Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Արցախցիները պետք է հապճեպ դիմեն ՄԻԵԴ՝ անմիջապես իրավական գործընթաց սկսելու․ նման պատճառաբանությամբ ճանապարհ փակելը միանշանակ անօրինական է․ դա նույնիսկ ադրբեջանական օրենքներին է հակասում․ միջազգային իրավունքի մասնագետ

Արցախցիները պետք է հապճեպ դիմեն ՄԻԵԴ՝ անմիջապես իրավական գործընթաց սկսելու․ նման պատճառաբանությամբ ճանապարհ փակելը միանշանակ անօրինական է․ դա նույնիսկ ադրբեջանական օրենքներին է հակասում․ միջազգային իրավունքի մասնագետ
Քաղաքականություն
17:30, 13 декабрь 2022
Դեկտեմբերի 12-ի առավոտից ադրբեջանական կողմը, բնապահպանական խնդիրների պատրվակով խախտելով միջազգային իրավունքի բոլոր նորմերը, 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ համաձայնագրի դրույթները, փակել է Արցախը Հայաստանին ու աշխարհին կապող կյանքի միակ ճանապարհը։ Ադրբեջանական հերթական սադրանքի հետևանքով մեկ օր շարունակ փաստացի շրջափակման մեջ է Արցախի 120 000 բնակչությունը, ոտնահարված են հազարավոր քաղաքացիների կենսական իրավունքները։ Պաշտոնական տվյալներով, մոտ 1100 մարդ մնացել են ճանապարհին,այդ թվում՝ 270 -ը՝ երեխաներ։ Հայաստանից Արցախ եկող քաղաքացիները գիշերել են Գորիսում, մի մասը`այդ թվում կանայք ու երեխաներ, Շուշիի շրջանի Լիսագոր համայնքներում։ Ստեփանակերտի Հանրապետական բժշկական կենտրոնի մի շարք ծայրահեղ ծանր և ծանր վիճակում գտնվող բուժառուներ, որոնց ցուցված է բուժումը և հետազոտությունները շարունակել Երևանում, շրջափակման հետևանքով զրկվել են անհրաժեշտ բուժում ստանալու իրավունքից։ Այս մասին հայտարարել է Ստեփանակերտի հանրապետական հիվանդանոցի տնօրենը։

Միջազգային իրավունքի մասնագետ Արա Ղազարյանի համոզմամբ՝ ադրբեջանցի բնապահպանների կողմից Երևան-Ստեփանակաերտ ճանապարհը փակելու միջադեպի հիման վրա՝ հիմա Հայաստանի Հանրապետությունը, նաև յուրաքանչյուր արցախցի կամ արցախցիների խումբ, բացառությամբ Արցախի կառավարությունից, կարող են և պետք է հապճեպ դատական հայցով դիմեն ՄԻԵԴ՝ Եվրոպական դատարան, անմիջապես իրավական գործընթաց սկսելու, որովհետև ճանապարհ փակելն ընդհանրապես հակասում է մարդու իրավունքների հայեցակարգին, մանավանդ՝ դա կյանքի ճանապարհ է, ունի էկզիստենցիալ նշանակություն Արցախի հայերի համար․«Եթե շտապ հայց ներկայացվի ճանապարհը բացելու համար հրատապ միջոց կիրառելու պահանջով, հավանական է, որ տեսանելի արդյունք կլինի: Մնացած հարցերը արդեն պայմանավորված են հիմնականում քաղաքական գործընթացներով»,- հավելում է իրավագետը:
 
Հարցին, եթե խաղաղապահները այդպես էլ չկարողանան հեռացնել ճանապարհը փակած բնապահպան ադրբեջանցիներին, արցախահայությունը կանգնի հումանիտար աղետի և ցեղասպանության վտանգի առաջ, Արցախը կարո՞ղ է դիմել ՄԱԿ-ի ԱԽ, թե՞ դրա իրավասությունը միայն Հայաստանին է վերապահված, իրավագետն ասաց, որ տեսականորեն կա այդպիսի հնարավորություն, սակայն գործնականում հաշվի առնելով ՄԱԿ ԱԽ-ում քվեարկությունը ինչքան բարդ մեխանիզմ է՝ հավանականությունը քիչ է, որ դիմումին ընթացք կտրվի. «Այս ամենով հանդերձ՝ կարելի է փորձել դիմել, մանավանդ որ գիտենք՝ ԱԽ-ում ունենք առնվազն մեկ բարեկամ երկիր՝ Ֆրանսիան, որի ջանքերով նախորդ անգամ գումարվեց ԱԽ նիստ: Անընդհատ կարելի է փորձել, որովհետև անկախ նրանից՝ ճանաչված պետություն է, թե ոչ, գործ ունենք Արցախում ապրող 120․000-անոց համայնքի հետ, ինչպես նաև ընդհանուր ամբողջ տարածաշրջանի անվտանգության խնդրի հետ»,- նշեց նա:  

