Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Կոռուպցիայի պարագլուխների շուրջ օղակը սեղմվում է․ ատամները սրած իշխանություն են ուզում, որ 37 թիվը գա․ Կարեն Անդրեասյան. տեսանյութ

Factor TV-ի հարցազրույցը Արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանի հետ

-Պարո՛ն Անդրեասյան, եթե լսենք ընդդիմությանը, ապա Հայաստանում գրեթե 37 թիվն է՝ բռնաճնշումներ են քաղաքական ընդդիմախոսների նկատմամբ, խոշտանգումներ են, ազատ խոսքն է ճնշվում, ՏԻՄ-երի նկատմամբ են ճնշումներ։ Նույնիսկ բողոքի ակցիայի էին գնացել ՀՀ-ում ԵՄ պատվիրակության առջև, թե միջազգային կառույցները պաշտպանում են իշխանություններին՝ աչք փակելով բռնաճնշումների վրա։ Ինչո՞ւ եք այնպես անում, որ ընդդիմությունը նման տերմինոլոգիա է օգտագործում։

-Ինձ թվում է՝ ընդդիմությունը հետ է գնացել իր իշխանության ժամանակները, տեսել է, թե իր ժամանակվա ընդդիմությունն իր հասցեին արդարացիորեն ինչ է ասել, և այնտեղից քոփի-փեյսթ արած արտահայտություններով հիմա փորձում է վրեժխնդիր լինել։ Եվ ամենակարևոր բանը, որ Դուք հարցի մեջ արծարծեցիք, ես կուզեմ դրա վրա հատուկ կենտրոնանալ։ Ես երեկ հետևում էի դեսպանատան առաջ եղած ակցիային․ ես ուզում եմ ներողություն խնդրել բոլորիս անունից մեր միջազգային գործընկերներից, որովհետև սա նման է այն իրավիճակին, երբ հյուր է գալիս ինչ-որ մեկի ընտանիք, և ընտանիքում ներքին բախումներ-վեճեր են, և դու հյուրի վրա սկսում ես հարձակվել, որովհետև քո տանը վեճ կա։ Անկախ նրանից, թե ով՝ ինչքան է մեղավոր, ամոթալի և անհարիր է գնալ և վիրավորել մեր երկրում հյուր եկած դիվանագետներին, դիվանագիտական ներկայացուցիչներին այդպիսի անպատվաբեր խոսքեր հղելով։ Վիրավորել դեսպանին, որ ինչ է թե՝ նա չի կատարում քո քաղաքական քմահաճույքները, սահմաններ ես անցնում, որից պետք է զգույշ լինել։

-Եթե փոքրիկ ռացիոնալ տարրը փորձենք հանել այդ քննադատություններից, մոտավորապես սա է ստացվում, որ միջազգային կառույցները, ԵՄ-ն, ԱՄՆ-ն տարբերակում են դնում ա՛յս իշխանության և նախորդների միջև, և եթե օրինակ՝ հայհոյանքի քրեականացման դեպքում միջազգային ճնշում կլիներ նախորդների նկատմամբ, հիմա դա գրեթե չկա։ Ինչո՞ւ են խնայում Ձեզ, ուրեմն․․․ այստեղ դավադրությունների մի շարք տեսություններ են գալիս։

-Մի այսպիսի կարևոր շեշտադրում՝ համեմատելի չեն այսօրվա իշխանությունը որոշ նախկին իշխանությունների հետ, հատկապես նրանցից, ովքեր այսօր ամենաշատ աղմուկն են բարձրացնում որպես ժողովրդավարության պաշտպաններ։ Հասկանում ենք քաղաքական մանիպուլյացիան, հասկանում ենք՝ ունենալ լրատվամիջոցներ, անընդհատ սևացնել, նորից եմ ասում՝ իրենց ուղղված նախկին քննադատությունները արխիվներից հանում են, վերցնում-հանում իրենց վճարովի իրավապաշտպանների բերաններում, և նրանք աղմուկ-աղաղակ են բարձրացնում։ Ժողովուրդ ջան, մենք բոլորս գիտենք իրականում ինչ է տեղի ունեցել, ինչ թերություններ կան այսօր, որոնց մասին գիտեն նաև մեր միջազգային գործընկերները։ Հանցագործ իշխանությունը մի բան է, թերություն ունեցողը՝ մեկ այլ բան։ Եվ դուք չպիտի թելադրեք, թե մեր միջազգային գործընկերներն ինչպես թելադրեն ձեզ, մեզ և բոլորիս։ Ամենասարսափելի բանը ո՞րն է․ երբ ՀՀ-ն գրանցում է հաջողություն, կան մարդիկ, որ այնքան ծանր են դա տանում, որ կուզեին Հայաստանը տապալվեր, ճանաչվեր դիկտատորական ռեժիմ, իրենք էլ միշտ դեմ են քվեարկում ժողովրդավարական զարգացումներին, որպեսզի ուրախանան անհաջողություններով, որպեսզի ի՞նչ տեղի ունենա, որ վերադառնան իշխանության և իսկական 37 թիվը գա, իսկական դիկտատուրա լինի։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։