Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Համատեղ ջանքերի շնորհիվ հայ-իսրայելական միջխորհրդարանական հարաբերությունները նոր փուլ կթեւակոխեն. Ծովինար Վարդանյան

Համատեղ ջանքերի շնորհիվ հայ-իսրայելական միջխորհրդարանական հարաբերությունները նոր փուլ կթեւակոխեն. Ծովինար Վարդանյան
Քաղաքականություն
20:25, 25 апрель 2022
Ազգային ժողովի փոխնախագահ Հակոբ Արշակյանը, ԱԺ Հայաստան-Իսրայել բարեկամական խմբի ղեկավար Ծովինար Վարդանյանը, խմբի անդամներ Բաբկեն Թունյանը, Մարիա Կարապետյանը եւ Միքայել Թումասյանն ապրիլի 25-ին հանդիպել են Քնեսեթի Իսրայել-Հայաստան բարեկամության խմբի նախագահ Մոսի Ռազի գլխավորած պատվիրակության հետ:

Անդրադառնալով Հայոց ցեղասպանության ճանաչմանը՝ ԱԺ փոխնախագահը հույս է հայտնել, որ Իսրայելը կճանաչի Ցեղասպանությունը: «Հայ եւ հրեա ժողովուրդները, որոնք վերապրել են ցեղասպանության արհավիրքները, ունեն բարոյական պարտականություն՝ համախմբելու ջանքերն այս հարցում»,-ասել է նաl:

ԱԺ փոխնախագահը խնդրահարույց է համարել Իսրայել-Ադրբեջան ռազմատեխնիկական համագործակցությունը եւ հատկապես 2020թ. 44-օրյա պատերազմի օրերին Ադրբեջանին սպառազինությունների մատակարարումները չդադարեցնելը:

Հակոբ Արշակյանը խոսել է նաեւ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացի մասին:

Ծովինար Վարդանյանը երախտագիտություն է հայտնել  Քնեսեթի Իսրայել-Հայաստան բարեկամության խմբի անդամներին անմեղ զոհերի հիշատակի օրը Ծիծեռնակաբերդի հուշահամալիր եւ Ցեղասպանության թանգարան այցելելու համար:

Խոսելով երկկողմ խորհրդարանական կապերի աշխուժացման մասին՝ խմբի ղեկավարը հավաստիացրել է, որ համատեղ ջանքերի շնորհիվ հայ-իսրայելական միջխորհրդարանական հարաբերությունները նոր փուլ կթեւակոխեն: Այս համատեքստում կարեւորվել է պատգամավորական բարեկամական խմբերի գործունեությունը. դրանք փոխըմբռնման եւ փոխվստահության յուրօրինակ կամուրջ են երկու երկրների օրենսդիր մարմինների միջեւ:

Ծովինար Վարդանյանն առաջնային է համարել տարբեր բնագավառներին առնչվող օրենսդրական նախաձեռնությունների շրջանակում փորձի փոխանակումը:

Իսրայել-Հայաստան բարեկամության խմբի նախագահ Մոսի Ռազը նշել է, որ իր առաջին այցը Հայաստան պլանավորել էր հենց ապրիլի 24-ին. խորհրդանշական այդ օրը 1,5 մլն սպանվածների հիշատակը հարգելու օրն է:

Կողմերն անդրադարձել են տարբեր ոլորտներում փորձի փոխանակման անհրաժեշտությանը, բարեկամական խմբերի միջեւ կապերի ակտիվացմանը: