Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը օրերս ֆեյսբուքյան իր էջով հրապարակում էր արել, համաձայն որի՝ ահազանգեր է ստացել մի շարք կազմակերպություններից և քաղաքացիներից այն մասին, որ Կապանի ՏԻՄ ընտրություններին ընդառաջ, որոշ քաղաքացիների ճնշումների են ենթարկում տարբեր գերատեսչություններ, մասնավոր կազմակերպություններ ու անհատներ։
Մասնավորապես, համաձայն ՄԻՊ հրապարակած ահազանգերից մեկի, պաշտպանի աշխատակազմը ստացել է ահազանգ այն մասին, որ քրեական վարույթի շրջանակում մի քանի օր առաջ խուզարկությամբ առգրավվել են «Սյունիքի մարզային տարածաշրջանային պետական քոլեջ» ՊՈԱԿ-ին պատկանող գույքը՝ համակարգիչներ և փաստաթղթեր:
Ըստ ահազանգի տվյալների՝ դա արվել է՝ նպատակ ունենալով հասնել քոլեջի տնօրենի հեռացման, քանի որ նա Կապան համայնքի ղեկավարի տեղակալի մայրն է, իսկ համայնքի ղեկավարի նշված տեղակալն ընդգրկված է «Շանթ դաշինք» ազգայնական կուսակցության ավագանու անդամների ցուցակում:
ՀՀ գլխավոր դատախազությունից Civic.am-ին փոխանցեցին, որ հոկտեմբերի 11-ին հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության կողմից։ Գործը վարույթ է ընդունվել հոկտեմբերի 25-ին։ Քրեական գործը հարուցվել է 214-րդ հոդվածի հատկանիշներով՝ Առևտրային կամ այլ կազմակերպությունների ծառայողների կողմից լիազորությունները չարաշահելը։ Խոսքը վերաբերում է դասի չհաճախած ուսանողներին դիպլոմներ տրամադրելուն, այդ թվում՝ այն ուսանողներին, որոնք չեն գտնվել Հայաստանի Հանրապետությունում։ Իրականացվել են անհրաժեշտ գործողություններ, որոնք որևէ կապ չունեն ընտրական գործընթացի հետ։ ՀՀ գլխավոր դատախազությունից մեզ տեղեկացրին նաև, որ գործով որևէ մեկին մեղադրանք առայժմ, առաջադրված չէ։
ՄԻՊ հրապարակած մեկ այլ ահազանգով էլ Կապան համայնքի գործող ղեկավարին՝ «Շանթ դաշինք»-ի Կապան համայնքի ղեկավարի թեկնածուին աջակցողներին պատկանող մի շարք խանութներում հենց ընտրական գործընթացի մեկնարկից անմիջապես հետո իրականացվում են նպատակային ստուգումներ հարկային մարմինների կողմից, այդ թվում՝ 1 դեպքում կիրառվել է տուգանք ՀԴՄ կտրոն չտրամադրելու հետ կապված:
ՊԵԿ հարկային վարչարարության կազմակերպման, դիտարկման և հսկողության վարչությունից Civic.am-ին հայտնեցին, որ տարվա ցանկացած օրվա դրությամբ հարկային մարմնի կողմից հսկողական միջոցառումներ իրականացվում են հարյուրավոր տնտեսվարող սուբյեկտների մոտ և բացառություն չեն կազմում քաղաքական տարբեր գործընթացների, այդ թվում և՝ նախընտրական ժամանակահատվածներում իրականացվող ստուգումները։
«Հաշվի առնելով վերոգրյալը հայտնում եմ, որ Պետական եկամուտների կոմիտեն ապաքաղաքական կառույց է, որն անկախ երկրում ընթացող գործընթացներից պարտավոր է և կատարում է օրենքով իրեն վերապահված լիազորությունները», - ասված է ՊԵԿ պատասխանում։
ՊԵԿ-ից Civic.am-ին հայտնեցին նաև, որ նոյեմբերի 1-ի դրությամբ իրենք Մարդու իրավունքների գրասենյակից նշված հարցի առնչությամբ որևէ գրություն չեն ստացել։
ՄԻՊ հրապարակած մեկ այլ ահազանգն էլ վերաբերում էր Facebook սոցիալական ցանցի օգտատերերից մեկի կողմից արված հայտարարությանը, ըստ որի՝ Կապանի գործող համայնքապետի՝ «Շանթ դաշինք»-ի Կապան համայնքի ղեկավարի թեկնածուի կողմնակիցները եկել են իրենց տուն և հորդորել ընտրել գործող համայնքապետին:
Քաղաքացին գրառմամբ գործող համայնքապետից պահանջել է իր նկատմամբ ճնշումներ չգործադրել:
Aravot.am-ի տեղեկություններով «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում «Նարինե Բարխուդարովնա» անուն ազգանունով օգտատիրոջ կողմից կատարված հրապարակման հիման վրա Սյունիքի մարզի դատախազությունից՝ «ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի» 180-181-րդ հոդվածներով սահմանված կարգով Կապանի ոստիկանություն նյութեր նախապատրաստելու համար գրություն է ստացվել։
Ըստ օգտատիրոջ, «Կապանի համայնքապետի թեկնածու Գևորգ Փարսյանի կողմնակիցները, մասնավորապես «55 SD 055» պետհամարանիշով «Լեքսուսի» վարորդը, գնացել են վերջինիս տուն, հորդորել ընտրել Փարսյանին»։ Արդյունքում, խախտվել է ընտրողի իրավունքը: Ոստիկանների ձեռնարկված գործողություններով պարզվել է, որ Նարինե Բարխուդարովնան՝ 36-ամյա Նարինե Մ-ն է, իսկ «Լեքսուս» ավտոմեքենայի վարորդը՝ 35-ամյա Միհրան Հ–ն է։ Նյութերի նախապատրաստման ընթացքում, Միհրան Հ-ն ներկայացել է բաժին և հայտարարել, որ օգտվելով իր իրավունքից՝ հրաժարվում է բացատրություն տալ։ Նա նաև նշել է, որ «Ֆեյսբուք» սոցիալական կայքում տեղադրված հրապարակումն իրականությանը չի համապատասխանում, ինքը «Նարինե Բարխուդարովնա» անձի տուն չի գնացել, նրան երբևէ չի հանդիպել, երբևէ որևէ մեկին չի սպառնացել, կամ նրա նկատմամբ ճնշում գործադրել: Միհրան Հ–ն բաց է թողնվել: Հանգամանքները պարզվում են:
Պաշտպանի աշխատակազմ մի շարք ահազանգեր են ստացվել նաև այն մասին, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նեկայացուցիչները ճնշումներ են գործադրում համայնքի մի շարք դպրոցների նկատմամբ՝ պահանջելով կամ հորդորելով տնօրեններին, որպեսզի վերջիններս իրենց աշխատակիցներին ուղղորդեն ՏԻՄ ընտրությունների ժամանակ քվեարկել կուսակցության առաջադրած թեկնածուի օգտին: Ըստ ահազանգի՝ դպրոցի մի շարք աշխատակիցների ներկայացվել են աշխատանքից ազատելու սպառնալիքներ:
Սյունիքի մարզպետի տեղակալ Նարեկ Բաբայանը Civic.am-ին փոխանցեց, որ նման բան չկա։ Ըստ Բաբայանի, Կապանը փոքր քաղաք է, և եթե լիներ նման բան, ապա բոլորը այդ մասին կիմանային։ Բաբայանն ասաց նաև, որ իրավապահները, ամենայն հավանականությամբ, ՄԻՊ հաղորդման հիման վրա ուսումնասիրություններ կսկսեն և կպարզվի՝ արդյոք կա՞ նման բան, թե՞ ոչ։
ՄԻՊ-ի մյուս ահազանգը կապված էր «Չաարատ Կապան» ՓԲ ընկերության մի քանի աշխատակիցների բողոքի հետ, համաձայն որի՝ իրենք ընդգրկված են «Շանթ դաշինք» ազգայնական կուսակցության ավագանու թեկնածուների ցանկում և այդ մասին տեղեկանալուց անմիջապես հետո ընկերության ղեկավարությունը իրենցից պահանջել է կա՛մ հրաժարվել ավագանու թեկնածությունից և դուրս գալ կուսակցության ցուցակից, կա՛մ սեփական դիմումով ազատվել աշխատանքից: Ըստ նշված քաղաքացիների՝ ընկերության ղեկավարությունն ապօրինի միջամտում է իրենց քաղաքական իրավունքներին, պահանջում է դրանցից հրաժարվել՝ աշխատանքային իրավունքների խախտման սպառնալիքով:
Համաձայն Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ ներկայացված ահազանգերի՝ նշված ՓԲ ընկերության նկատմամբ ճնշումներ են գործադրում հանրային իշխանության առանձին մարմիններ ու պաշտոնյաներ՝ իրենց առաջադրած թեկնածուի օգտին բարենպաստ պայմաններ ապահովելու նպատակով:
«Չաարատ Կապան» ՓԲ ընկերության հետ մեզ կապ հաստատել չհաջողվեց։
Վովա Հակոբյան