Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ՌԴ-ն հրաժարվել է արտահանձնել Մարտի 1-ի գործով մեղադրյալ, նախկին ՊՆ նախարար Միքայել Հարությունյանին, իսկ նախկին գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանի հետախուզումը ՌԴ-ում չեղարկվել է

ՌԴ-ն հրաժարվել է արտահանձնել Մարտի 1-ի գործով մեղադրյալ, նախկին ՊՆ նախարար Միքայել Հարությունյանին, իսկ նախկին գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանի հետախուզումը ՌԴ-ում չեղարկվել է
Քաղաքականություն
16:17, 11 июль 2022
Հաշվի առնելով հարուցված մի շարք քրեական գործերով ընթացող նախաքննության դանդաղ ընթացքը՝ civic.am-ը  ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեին հարցում էր հղել պարզելու՝ այս պահին Կոմիտեն քանի՞ գործ է քննում, որոնց նախաքննությունը դեռևս չի ավարտվել,  ի՞նչ հիմքով կամ պատճառով է առկախվում կամ հետաձգվում  այդ գործերի նախաքննության ավարտը։  «Ի պատասխան Ձեր հարցման` տեղեկացնում ենք, որ այս պահին ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում ընթացքի մեջ է շուրջ 240 քրեական գործի նախաքննություն: Քրեական գործերի նախաքննությունը կարող է երկարաձգվել տարբեր հանգամանքներից ելնելով, այդ թվում՝ կախված տվյալ քրեական գործի ծավալից ու բարդությունից, գործի համար պահանջվող փորձաքննությունների քանակից և բնույթից, իրավական փոխօգնությանն առնչվող տարբեր հարցերից և այլն»,- նշված է մեզ ուղղված պատասխանում:

Կոմիտեին ուղղված հարցման մեջ խնդրել էինք տեղեկություն տրամադրել նաև այն մասին, թե  արդյոք հայտնի՞ է  հետախուզման մեջ գտնվող հետևյալ անձանց՝ ՀՀ  նախկին գլխավոր դատախազ, ԱԺ նախկին պատգամավոր Գևորգ Կոստանյանի, ՀՀ պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանի,  «Մարտի 1»-ի գործով քննչական խմբի նախկին ղեկավար Վահագն Հարությունյանի, ՀՀ բնապահպանության նախկին նախարար Արամ Հարությունյանի, գործարար Սամվել Մայրապետյանի, ԱԺ նախկին պատգամավոր Միհրան Պողոսյանի, ՀՀ հատուկ հանձնարարություններով նախկին  դեսպան Լևոն Սարգսյանի,  Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանի  գտնվելու վայրերը, և եթե այո, ապա ի՞նչ միջոցառումներ են իրականացվում նրանց ՀՀ վերադարձնելու ուղղությամբ.  արդյոք  կա՞ն իրավական կամ այլ խոչընդոտներ, որոնց հետևանքով էլ  նրանց չի հաջողվում վերադարձնել  ՀՀ։  Դատավարական ի՞նչ կարգավիճակ ունեն հիշյալ անձինք և մասնավորապես  ո՞ր քրեական գործերով են ներգրավված։  Ի պատասխան՝ Կոմիտեից հայտնել են.   «Թվարկված անձինք ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննվող տարբեր գործերի շրջանակներում ունեն մեղադրյալի դատավարական կարգավիճակ: Նրանց նկատմամբ հայտարարված է հետախուզում, որն իրականացնում է ՀՀ ոստիկանությունը, իսկ հետախուզվողների հանձնմանն առնչվող հարցերը ՀՀ գլխավոր դատախազության իրավասության տիրույթում են:

