ՌԴ-ից եկած ցանկացած էմիսար ինձ համար անընդունելի է, դա կարմիր գիծ էր, որը ես չանցա. ինչու է ինքնաբացարկ հայտնել Ալավերդու ՀԱԿ ցուցակի առաջին համարը
Արդեն հայտնել ենք, որ սեպտեմբերի 25-ին Ալավերդիում ՏԻՄ ընտրություններից հետո կոալիցիոն հուշագիր է ստորագրվել «Ապրելու երկիր» և Հայ ազգային կոնգրես կուսակցությունների միջև՝ համայնքային իշխանություն ձևավորելու համար։ Գործարար Ռուբեն Վարդանյանի «Ապրելու երկիր» կուսակցության նախընտրական ցուցակը գլխավորած, ժամանակին էլ  ՀՀԿ ցուցակով Ախթալայի համայնքապետ դարձած Արկադի Թամազյանը ստանձնելու է համայնքի ղեկավարի պաշտոնը, իսկ ՀԱԿ նախընտրական ցուցակը գլխավորող Նորայր Գևորգյանը պետք է ստանձներ համայնքի ղեկավարի տեղակալի պաշտոնը, սակայն հրաժարվել է ավագանու մանդատից, քանի որ դեմ էր «Ապրելու երկիր»-ի հետ կոալիցիա կազմելուն։ Նորայր Գևորգյանը, նշենք, հաշվապահական «Բելենս Շիթ» ՍՊԸ-ի փոխտնօրենն է։

Civic.am-ի հետ զրույցում  Ն. Գևորգյանը նշեց, որ որոշումը քաղաքական էր, և բացի դրանից, կային նաև մի շարք այլ գործոններ, որոնք հաշվի առնելով էլ որոշեց մանդատը վայր դնել։ «Ես նորմալ աշխատանք ունեմ, չուզեցի իմ աշխատանքը լքել, որովհետև եթե առաջին համարով գնում էի ավագանի՝ կգնայի, բայց պաշտոն ստանձնել չէի կարող, քանի որ  ստիպված էի լքել իմ աշխատանքը։ Երկրորդ և  կարևոր գործոնը «Ապրելու երկիր» կուսակցության ղեկավարի հանգամանքն էր. ես Ռուբեն Վարդանյանի հետ ճանապարհ չունեմ գնալու»։ 

- Ի՞նչն է պատճառը, որ Ռուբեն Վարդանյանին երեկ պատասխանատու պաշտոն է առաջարկվել Արցախում՝ պետնախարար։
 
- Ռուսաստանից եկած, Պուտինի հետ կապված որևէ քաղաքական գործիչ թե օլիգարխ  անելիք չունի այստեղ։ Դա իմ տեսակետն է, գուցե սուբյեկտիվ, բայց իմ կարծիքն է՝ որպես կուսակցության շարքային անդամ։

- Իսկ քաղաքական բարձր ղեկավարությունը ինչպե՞ս է արձագանքել Ձեր որոշմանը։ 

- Քաղաքական ղեկավարությունը որոշեց, որ մենք համագործակցենք Վարդանյանի կուսակցության հետ, ես իմ անհամաձայնությունը հայտնեցի և տվեցի ինքնաբացարկ։ Ես սկզբունքով  արևմտամետ եմ, այնպես չէ, որ ես ռուս ժողովրդի թշնամին եմ, բայց  ներկայիս ՌԴ-ից եկած ցանկացած էմիսար ինձ համար անընդունելի է։ Ինձ համար դա կարմիր գիծ էր, ես դա չանցա։

- Բայց ՀԱԿ-ը հայտնի է որպես պրոռուսական քաղաքական ուժ։ 

- Ինձ համար, անկեղծ ասած, անսպասելի որոշում էր։ Մեր կուսակցության վերնախավը ժամանակին լավ հարաբերություններ է ունեցել ՌԴ նախկին նախագահ Բորիս Ելցինի հետ, որը բավական դեմոկրատ մարդ էր։ Պարոն Պուտինը լրիվ այլ ուղղությամբ է տանում երկիրը, Ելցինն ու Պուտինը լրիվ ուրիշ աշխարհայացք ունեցող ղեկավարներ էին և են։  

- Եթե «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հետ կոալիցիա կազմելու հնարավորություն լիներ, կհամաձայնեի՞ք։ 

- Այդ դեպքում նույնպես ի հայտ կգար երկրորդ տարբերակը՝ աշխատանքը չլքելու։ Ես էլի վերջնական որոշում չէի կայացրել, որ գնալու եմ պաշտոնի։ 

- Բայց դուք համաձայնել էիք  գլխավորել  ՀԱԿ նախընտրական ցուցակը, մարդիկ ձեզ են ձայն տվել։  

- Այո, բայց մի քանի այլ գործոններ էլ կային։ Ես ինձ բարոյական իրավունք էլ չեմ վերապահել այդքան քիչ ձայնով պաշտոն ստանձնել։ Նախ՝ ես չէի սպասում, որ մենք այդքան քիչ ձայն կստանանք, դա ինձ համար անակնկալ էր։ Եվ այս հանգամանքը «ֆորս մաժոր» եղավ մեզ համար, անսպասելի էր։

- Հաշվի առնենք նաև վերջին 2021 թ. արտահերթ ընտրությունների փորձը, այդ ժամանակ էլ ՀԱԿ-ը չնչին ձայներ ստացավ։ 

- Կոնկրետ մեր համայնքում իմ անձի ֆակտորն էլ կար, համայնքում ճանաչված մարդ եմ և հույս ունեի, որ ավելի շատ ձայն կհավաքենք։ Այնպես չէ, որ ակնկալում էինք առավելագույն ձայներով ստանձնել համայնքի կառավարումը, բայց գոնե  մի 1000, 1500 ձայնի ակնկալիք ունեինք 15 հազար ընտրողից (ՀԱԿ-ը ստացել է  340 քվե- խմբ.)։

- Իսկ ասելիք ունե՞ք արդեն իսկ ձևավորված համայնքային իշխանությանը։ 

- Մաղթում եմ հաջողություն։  Ուզում եմ, որ իրենք հաջողեն, որ քաղաքը դառնա բարեկեցիկ և մաքուր։

- Իսկ քաղաքի ներկայիս վիճակն ինչպիսի՞ն է։ 

- Մեկ բառով՝ հոգնած։ Դրայվ է պետք այս քաղաքին՝ ինչպես ասում էր Երևանի նախկին քաղաքապետ  Կարեն Կարապետյանը, դրայվ։  
 

Հեղինե Մանուկյան