսպիսի նողկալի, քստմնելի ակցիաներո՞վ է փորձում պայքարել վարչապետ դառնալու համար։

Նշենք, որ օրերս էլ, երբ Նիկոլ Փաշինյանն այցելել էր Կիրանց և ծաղիկներ խոնարհել տեղի հուշակոթողին, տեղացիներից մեկը ծաղկեփունջը ցուցադրաբար վերցրել, տարել և նետել էր աղմաբանը։ Այս ստորակարգ ակտի տեսագրությունը՝ դրա հեղինակ լրագրողի կից մեկնաբանմամբ, նույնպես տիրաժավորել է վերոհիշյալ ֆեյսբուքյան էջը՝ վերնագրելով՝ «Կիրանցցեցի Սամվելը Փաշինյանի բերած ծաղիկները նետել է աղբարկղը»։

Փաստորեն, «սրբազան շարժման» թիրախը թեև ՀՀ վարչապետն է, սակայն այն  առայժմ կարողանում է հաղթանակ արձանագրել  միայն նրա կողմից դրվող անշունչ առարկաների՝ ծաղիկների նկատմամբ։ Սա, հիրավի, սրբազան պայքար է Աստո ստեղծած չքնաղ արարածների՝ ծաղիկների դեմ։

Ի դեպ, համերաշխությունն ու սերը այս շարժման էջի հետևորդները ընկալում են այս բառերի ճիշտ հակառակ իմաստով։ Օրերս Կիրանցի բնակիչներից մեկի կողմից ինչ-որ շինության քանդման տեսագրության տակ, այն նույնպես տիրաժավորել էր սույն շարժման քարոզչական էջը, մեկնաբանություն էինք գրել՝ նշելով, թե Կառավարությունը պատրաստակամ է փոխհատուցել Կիրանցի բնակիչներին։ Էջի հետևորդները բառիս բուն իմաստով հարձակում գործեցին և նզովքների, անեծքների շարան կապեցին, ընդհուպ՝ սեռական բնույթի հայհոյանքերով հայտնեցին իրենց «սերն ու համերաշխությունը» մեր կողմից հայտնած կարծիքին։ Հասկանալով, որ ատելության խոսքի թիրախ ենք դարձել, ստիպված եղանք հեռացնել մեր մեկնաբանությունը՝ անեծքների գեներացիան դադարեցնելու համար։ Նշենք նաև, որ սրբազանի ֆեյսբուքյան էջի կառավարիչները  զգուշացում չեն հայտնում իրենց հետևորդներին՝ հայհոյանք, ատելության խոսք չտարածելու համար և ոչ էլ հեռանցում են նման բովանդակությամբ  մեկնաբանությունները։

Նկատենք՝  օրերս էլ սրբազան շարժման PR շտաբը թիրախավորել էր պաշտպանության նախարարության պաշտոնատար անանց  և զետեղելով նրանց լուսանկարները՝  կից գրել․ «Տավուշի ռազմավարական տարածքները Ադրբեջանին առանց մեկ կրակոցի հանձնելուց հետո այսօր գեներալ-մայորի կոչում են ստացել․․․․(պաշտոնատար անձանց անուն-ազգգանունները-խմբ)»։

«Սեր ու համերաշության» քարոզող այս շարժման մոլի աջակից, Լեհաստանում նախկին դեսպան Էդգար Ղազարյանն, ի դեպ, սույն հրապարակմանն արձագանքել է այսպես քրիստոնեաբար․ «Թուրքի գեներալներ, Հայաստանի դավաճաններ»։ Նրա մեկնաբանությունը հավանել է 75 օգտատեր։Այս մեկնաբանությունը մինչև այժմ չի հեռացվել։  Ատելության խոսք,  վիրավորանք պարունակող մեկնաբանությունների տարափը, նկատենք, միայն նախկին դեսպանի մեկնաբանությամբ չի սահմանափակվում։

Հարկ է ընդգծել, որ մեկ այլ   օգտատեր էլ (թերևս, բացառիկ՝ իր ադեկվատությամբ) այսպես է արձագանքել․ «Շատ ընդունում եմ շարժման գաղափարները և հույս ունեմ, որ կտեսնեմ այդ օրը, երբ հայերը, անկախ իրենց հայացքներից, նախկին և ներկա լինելուց հաշտություն ձեռք կբերեն, բայց հենց այս հրապարակումը և քոմենթները բացարձակ չեն բխում շարժման հաշտության և համերաշխության գաղափարներից, ընդհակառակը ավելի են սրում թշնամանքն ու ատելությունը միմյանց հանդեպ...որքան էլ որ բարդ է հրաժարվել այդ թշնամանքից և ագրեսիայից, որովհետև կան իրական, լուրջ հիմքեր, պիտի բոլորս ուժ գտնենք անելու դա, գիտակցելով, որ առաջին քայլը առողջացման հենց դա է լինելու»։   

Թերևս ժամանակն է, որ «սրբազան» բառը սույն շարժման քարոզչական պատասխանատուները դադարեն գործածել՝ այն փոխարինելով  «սրբազանց» էպիտետով, այն է՝ սրբությունները զանց առնող։
Հ․Մ․