Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Գեղարքունիքի մարզպետը Չինաստանի դեսպանին է ներկայացրել Ադրբեջանի ագրեսիայի հետևանքով մարզի սահմանային բնակավայրերում ստեղծված իրավիճակը

Գեղարքունիքի մարզպետը Չինաստանի դեսպանին է ներկայացրել Ադրբեջանի ագրեսիայի հետևանքով մարզի սահմանային բնակավայրերում ստեղծված իրավիճակը
Քաղաքականություն
22:08, 13 декабрь 2022
Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանն այսօր Գավառ համայնքի ղեկավար Գուրգեն Մարտիրոսյանի հետ մարզպետարանում ընդունել է ճանաչողական այցով մարզ ժամանած Հայաստանում Չինաստանի դեսպան Ֆան Յոնգին, Չինաստանի պաշտպանության նախարարության ներկայացուցչին, ռազմական կցորդին, այլ պաշտոնյաների։ Այդ մասին ասված է մարզպետի Ֆեյսբուքի էջում:
 
«Դեսպանին ներկայացրի Գեղարքունիքի մարզի պատմությունը, ՀՀ կառավարության աջակցությամբ մարզում իրականացվող բազմոլորտ ներդրումային ծրագրերը, մարզի տնտեսության ներուժը, ներկայացրի ադրբեջանական վերջին ագրեսիայի հետևանքով մարզի սահմանային բնակավայրերում ստեղծված իրավիճակը՝ հույս հայտնելով, որ Չինաստանը ևս կաջակցի՝ մարզի սահմանային հատվածներում ստեղծված անվտանգային խնդիրները խաղաղ բանակցությունների ճանապարհով լուծելուն։
 
 
ՉԺՀ դեսպան Ֆան Յոնգի այցը լավագույն սկիզբ կարող է հանդիսանալ համագործակցության ստեղծման և զարգացման համար։
 
Ինչպես գիտենք, այս տարի լրացավ Հայաստանի Հանրապետության և Չինաստանի Հանրապետության միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակը, ինչի համար շնորհավորում եմ բոլորիս, չնայած որ հայ-չինական հարաբերություններն ունեն հազարամյակների պատմություն։ Այս տարիների ընթացքում հայ-չինական համագործակցությունը կայուն զարգացում է ապրել, և ես շատ կցանկանամ, որ ապակենտրոնացված համագործակցություն ստեղծվի Գեղարքունիքի մարզի և Չինաստանի Հանրապետության որևէ մարզի կամ քաղաքի միջև։
 
Գեղարքունիքի մարզպետարանը պատրաստակամ է այդ համագործակցության համար ստեղծել վստահելի հարթակ և իրականացվող ծրագրերին աջակցել հնարավորության և լիազորության սահմաններում:
 
 
Հայաստանում ՉԺՀ դեսպան Ֆան Յոնգն էլ, իր հերթին, պատրաստակամություն հայտնեց աջակցել ապակենտրոնացված համագործակցության ստեղծմանը, նշելով, որ վերջին 30 տարիների ընթացքում հայ-չինական հարաբերություններն ավելի բարձր մակարդակում են գտնվում։ ՉԺՀ-ն Հայաստանի հետ ունի տնտեսության ամենատարբեր ոլորտներում ստեղծված համագործակցություն և հաշվի առնելով Գեղարքունիքի մարզի հնարավորություններն ու ներուժը՝ ցանկություն կա նոր ձևավորվելիք համագործակցությունը ծավալել հատկապես գյուղատնտեսության և զբոսաշրջության ոլորտում։
 
 
Այնուհետև ՉԺՀ դեսպանի և նրա ղեկավարած պատվիրակությանը ուղեկցել եմ Գավառի գյուղատնտեսական քոլեջ, որտեղ դիտարկեցինք կաթի և կաթնամթերքի վերամշակման, ավտոտրանսպորտային, անատոմայի և ֆիզիոլոգիայի լաբորատորիաների գործունեությունը, Գավառի թիվ 2 միջնակարգ դպրոցում մասնակցեցինք տեղի դպրոցականների ուսումնասիրությունների արդյունքում պատրաստված պատմական ակնարկի ներկայացմանը՝ նվիրված Չինաստանի Հանրապետության պատմությանը և մշակույթին: Դեսպան Ֆան Յոնգի աջակցությամբ կկազմակերպվի թիվ 2 միջնակարգ դպրոցի աշակերտների՝ չինարենի ուսումնառության գործընթացը, դպրոցին կտրամադրվի չինարեն գրականություն, իսկ լավագույն աշակերտները կխրախուսվեն։
 
Այցը եզրափակվեց Գավառի Արծվաքար թաղամասում գործող Միքայելյանների ընտանեկան պանրի արտադրամասում, որտեղ հյուրերը ծանոթացան տեղում արտադրվող պանրի տեսակների պատրաստման եղանակներին։
 
 
Հայաստանում Չինաստանի ժողովրդական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ֆան Յոնգի հրավերով առաջիկայում կայցելենք Հայաստանում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության դեսպանատուն՝ քննարկելու անելիքները»,- նշված է գրառման մեջ: