Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ամեն անգամ զարմանո՞ւմ եք, որ արևը ծագում է և մայր մտնում. ԿԳՄՍ նախարարը՝ լրավճարների մասին

«Մեր նախարարությունը պարգևավճարներ ստացել է այն նույն ռեժիմով, ինչ մինչև սեպտեմբերի 21-ը և սեպտեմբերի 21-ից հետո:

Սեպտեմբերի 21-ի հետ կապված նորույթ մեր նախարարությունում չի արվել՝  կապված պարգևավճարների հետ»,- այսօր՝ սեպտեմբերի 24-ին, լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը՝ անդրադառնալով պարգևավճարների հարցին, և հավելեց, որ դա պետք է անվանել ոչ թե պարգևավճար, այլ հավելավճար:

Ինչ վերաբերում է անձամբ իր կողմից այդ հավելավճարը ստանալուն, նա արձագանքեց. «Ի՞նչ եք կարծում՝ ստացե՞լ եմ, թե՞ ոչ: Էս հարցը խնդրում եմ մի շահարկեք, մի զարմացեք լրավճար, հավելավճար ստանալու թեմայով: Ամեն օր ասո՞ւմ եք, որ արևը ծագում է ու մայր է մտնում, ամեն անգամ զարմանո՞ւմ եք դրանից»:

Նախարարը նշեց, որ միգուցե որևէ բուհ իր դասախոսներին տվել է հավելավճար. «Փառք ու պատիվ իրեն: Ալեն Սիմոնյանի ասածն ընդունեք ի գիտությւոն և շարժվեք առաջ»:

Դումանյանը լրագրողներին կոչ արեց հարցը ձևակերպել հստակ. «Դուք ոչ հստակ հարցերին ակնկալում եք հստակ պատասխաններ»: