Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ՀՅԴ 131 ամյակի մոտ 800 մասնակիցներն՝ առանց դիմակների․ այդ թվում՝ կորոնավիրսուսի կասկածով դատարան չգնացող Քոչարյանն ու նրա որդին․ արդյո՞ք հրավիրյալները QR կոդ ցույց տալով են մասնակցել

ՀՅԴ 131 ամյակի մոտ 800 մասնակիցներն՝ առանց դիմակների․ այդ թվում՝ կորոնավիրսուսի կասկածով դատարան չգնացող Քոչարյանն ու նրա որդին․ արդյո՞ք հրավիրյալները QR կոդ ցույց տալով են մասնակցել
Քաղաքականություն
13:00, 07 февраль 2022
ԱԺ  «Հայաստան» դաշինքի պատգամավոր Արեգնազ Մանուկյանը պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հարսանյաց հանդեսից հետո, անհանգստացած երկրում տիրող կորոնավիճակով, չզլացավ և ԱԺ ամբիոնից 2 տարվա վաղեմության ձայնագրություն միացրեց, որում Պապիկյանը, խոսելով կորոնավիրուսի տարածման մասին, նշում է, թե խնդիր են շարունակում մնալ հավաքույթները և, մասնավորապես, հարսանյաց հանդեսները: Տիկին Մանուկյանը, Պապիկյանի խոսքի ու գործի միջև աղաղակող հակասություն տեսնելով, հետաքրքրվել էր՝ Պապիկյանի հյուրերից քանիսն է պատվաստվել, և քանիսից են պահանջել պատվաստման կամ թեստավորման QR կոդերը, քանի որ հունվարի 22-ից Հայաստանում գործում է չպատվաստված անձանց համար ժամանցի վայրեր այցելելու սահմանափակում:

Նկատենք, որ երկու օր առաջ ՀՅԴ 131-ամյակին նվիրված մեծ միջոցառման ժամանակ մասնակիցներից և ոչ մեկը դիմակով չէր։ Արեգնազ Մանուկյանի ոճով մի հարցում էլ մենք հղենք՝ մասնակիցներից (որոնց թիվը գերազանցել է մի քանի հարյուրը) քանի՞սն են հիշյալ միջոցառմանը մասնակցել ս.թ. հունվարի 22-ից գործող կարգի համաձայն, ըստ որի՝ հանրային վայրեր, մասնավորապես՝  հանրային սննդի, հյուրանոցային տնտեսության օբյեկտների և մարզասրահի հաճախորդները, գրադարանների և թանգարանների այցելուները, թատերահամերգային, կինոյի և այլ մշակութային գործունեություն իրականացնող կազմակերպությունների հանդիսատեսները մուտք կարող են գործել միայն, եթե ներկայացնեն կա՛մ ՊՇՌ հետազոտության բացասական արդյունքը հավաստող առավելագույնը 72 ժամ վաղեմության սերտիֆիկատ, կա՛մ արագ ախտորոշիչ թեստի 24-ժամյա վաղեմության բացասական արդյունքը հավաստող տեղեկանք՝ արտածված ԱՐՄԵԴ համակարգից, կամ պատվաստման սերտիֆիկատ՝ բջջային հավելվածի արագ արձագանքման ծածկագրի (QR կոդ) միջոցով կամ բջջային հավելվածից արտածված թղթային տարբերակով։ Դատելով ՀՅԴ հիշյալ միջոցառման տեսագրությունից՝ դրան  մասնակցում էին նախկին նախագահ Սերժ Սարգսյանը, մեկ այլ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանն ու նրա որդին՝ Լևոն Քոչարյանը, «Հայաստան» դաշինքի մի շարք պատգամավորներ։ 

Նկատենք, որ հունվարի 25-ին նշանակված՝  երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի դեմ հարուցված քրգործով դատական նիստը հետաձգվեց, քանի որ, ինչպես հայտնեց Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանը, Քոչարյանի ընտանիքի անդամների մոտ կորոնավիրուս է ախտորոշվել։ Ալումյանը պարզաբանեց, թե դատական նիստին Քոչարյանի բացակայության պատճառը եղել է այն, որ նախկին նախագահը, որպես կոնտակտավոր անձ, թեստ է հանձնել, որի արդյունքը դեռևս հայտնի չէ։
 
Հետաքրքիր է՝ արդյոք «Դվին Հոլլ»-ի տնօրինությունը միջոցառման մասնակիցներին ներս է թողել ըստ վերոհիշյալ կարգի՞, և արդյոք Քոչարյանն ու նրա որդին ինչպե՞ս են թույլտվություն ստացել մասնակցել  դրան՝ ՊՇՌ  սերտիֆիկատի՞, արագ ախտորոշիչ թեստի 24-ժամյա վաղեմության բացասական արդյունքը հավաստող տեղեկանքի՞, թե՞  պատվաստման սերտիֆիկատի QR կոդը ցույց տալով։