Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ՍՏՀԽՎ նիստում Ադրբեջանը հակառուսական դիրքորոշում է արտահայտել․ Հայաստանը ձեռնպահ է քվեարկել

Օրերս Բելգրադում տեղի ունեցավ Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության խորհրդարանական վեհաժողովի լիագումար նիստ, որին մասնակցում էր նաև Հայաստանը։

ՀՀ Ազգային ժողովում մեր պատվիրակության անդամները այսօր հանդես եկան մամուլի ասուլիսով։ Պատվիրակության անդամներից Բաբկեն Թունյանը նշեց, որ օրակարգը բավականին հագեցած է եղել։ «Ինչպես այդ նիստերի ժամանակ սովորաբար լինում է, այս անգամ ևս կիսասկանդալային և լարված իրավիճակներից խուսափել չհաջողվեց։ Գլխավոր ինտրիգը ռուս-ուկրաինական հակամարտության հետ էր կապված։ Նիստի ընթացքում պետք է հաստատվեին ռուսական պատվիրակության նոր անդամների մանդատները, սակայն 13 անդամ երկրների մեծ մասը դեմ քվեարկեց, և Ռուսաստանի պատվիրակության անդամների մանդատները չհաստատվեցին, ինչից հետո ՌԴ պատվիրակությունը լքեց նիստերի դահլիճը և հայտարարեց, որ դադարեցնում է անդամավճարների վճարումը ՍՏՀ կազմակերպության բյուջե», - ասաց Բաբկեն Թունյանը։

Ընթացքում, ինչպես նշեց Թունյանը, եղել են նաև տնտեսական զեկույցներ, որոնք նույնպես հարթ չեն անցել։ Զեկույցներում տեղ գտած որոշ ձևակերպումներ դարձել են քննարկումների առարկա, մասնավորապես այն հատվածները, որտեղ խոսք է գնացել ռուս-ուկրաինական հակամարտության ազդեցությունների մասին։ «Ուկրաինական պատվիրակությունը առաջարկեց բոլոր տեղերում «ռուս-ուկրաինական հակամարտություն» բառակապակցությունը փոխարինել «ռուսական ռազմական ագրեսիա» ձևակերպմամբ։ Այսինքն, ըստ էության, քաղաքական գնահատական տալով այդ ամեն ինչին։ Մենք այդ առաջարկին ձեռնպահ քվեարկեցինք, որովհետև գտնում ենք, որ կազմակերպությունը, նախ, ուղղված է տնտեսական համագործակցությանը, և զեկույցները տնտեսական, սոցիալական և այլ բնույթի էին, դրա համար զերծ մնացինք գնահատականներ հնչեցնելուց, սակայն այդ առաջարկները անցան։ Երկրների մեծ մասը՝ գրեթե բոլորը, կողմ քվեարկեցին նշված առաջարկին։ Առաջարկին կողմ քվեարկեցին նաև մեր հարևան երկրները», - ասաց Բաբկեն Թունյանը։

Գևորգ Պապոյանը տեղեկացրեց, որ Հայաստանը, Թուրքիան, Սերբիան և Մոլդովան կողմ են քվեարկել ռուսաստանի պատվիրակների մանդատների հաստատմանը, Ադրբեջանը չի մասնակցել քվեարկությանը, իսկ մնացած երկրները դեմ են քվեարկել։

Երկրորդ քվեարկությանը՝ կապված վերը նշված արտահայտությունների փոխարինման հետ, հստակ դիրքորոշում է հայտնել միայն Հայաստանը, ասելով, որ տնտեսական և քաղաքական հարցերը չպետք է խառնել իրար և ձեռնպահ է քվեարկել, իսկ մնացած երկրները, ըստ էության, հակառուսական դիրքորոշում են որդեգրել, այդ թվում՝ Ադրբեջանը։