Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Մենք իշխանությունը պահել ենք, որպեսզի այն չընկնի ամեն պատահածի ձեռքը. Փաշինյան․ Տեսանյութ

ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը արտահերթ խորհրդարանական ընտրությունների քարոզարշավի շրջանակում այսօր` հունիսի 9-ին, Շիրակի մարզի Արթիկ քաղաքում հանդիպեց ընտրողների հետ և նախ առաջարկեց 1 րոպե լռությամբ հարգել բոլոր նահատակների հիշատակը:

«Եթե մենք ուզում ենք գնահատել մեր կառավարման հմտությունները, պետք է նայենք 2019 թվականին: Մենք 1.5 տարվա ընթացքում ՀՀ բյուջեի եկամուտները ավելացրել ենք 500 մլրդ դրամով և այդ գումարն օգտագործել ենք 1 մլն 200 հազար մարդու աշխատավարձ, թոշակ կամ նպաստ բարձրացնելու վրա: Մենք զինված ուժերի ֆինանսավորումն ենք ավելացրել 25 տոկոսով: 2019թ. կառուցել ենք այնքան ճանապարհ, որքան կառուցվել էր վերջին 4 տարին միասին վերցրած, իսկ վերջին 3 տարում կառուցել ենք այնքան ճանապարհ, ինչքան չի կառուցվել վերջին 10 տարում: Մենք ճանապարհ կառուցում ենք ձեզ համար, ոչ թե, ինչպես նախկինում, ատկատների համար»,- հայտարարեց նա:

Նրա խոսքով` աշխատատեղերն ավելացել են 6.2 տոկոսով. «2018-ի համեմատ մենք այսօր ավելի քան 85 հազար գրանցված աշխատատեղ ունենք»:

Ինչպես նշեց Փաշինյանը, ավելացել է նաև խոշոր հարկատուների թիվը, ինչը արդյունքն է այն բանի, որ գործարարները դուրս են եկել ստվերից: «Մենք պաշտոնյաների գրպանի փողը կտրել ենք և բերել ենք պետբյուջե: Մենք միայն լավ ճառեր չենք ասում»,- ընդգծեց նա և հավելեց, որ խնդիրների լուծման միջոցը աշխատանքն է:

Վարչապետի պաշտոնակատարն անդրադարձավ նաև գիտության և կրթության խնդիրներին ու նշեց, որ ուսուցիչների աշխատավարձը 30-50 տոկոսով կավելանա:

«Ես ուզում եմ, որ էն ցավը, որ ապրել ենք, այդ էներգիան վերածենք վճռականության: Դուք Հայաստանի Հանրապետությունում ունեք բացարձակ իշխանություն: Մեզ համար չափազանց դժվար է եղել, բայց մենք իշխանությունը պահել ենք մի բանի համար, որ այդ իշխանությունը ամեն պատահածի ձեռքը չընկնի, և այսօր դուք եք որոշելու մեր քաղաքական ճակատագիրը: Մենք ձեզնից ստացած իշխանությունը վերադարձնում ենք ձեզ. մենք ձեր խոնարհ ծառան ենք: Հունիսի 20-ին վերցրեք թիվ 3 քվեաթերթիկը և քվեարկեք «Քաղաքացիական պայմանագրի օգտին»,- նշեց Նիկոլ Փաշինյանը և ավելացրեց, որ պետք է ֆեյսբուքներից դուրս գալ և գնալ զբաղվել իրական աշխատանքով, իսկ դրա համար անհրաժեշտ է ՔՊ-ին տալ 60 տոկոս ձայն:

Առավել մանրամասն` տեսանյութում: