Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Սերժ Սարգսյանը թող նշի՝ ինչ զենքերի մասին է խոսքը, ինչ կերպ դա պետք է կիրառվեր, և ովքեր դա չեն կիրառել. Սուրեն Պապիկյան

«Էսկալացիայի վտանգը երբեք էլ չի դադարել, մենք մշտապես հայտարարել ենք՝ նաև հաշվի առնելով մեր հարևան երկրի ղեկավարի հայտարարությունները, այդ թվում՝ նաև ագրեսիվ հռետորաբանությունը մեզ տեղիք է տալիս լինել աչալուրջ և պատրաստ լինել մեր երկրի սահմանները պաշտպանել։ Իսկ ինչպես, դա Զինված ուժերի դիմակայման խնդիրն է։ Անհրաժեշտության դեպքում դիմելու ենք նաև գործընկերներին, եթե կարիք կլինի։ Հիմա եկեք չխոսենք չեղած բանի մասին, ասում եք՝ պատրա՞ստ ենք դիմակայելու, ասում եմ՝ մենք պատրաստ ենք ամեն գնով պաշտպանելու մեր երկրի յուրաքանչյուր միլիմետրը»,- այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը:  

Հարցին՝ տեղեկություններ են տարածվել, որ ԼՂ-ի և  Հայաստանի սահմանների մոտ կուտակումներ են նկատվել, կա՞ արդյոք նման բան, նախարարն ասաց, որ ԼՂ-ի շուրջ կուտակումների կամ յուրաքանչյուր երևույթի մասին Պաշտպանության բանակը մշտապես հանդես է գալիս հայտարարություններով, և նաև ռուս խաղաղապահներն են դրա մասին ամենօրյա հաղորդագրություն տարածում։
«Ինչ վերաբերում է Հայաստանի սահմաններին, այս պահին կուտակում արձանագրված չէ, բայց սա չի ենթադրում, որ դրանով պիտի մենք մեր աչալրջությունը դադարեցնենք կամ պակասեցնենք։ Եվ քանի որ խոսվում է պատրաստ ենք և այլն, չստացվի, որ մենք պատերազմի մասին ենք խոսում կամ պատրաստվում ենք պատերազմի։ Մենք մեր խաղաղության օրակարգից չենք շեղվում, բայց սա չի նշանակում, որ մեր երկրի սահմանները կամ տարածքային ամբողջականությունը սակարկելի են»,- ասաց նախարարը։

Խոսելով նաև Սերժ Սարգսյանի հայտարարության մասին, թե 44-օրյա պատերազմի ժամանակ ՀՀ սպառազինության և անձնակազմի 50 տոկոսը չի օգտագործվել, նախարարն ասաց. «Ես չեմ կարող ասել, թե ինչի մասին է խոսել Սերժ Սարգսյանը: Կարծում եմ՝ հարցը պետք է տալ նրան, որ նշի, թե ինչ զենքերի մասին է խոսքը, ինչ կերպ դա պետք է կիրառվեր, և ովքեր դա չեն կիրառել: Դա  Սերժ Սարգսյանի դաշտում է: Կխոսի՝ կպատասխանենք, կամ կպատասխանեն համապատասխան մասնագետները»։

Մանրամասները՝ տեսանյութում