Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ֆրանսիայի ազգային ժողովը միաձայն ընդունեց Հայաստանին աջակցող և Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցներ առաջարկող բանաձև

Ֆրանսիայի ազգային ժողովը միաձայն ընդունեց Հայաստանին աջակցող և Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցներ առաջարկող բանաձև
Քաղաքականություն
21:57, 30 ноябрь 2022

Այսօր Ֆրանսիայի Հանրապետության Ազգային ժողովը միաձայն ընդունեց Հայաստանին աջակցող և Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցներ առաջարկող բանաձև․ տեղեկացնում են Ֆրանսիայում ՀՀ դեսպանությունից։

Ի թիվս այլ դրույթների՝ Ֆրանսիայի Ազգային ժողովի բանաձևը.
- Կոչ է անում բոլոր հայ ռազմագերիների անհապաղ և առանց նախապայմանների ազատ արձակում և վերադարձ հայրենիք;
- Առաջարկում է կառավարությանը դիտարկել անհատական պատժամիջոցների կիրառման հնարավորությունը՝ Ադրբեջանի կողմից Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ հարձակումների և օկուպացիայի շարունակման պարագայում;
- Կոչ է անում կառավարությանը շարունակել միջնորդական ջանքերի գործադրումը՝ Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության անվտանգության խնդրի լուծման նպատակով՝ համաձայն ԱԺ 2020 թվականի թիվ 502 բանաձևի դրույթների (նշված բանաձևով առաջարկվում է կառավարությանը ճանաչել Լեռնային Ղարաբաղը);
- Առաջարկում է կառավարությանը դիտարկել Հայաստանի պաշտպանական կարողությունների ամրապնդման հնարավորությունը;
- Կոչ է անում միջազգային կազմակերպություններին ձեռնարկել բոլոր միջոցները Հայաստանի ու Լեռնային Ղարաբաղի՝ Ադրբեջանի  վերահսկողության տակ գտնվող  տարածքներում հայկական մշակութային ու կրոնական ժառանգության պաշտպանության ուղղությամբ։

Բանաձևը ներկայացվել է Ազգային ժողովի մեծամասնության՝ իշխանական «Վերածնունդ» խմբակցության անունից։
Բանաձևի ընդունման նիստին պատվո հյուրերի կարգավիճակում ներկա էին Ֆրանսիայում Հայաստանի դեսպանը և Ֆրանսիայում Հայաստանի դեսպանության անձնակազմը։

Հիշեցնենք, որ ս․թ․ նոյեմբերի 15-ին Ֆրանսիայի Հանրապետության Սենատը 295 կողմ և 1 դեմ ձայների հարաբերակցությամբ ընդունել էր Հայաստանին աջակցող և Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցներ առաջարկող ևս մեկ բանաձև։

Բանաձևը ներկայացրել Էին սենատորներ Բրունո Ռըտայոն, Քրիստիան Կամբոնը, Էլիան Ասասին, Պատրիկ Կանները, Էրվե Մարսեյը և Ժիլբեր-Լյուկ Դըվինազը։