«Չեմ մեկնաբանում, քաղաքական հարց է»․ «Ապրելու երկիր»-ը լքած Վանաձորի ավագանու «Ապրելու երկիր» խմբակցության անդամները մանդատները վայր չեն դրել, մասնակցել են ավագանու արտահերթ նիստին
Վանաձորի ավագանու երեկ կայացած արտահերթ նիստին մասնակցել են նաեւ «Ապրելու երկիր»  կուսակցությունից օրերս դուրս եկած ավագանու երկու անդամները՝ Արտավազդ Ալավերդյանը եւ Լիլիթ Հովսեփյանը։ Վանաձորի ավագանիում, հիշեցնենք, Արցախի նախկին պետնախարար, օլիգարխ Ռուբեն Վարդանյանի անվան հետ կապվող «Ապրելու երկիր» կուսակցությունը երկու մանդատ ունի։ 

Ալավերդյանը Civic.am-ի հետ զրույցում նշեց, որ ինքը ավագանու անդամի մանդատից հրաժարվելու դիմում դեռեւս չի ներկայացրել եւ ձեռպահ մնաց հայտնել՝ արդյոք առաջիկայում կներկայացնի՞։  «Քաղաքական հարց է, չեմ մեկնաբանում»,-ասաց ավագանու անդամը եւ չմեկնաբանեց նաեւ «Ապրելու երկիր»-ը լքելու իր եւ իր մյուս գործընկերների որոշումը։  Ա․ Ալավերդյանից եւ Լ․ Հովսեփյանից բացի (նկատենք, որ ՏԻՄ ավագանու նախընտրական ցուցակում Լ․ Հովսեփյանի անվան դիմաց նշված է «անկուսակցական»),  հիշեցնենք, կուսակցությունը լքելու իրենց որոշման մասին էին հայտնել նաեւ Արմեն Այվազյանը, Ռոբերտ Բալայանը, Տիգրան Ալավերդյանը, Լեւոն Զոհրանյանը, Արարատ Մելքոնյանը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել էր Արտավազդ Ալավերդյանը։ Վերոհիշյալ անձինք ներգրավված են «Ապրելու երկիր» կուսակցության ավագանու 2021 թ․ ՏԻՄ ընտրությունների նախընտրական ցուցակում։ 27 հոգանոց նախընտրական ցուցակի 19 անդամները արդեն իսկ ինքնաբացարկ են հայտնել (բացառությամբ՝ կուսակցությունը լքելու որոշում կայացրածների)։   

Արտավազդ Ալավերդյանը («Դիետ» ՍՊԸ գործադիր տնօրենն է) նշեց, որ ավագանու արտահերթ նիստի օրակարգին եւ օրակարգային մի շարք հարցերի  մասնավորպես ինքն ու Հովսեփյանը դեմ են քվեարկել։ «Բոլոր օտարումներին՝ կապված թե՛ վարձակալությունների, թե՛ ուղիղ վաճառքների հետ, մենք դեմ ենք քվեարկել։ Դեմ ենք քվեարկել նաեւ այն հարցին, որ ավագանու անդամը կարող է փոխհատուցում ստանալ, ինչը օրենքի պահանջ է։ Մենք չենք համարում, որ ավագանին պիտի փոխհատուցում ստանա, մի մեծ բան չի անում էդ ավագանին այս պահին, որ դեռ փոխհատուցում էլ ստանա»,-նշեց ավագանու անդամը։ Նկատենք, որ եթե անգամ Ալավերդյանը եւ Հովսեփյանը որոշեն հրաժարական տալ՝  վայր դնել ավագանու իրենց մանդատները, ավագանու աշխատանքների վրա նրանց որոշումը չի ազդի, ավագանին այսպիսով չի դադարի իրավազոր լինել։ Ըստ օրենքի՝ Վանաձորի ավագանու անդամի լիազորությունների վաղաժամկետ դադարեցման դեպքում այդ մանդատը կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշմամբ մեկշաբաթյա ժամկետում տրվում է համապատասխան կուսակցության ընտրական ցուցակի հերթական հաջորդ թեկնածուին: Եթե վերջինս հրաժարվում է մանդատից, ապա նա հանվում է թեկնածուների ցուցակից: Եթե ցուցակում այլ թեկնածու չկա, ապա մանդատը մնում է թափուր:

Վանաձորի ավագանին կազմված է 33 անդամից, քվորում ապահովելու համար հարկավոր է ավագանու նիստերին  ավագանու 17 անդամի ներկայություն։ Եթե ավագանու 17 անդամ մանդատը վայր դնի, կսկսվի ընտրական նոր գործընթաց։  Ալավերդյանը այն կարծիքին է, որ Վանաձորում հարկավոր է ՏԻՄ նոր ընտրություններ անցկացնել։ «Ես ասել եմ քանիցս եւ էլի եմ կրկնում՝ տղե՛րք, եկեք վայր դնենք մանդատներն ու նոր ընտրություններ թող լինեն։ Մեզ համար Վանաձորի հետ կապված քաղաքական ընդունելի որոշումը, որպեսզի համայնքի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար չլինի, նոր ընտրությունների  անցկացումն է։ Թող լինեն ընտրություններ, վանաձորցին ում կընտրի, թող նա էլ կառավարի համայնքը»,-նշեց  մեր զրուցակիցը։ 

Civic.am-ի հետ զրույցում «Ապրելու երկրր» կուսակցությունից դուրս եկած «Միգ» ռադիոկայանի գործադիր տնօրեն Ռոբերտ Բալայանը եւս չցանկացավ մեկնաբանել իր որոշումը՝ նշելով, որ «այս պահին այսպես եմ հարմար գտել»։ Նա նշեց, որ  կոնկրետ ինքը  ժամանակի առումով աշխատանքի հետ չէր  կարողանում համատեղել կուսակցական գործունեությունը։ Իսկ թե արդյոք ինքնաբացարկ կհայտնի որպես ավագանու նախընտրական ցուցակի անդամ՝ Բալայանը չասաց․ «Առանց կոմենտարիաների»։ 

Ավագանիում  մեծությամբ առաջին՝ «Մամիկոն Ասլանյան» դաշինքը գլխավորող Վանաձորի նախկին քաղաքապետ Մ․Ասլանյանին, ինչպես հայտնի է, մեղադրանք է առաջադրվել հարուցվել, նա շուրջ մեկուկես տարի է, ինչ  կալանավորված է։  Համայնքի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել ավագանու ՀԱՍԿ խմբակցությունը գլխավորած Արկադի Փելեշյանը, որը նախկինում՝ 2017-2021թթ․, եղել է Վանաձոր համայնքի ղեկավարի առաջին տեղակալը։

Ելենա Ազատյան