Ինչ վերաբերում է հարցին, թե որոնք են այն իրավական խոչընդոտները, որոնց պատճառով վերը նշված հետախուզվողներին հնարավոր չի լինում վերադարձնել Հայաստան, ապա հարկ է նշել, որ հետախուզվող Միհրան Պողոսյանին ՀՀ իրավապահներին հանձնելու միջնորդությունը մերժվել է Ռուսաստանի Դաշնությունում վերջինիս կողմից փախստականի կարգավիճակ ձեռք բերելու դիմում ներկայացնելու հիմքով: ՌԴ-ն հրաժարվել է արտահանձնել նաև մեղադրյալ Միքայել Հարությունյանին՝ վերջինիս ՌԴ քաղաքացի հանդիսանալու պատճառաբանությամբ: Գևորգ Կոստանյանի հետախուզումը ՌԴ տարածքում նույնպես չեղարկվել է:   Վերը նշված անձանց հետախուզմանն առնչվող առավել մանրամասն տեղեկատվության համար կարող եք դիմել ՀՀ գլխավոր դատախազություն»: 

Թեև Կոմիտեից ստացված պատասխանում նշված չէ  մասնավորապես Միքայել Մինասյանի  գտնվելու վայրի մասին, սակայն, մեր տեղեկություններով, վերջինս նույնպես գտնվում է ՌԴ տարածքում։ Ինչ վերաբերում է Արամ Հարությունյանին, ապա վերջինիս՝ ՀՀ պետական սահմանը հատելու, ինչպես նաև գտնվելու վայրի  վերաբերյալ տվյալներ  նախաքննական մարմնին, ըստ մեր ունեցած տեղեկությունների,  հայտնի չեն։ 

Հիշեցնենք, որ Արթուր Վանեցյանը, որի պաշտոնավարման օրոք էլ Ա. Հարությունյանին առաջադրվել էր առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու և փողերի լվացման մեղադրանքը, և  նրա նկատմամբ հետախուզում էր հայտարարվել, նշել էր՝ նախկին նախարարը Հայաստանի պետական սահմանն օրինական ճանապարհով չի հատել:   

Անդրադառնալով Հատուկ հանձնարարություններով նախկին դեսպան, Սերժ Սարգսյանի եղբայր  Լևոն Սարգսյանին՝ ԱԱԾ այդ ժամանակվա տնօրենն ասել էր, որ նա օրինական ճանապարհով հատել է ՀՀ պետական սահմանը: «Այդ ժամանակ նրա նկատմամբ որևէ խափանման միջոց կիրառված չի եղել, այդ իսկ պատճառով ես՝ որպես ԱԱԾ տնօրեն, որևէ լիազորություն չունեի նրա ազատ տեղաշարժի իրավունքը սահմանափակելու»։ Վանեցյանն ասել էր, թե իրենք գիտեն՝ որտեղ է Լևոն Սարգսյանը, պարզապես  պետք է մեխանիզմներ ունենան՝ նրան հետ բերելու համար: Հարցին՝ կոնկրետ որտե՞ղ է Սարգսյանը, Վանեցյանը  պատասխանել էր՝ արաբական երկրներից մեկում է:

Մեր մյուս հարցը վերաբերում էր  «Մարտի 1-ի» քրեական գործին, մասնավորապես՝ այս գործով  անցած մեկ տարվա ընթացքում (մինչև ս.թ. հունիսի 30-ը)  արդյոք ի հայտ  եկե՞լ են  նոր հանգամանքներ,  հարցաքննվե՞լ են նոր վկաներ։ Կոմիտեից հայտնեցին, որ Մարտի  1-ի գործով նախաքննությունը շարունակվում է, ՀՔԾ-ից  փոխանցվել է Հակակոռուպցիոն կոմիտե։ Մեզ հասած տեղեկություններով՝  այս գործով քննչական խմբի ղեկավար Հրաչյա Մուշեղյանը ամիսներ առաջ դուրս է եկել համակարգից, այժմ աշխատում է մասնավոր սեկտորում։ Նրան այդ պաշտոնում փոխարինում է Կոմիտեի մեկ այլ փորձառու քննիչ։

Հեղինե Մանուկյան