Անդրադառնալով Ադրբեջանի պատճառաբանություններին, թե ընդերքօգտագործման թույլտվության, հանքի գործունեության օրինականության հարցը որոշելու նպատակով են ճանապարհը փակում՝ Ղազարյանը նշեց. «Նման պատճառաբանությամբ ճանապարհ փակելը միանշանակ անօրինական է: Դա նույնիսկ ադրբեջանական օրենքներին է հակասում: Հիմա, եթե ադրբեջանցիներն ասում են՝դա մեր տարածքն է, մեր օրենքները պիտի կիրառվեն, շատ լավ, եկեք տեսնենք՝ ադրբեջանական օրենքերով թույլատրվո՞ւմ է ճանապարհ փակել: Իհարկե՝ ոչ, որովհետև Ադրբեջանը Եվրոպայի խորհրդի անդամ պետություն է: Հայաստանի օրենքենրով ևս թույլ չի տրվում ինքնանպատակ ճանապարհ փակել: Սակայն, քանի որ խնդիրը ոչ այնքան իրավական, որքան քաղաքական դաշտում է գտնվում, առվելապես քաղաքական երկխոսության միջոցով, քաղաքական գործիքներով պետք է ապացուցվի այս գործողության անօրինականությունը»: 

Իրավագետի դիտարկմամբ՝ Ադրբեջանի հիմնական, առաջնային նպատակն է՝ բախում հրահրել ռուս խաղաղապահների և Ադրբեջանի քաղաքացիների միջև, որպեսզի նույնիսկ իրավունք ունենա ուժ կիրառելու և կարծես թե փորձարկելու ռազմական օպերացիա Արցախում՝ ընդօրինակելով Ռուսաստանին, բայց դե Ադրբեջանը Ռուսաստանը չէ: Բացի այդ, ըստ նրա, Ադրբեջանը փորձում է հոգեբանական ճնշում գործադրելով՝ ահաբեկել արցախահայությանը:

Ինչ վերաբերվում է Արայիկ Հարությունյանի՝ ՌԴ խաղաղապահներին միջազգային մանդատ տալու վերաբերյալ Ֆրանսիայում հնչեցրած առաջարկին, ըստ իրավագետի՝ եթե անգամ ԱԽ նիստ գումարվի, դրա համար անհրաժեշտ կլինի ԱԽ բանաձևի ընդունում, իսկ դրա համար էլ անհրաժեշտ է Մոսկվայի համաձայնությունը՝ որպես ՄԱԿ ԱԽ մշտական անդամ երկիր, սակայն ՌԴ-ն երբեք այդ համաձայնությունը չի տա: 

Անդրադառնալով Արցախի խնդրի կարգավորման միջազգային ձևաչափերի և մասնավորապես հայաստանյան փորձագիտական-քաղաքական դաշտում շատ շրջանառված «Անջատում՝ հանուն փրկության» կոնցեպտի կիրառման հեռանկարին՝ ասաց, «Այդ կոնցեպտը դեռ երբեք չի կիրառվել, ընդամենը տեսություն է, դեռ պտտվում, զարգանում է, կարող եմ ասել ակադեմիական, մասամբ նաև քաղաքական շրջանակում։ Այդ կոնցեպտի հիման վրա որևէ կայացած ակտ չկա դեռևս, բայց այն, որ այդ մասին պետք է խոսել, օրինակ, հարուցված դատական հայցերի կոնտեքստում, իհարկե կարելի է և պետք է, բայց Արցախի անկախության հարցի համար հիմք ընդունել դա, այսօր դեռ բավարար չէ»:

Ղազարյանը կարծում է, որ Արցախի խնդրի կարգավորման, կարգավիճակի և անվտանգության համար միջազգային համարժեք նախադեպը Կոսովոյի օրինակն է, որի հիմքում դրված է տվյալ համայնքի անվտանգության խնդիրը: Արցախի դեպքում ևս, Ղազարյանի կարծիքով, անվտանգության խնդրի հիման վրա կարող է գործել ՄԱԿ-ի կանոնադրությունը՝ տարածաշրջանում խաղաղություն ապահովելու գործառույթով, որից հետո կորոշվի, թե կոնկրետ ինչ ուժերից է կազմված լինելու այդ խաղաղապահ առաքելությունը:

«Հիմա, սակայն, այդ գործընթացը իր ձեռքը վերցրել է Ռուսաստանը, որը հայտարարել է՝ կարիք չկա ՄԱԿ-ի դրոշի ներքո գործող այլ խաղաղապահ ուժերի, որոովհետև ՌԴ-ն կատարում է արդեն այդ գործառույթը: Ճանապարհ փակելով՝ Ադրբեջանը, կրկնում եմ, ցանկանում է բախում հրահրել՝ ցույց տալու, որ խաղաղապահների ներկայությունն այնտեղ արդյունավետ չէ, նրանք չեն կարողանում խաղաղության մանդատը իրացնել: Մյուս կողմից՝ գիտենք, որ խաղաղապահներն այնտեղ են ոչ թե ՄԱԿ մանդատով, այլ երեք երկրների  համաձայնության արդյուքնում, և ՄԱԿ-ը ոչինչ չի կարող փոխել այնտեղ»,- եզրափակեց փորձագետը:

Թամարա Ղազարյան