Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Մայիսի 9-ի տոնը նշելու համար Արցախում կառավարական հանձնաժողով է ստեղծվել․ռուս խաղաղապահները առանձին երթ կանեն

Մայիսի 9-ի տոնը նշելու համար Արցախում կառավարական հանձնաժողով է ստեղծվել․ռուս խաղաղապահները առանձին երթ կանեն
Քաղաքականություն
18:19, 05 май 2021
Որոշում է կայացվել 2021թ Մայիսի 9-ին նվիրված միջոցառումների կազմակերպման և համակարգման նպատակով ստեղծել հանձնաժողով։

Այս մասին իր ֆեյսբուքյան էջում տեղեկացրել է Արցախի «Վաղվա Արցախ» կուսակցության նախագահը։

Արցախի Հանրապետության կառավարությունն այսօր հաստատել է մայիսի 9-ին նվիրված միջոցառումների կազմակերպման և համակարգման համար ստեղծվող հանձնաժողովի կազմը։ Այս մասին Civic.am-ի հետ զրույցում ասաց Արցախի ԿԳՄՍ նախարար Լուսինե Ղարախանյանը։

Լուսինե Ղարախանյանից հետաքրքրվեցինք՝ ինչ բնույթի միջոցառումների մասին է խոսքը, որին ի պատասխան նախարարն ասաց, որ միջոցառումները կլինեն հետպատերազմյան իրողություններին, ժողովրդի տրամադրությանը համապատասխան և կկազմակերպվեն Արցախի բոլոր շրջաններում։

Ինչ վերաբերում է մայիսի 9-ին նախատեսվող միջոցառումները ռուս խաղաղապահների հետ համատեղ իրականացնելուն՝ Արցախի ԿԳՄՍ նախարարն ընդգծեց, որ Կառավարության կողմից նախատեսվող միջոցառումներին ռուս խաղաղապահները մասնակցություն չեն ունենա․

«Մենք ավանդաբար Հայրենական մեծ պատերազմի վետերաններին ենք այցելում, բայց ռուսների հետ համատեղ միջոցառումների ցանկ չունենք։ Իմ տեղեկությամբ խաղաղապահները օդանավակայանում քայլերթ կունենան»։ 

Նշենք, որ ըստ Արցախի կառավարության որոշման՝ Ստեփանակերտի քաղաքապետին ու Արցախի շրջանների վարչակազմերի ղեկավարներին հանձնարարվել է եռօրյա ժամկետում հանձնաժողովին ներկայացնել միջոցառումների ծրագիրն ու նախահաշիվը։ 

Նարա Մարտիրոսյան