Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Արդյոք միֆերը, կեղծիքն ու շահարկումը ավելի՞ ծանրակշիռ են, քան մարդկային կյանքերը. Արսեն Թորոսյանը կոչ արեց պատվաստվել

Այսօր՝ հոկտեմբերի 26-ին, ԱԺ պատգամավորների հայտարարությունների ժամին «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արսեն Թորոսյանն անդրադարձավ կորոնավիրուսային հիվանդությանը և ընդգծեց. «Աշխարհում կյանքը փոխվել է, Հայաստանում այն փոխվել է 2020թ. մարտի 1-ից»:

«Երեկ մահացած 57 մահացածներից յուրաքանչյուրը մեզնից որևէ մեկի հայրն է, մայրը, քույրը կամ եղբայրը: Հուրախություն մեզ՝ կարճ ժամանակամիջոցում ստեղծվեցին կորոնավիրուսի դեմ պատվաստանյութեր»,- նշեց նա և հավելեց, որ ընդհանրապես պատվաստանյութերը պատմության ընթացքում փրկել են հազարավոր կյանքեր. «Եթե որևէ մեկը ձեզ հակառակը կասի, ապա նա դիտմամբ կամ անտեղյակությամբ խաբում է ձեզ»: 

Նա ընդգծեց, որ մեր պետությունը, ինչպես միշտ, անվճար պատվաստանյութեր է տրամադրում, և քաղաքացիները նաև ընտրության իրավունք ունեն. «Եվ այժմ այսպիսի պայմաններում մենք իրական շանս ունենք վերադառնալու մեր նախկին նորմալ կյանքին: Եվ բացի դրանից, պատվաստանյութը միակ զենքն է, որ կարող է պայքարել այս ահագնացող հիվանդության դեմ»:

Արսեն Թորոսյանը, համեմատություն անցկացնելով այլ երկրների հետ, նշեց. «Մեր երկրում, ցավոք, լիարժեք պատվաստվածների թիվը կազմում է 7 տոկոս, իսկ 1 դեղաչափ ստացել է բնակչության մոտ 16 տոկոսը»:

Նա նաև ասաց, որ յուրաքանչյուր մարդ պետք է իրեն ուղղի հետևյալ հարցը. «Արդյոք միֆերն ու ապատեղեկատվությունը, կեղծիքն ու շահարկումը ավելի՞ ծանրակշիռ են, քան մարդկային կյանքերը: Կարծում եմ՝ պատասխանն ակնհայտ է՝ ոչ»:

Արսեն Թորոսյանը նաև իր երախտագիտությունը հայտնեց բոլոր բուժաշխատողներին:

Գեղամ Ադյան