Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Հատկապես աշխարհաքաղաքական այս լարված իրավիճակում շատ կարևոր է վարչապետի այցը՝ Ֆրանսիա. Սարգիս Խանդանյան. տեսանյութ

Հայաստանի և Ֆրանսիայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի կապակցությամբ Էմանուել Մակրոնը երեկ շնորհավորական ուղերձ է հղել Նիկոլ Փաշինյանին և նրան մարտի 9-ին հրավիրել Փարիզ՝ նշելու երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակը։ 

Այս առնչությամբ Civic.am-ը զրուցել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սարգիս Խանդանյանի հետ։ Նա նշեց, որ վարչապետը հավանաբար կմեկնի Ֆրանսիա, որտեղ նաև տեղի է  ունենալու հայ-ֆրանսիական տնտեսական համաժողով, որի շրջանակներում է նաև լինելու վարչապետի այցը։


«Ես կարծում եմ՝ սա շատ կարևոր է հայ-ֆրանսիական հարաբերությունների տեսանկյունից։ Հայաստանը և Ֆրանսիան ունեն առանձնաշնորհյալ հարաբերություններ, և Ֆրանսիայի դերակատարումը ինչպես երկկողմ ձևաչափերում, այնպես էլ բազմակողմ ձևաչափերում, այդ թվում՝ ԵԱՀԿ ՄԽ համանախագահության շրջանակներում, չափազանց կարևոր է Հայաստանի համար։ Եվ հատկապես աշխարհաքաղաքական այս լարված իրավիճակում շատ կարևոր է, որ վարչապետի այս այցը տեղի է  ունենում՝ հաշվի առնելով Ֆրանսիայի ներգրավվածությունը և նախագահ Մակրոնի անձնական ջանքերը՝ մեղմելու Ուկրաինայում ընթացող հակամարտությունը»,- ասաց Սարգիս Խանդանյանը։

Խոսելով նաև Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի՝ Նիկոլ Փաշինյանի հետ  հեռախոսազրույցի ժամանակ հայտնած այն մտքի մասին, որ Հայաստանը կարող է ապավինել Ֆրանսիայի վճռական մոբիլիզացմանը՝ ինչպես երկկողմ, այնպես էլ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակում՝ հասնելու Լեռնային Ղարաբաղի հակամարտության տևական կարգավորման նպատակով դեէսկալացիոն միջոցառումների ընդունմանը և իրականացմանը, պատգամավորն ասաց. «Սա շատ կարևոր շեշտադրում է, ինչը շատ կարևոր արձագանք է նաև Ադրբեջանի իշխանությունների այն պնդումներին, թե ԼՂ հակամարտությունն այլևս ավարտվել է, այնինչ Ֆրանսիան և ԵԱՀԿ ՄԽ համանախագահող մյուս երկրները և միջազգային հանրությունն ընդհանրապես պնդում են, որ հակամարտությունը պետք է կարգավորվի հայտնի սկզբունքների և տարրերի հիման վրա՝ ԵԱՀԿ ՄԽ համանախագահության ձևաչափում»։ 

Մանրամասն՝ տեսանյութում 

Լիլիթ Թադևոսյան