Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Իշխանության սասանումն է խնդիրը, ԼՂ-ն չէ․ Կարեն Սարգսյան․ Factor.am

Factor TV-ի զրուցակիցը սոցիոլոգ Կարեն Սարգսյանն է

-Պարո՛ն Սարգսյան, ընդդիմադիր ուժերը՝ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» դաշինքների անդամները, բողոքի ակցիաներ են անցկացնում Նիկոլ Փաշինյանի իշխանության հեռացման պահանջով։ Նրանք իշխանություններին մեղադրում են Արցախը հանձնելու մտադրության մեջ։ Ինչպե՞ս է հանրությունն արձագանքում ընդդիմության կոչերին։

-Նախ և առաջ պետք է հասկանալ, որ առանձնապես տվյալ չկա, թե ոնց է դա դրսևորվելու, որովհետև ոնց որ դրսևորման հարցը շատ էական էր, թե ոնց է դրսևորվելու։ Իրականում պետք է հասկանալ, որ մենք տարածաշրջանում շատ կարևոր դեր ենք խաղում հիմա՝ մի պարզ պատճառով, որովհետև Ռուսաստանին խիստ անհրաժեշտ է դեպի Թուրքիա ցամաքային կապի ապահովումը։ ՌԴ-ն ինչ-որ կերպ ապահովել է, որ Թուրքիան պատժամիջոցներ չկիրառի։ Հայաստանը ևս չի կիրառում պատժամիջոցներ, և մենք ունենք մի շատ փոքր կտոր, որը 40 կիլոմետրանոց Մեղրիի հատվածն է՝ հայ-իրանական սահմանին։ Այդ սահմանի շուրջ հիմա հսկայական միջազգային մրցապայքար է, որովհետև այդ սահմանը, բացի նրանից, որ անհրաժեշտ է Հնդկաստանից մինչև Եվրամիություն կապի ապահովման այլընտրանքային ուղի, դա նրա համար է, որ նաև այդ կտորը թույլ չի տալիս միավորել մեծ հաշվով՝ քեմալական և բոլշևիկյան հատվածները, որ այդ պետությունների ձևավորման պահից գոյություն ունեցող խնդիր էր։

–Իսկ միջազգային հարաբերությունների Ձեր այս նկարագրությունն ինչո՞վ կապ ունի այսօր Երևանում բողոքի ակցիաներ անցկացնող ընդդիմության գործողությունների հետ։

-Մեր ընդդիմությունը միշտ սպասարկել է Ռուսաստանի շահերը, և այսօրվա պարագայում գործող իշխանությունները, որքան էլ ես վերապահումներ ունեմ նրանց նկատմամբ, դա այն երաշխիքն է, որ քաղաքակիրթ աշխարհը՝ Արևմուտքը, նաև՝ Ճապոնիան, Հարավային Կորեան, արդեն մեկ ամիս նաև Չինաստանը կա, որը մեկ ամիս առաջ պայմանավորվեց ԱՄՆ-ի հետ և համաձայնվեց չմտնել ՌԴ-ի կողմից խաղի մեջ, ամբողջ աշխարհի դիմաց կա ռուսական հին կայսերական մտածելակերպը։ Այն ուժերը, որ սպասարկում են ՌԴ-ի շահերը՝ հանելով պահարաններից բավականին հին լոզունգներ, որոնք մենք մի քանի անգամ արդեն անցել ենք, դուրս են եկել փողոց։ Խնդիրն այստեղ Արցախի անվտանգությունը չէ, նոր օրակարգ ապահովելը չէ, իրենց խնդիրն իշխանության հիմքերի սասանումն է, նույնիսկ եթե իշխանության չգան։ Այնուհետև դա որպես խաղաքարտ օգտագործվելու է Նիկոլ Փաշինյանի դեմ Պուտինի հետ բանակցություններում և պոկելու ինչ-որ հատուկ պայմաններ՝ ստիպելով ինչ-որ բաներ։