Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Վազգեն Սարգսյանն ու Կարեն Դեմիրճյանը ԱԽ նիստում դեմ են քվեարկել Մեղրիի հարցին․ Քոչարյանը ստախոս հանցագործ է. Գրիգոր Հարությունյան

Վազգեն Սարգսյանն ու Կարեն Դեմիրճյանը ԱԽ նիստում դեմ են քվեարկել Մեղրիի հարցին․ Քոչարյանը ստախոս հանցագործ է. Գրիգոր Հարությունյան
Քաղաքականություն
18:18, 04 июнь 2021
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն այսօր Էրեբունի վարչական շրջանի քաղաքացիների հետ հանդիպման ժամանակ անդրադարձել է իր կողմից Մեղրին հանձնելու մասին պնդումներին։ Քոչարյանը նախ արդարացել է՝ պնդելով, որ Մեղրիի հարցով առաջարկ եղել է Ալիևի կողմից, բայց պաշտոնական ձևակերպում չի ստացել, որովհետև մեր պատասխանը եղել է այն, որ մենք չենք կարող կորցնել Իրանի հետ սահմանը։ «Սակայն նա, այնուամենայնիվ, միջնորդների միջոցով փորձում էր առաջ տանել այդ գաղափարը, բայց Մինսկի խմբի շրջանակներում սա քննարկման առարկա չի դարձել։ Մեղրիի հարցը հիմա փորձում են կապել Հոկտեմբերի 27-ի հետ, իբր, Վազգեն Սարգսյանն ու Կարեն Դեմիճյանը դրան կտրուկ դեմ էին։ Անվտանգության խորհրդի նիստին այս հարցը երբեք չի քննարկվել։ Եթե նրանք դեմ էին, թվում է, թե նրանցից հետո այդ առաջարկը պետք է իրականություն դառնար։ Բայց այն ընդհանրապես կորավ։ Որևէ տրամաբանություն այստեղ չկա», - ասել է Ռոբերտ Քոչարյանը։

ՀԺԿ քարտուխար Գրիգոր Հարությունյանը Civic.am-ի հետ զրույցում բառացիորեն ասաց, որ Քոչարյանը ստախոս, սրիկայի մեկն է. «Նա սուտասան, սրիկա, հանցագործ է։ Անվտանգության խորհրդի նիստում այդ հարցը քննարկվել է, Վազգեն Սարգսյանն ու Կարեն Դեմիրճյանը դեմ են քվեարկել այդ հարցին։ Բացի դա, մենք այդ հարցով 2003 թվականին պետաիրավական հանձնաժողովում քննարկում ենք կազմակերպել, Վիկտոր Դալաքյանը հանձնաժողովի նախագահն էր, ես՝ տեղակալը։ Իմ նախաձեռնությամբ, լրագրողների ներկայությամբ Վարդան Օսկանյանը եկել է, տարբերակները քննարկվել են։ Այնպես որ Քոչարյանը սուտասան անասունի մեկն է»,- ասաց Գրիգոր Հարությունյանը։

Այն, որ Վազգեն Սարգսյանն ու Կարեն Դեմիրճյանը անվտանգության խորհրդի նիստում դեմ են քվեարկել, նկարագրված է նաև Կարեն Դեմիրճյանի այրի Ռիմա Դեմիրճյանի հոդվածում։ «Այդտեղ ամենայն մանրամասնությամբ նկարագրված է անվտանգության խորհրդի մանրամասները։ Կրկնում եմ՝ Քոչարյանը սուտասան է։ Հիմա մահացած մարդկանց հետևից ինչ որ բաներ է խոսում։ Մարդիկ չկան, բայց փաստերը կան։ Ուղղակի հիմա Քոչարյանը հերքելով այդ ամենը՝ մեկ խնդիր է ուզում լուծել. նա կիսատ բաներ ունի անելու, Հայաստանը ծախելու մասով։ Իր ամբողջ քաղաքականությունը եղել է հակահայկական, պրոթուրքական, պրոադրբեջանական։ Ես բազմիցս ասել եմ դա»,- ասաց ՀԺԿ անդամը։ 

Նա նաև հավելեց, որ վերլուծել է Քոչարյանի ամբողջ գործունեությունը, սկսած Ղարաբաղը բանակցություններից դուրս թողնելուց, մինչև երկրում քրեաօլիգարխիկ համակարգ ստեղծելը, որի հետևանքով եղավ արտագաղթ, կարող ուժերին քշեցին երկրից։ «Իսկ վերջում էլ միլիարդները դրեց տակն ու իր լակոտներին սարքեց միլիարդատեր»,-եզրափակեց Հարությունյանը։ 

Արփի Հարությունյան