Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Նախարար Միրզոյանը բարձր է գնահատել ֆրանսիական կողմի հասցեական գնահատականները և սկզբունքային դիրքորոշումը

Սեպտեմբերի 28-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է Ֆրանսիայի Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի նախագահ Ժիլբեր-Լյուկ Դըվինազի գլխավորած պատվիրակությանը:  
Նախարար Միրզոյանը ողջունել է ֆրանսիացի սենատորների պատվիրակության այցը Հայաստան՝ գնահատելով հայ-ֆրանսիական բարեկամությանը և համերաշխությանը ցուցաբերած շարունակական նվիրվածությունը: 
Զրուցակիցները քննարկել են հայ-ֆրանսիական հարաբերություններին առնչվող մի շարք հարցեր, մասնավորապես մտքեր են փոխանակվել հայ-ֆրանսիական ապակենտրոնացված համագործակցության զարգացման շուրջ:
Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել տարածշրջանային անվտանգությանը և խաղաղությանը վերաբերող հարցերին: Նախարար Միրզոյանը ֆրասնիացի սենատորներին է ներկայացրել ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ Ադրբեջանի սանձազերծած ագրեսիայի արդյունքում ստեղծված իրավիճակը՝ բարձր գնահատելով ֆրանսիական կողմի հասցեական գնահատականները և սկզբունքային դիրքորոշումը: