Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Քոչարյանասերժական կլանին 30 տարի ծառայած գիտական էլիտայի համար դամբարան են դառնալու նրանց փակվող գրասենյակները. Փաշինյան․ Տեսանյութ

Քոչարյանասերժական կլանին 30 տարի ծառայած գիտական էլիտայի համար դամբարան են դառնալու նրանց փակվող գրասենյակները. Փաշինյան․ Տեսանյութ
Քաղաքականություն
14:50, 13 июнь 2021
«Հունիսի 20-ին պետք է իրականացնենք 2018-ին մեկնարկած հեղափոխության երկրորդ փուլը, կրկին ոչ բռնի, կրկին ժողովրդական, բայց այս անգամ արդեն պողպատյա հեղափոխությունը, և Հայաստանում հաստատելու ենք օրենքի և իրավունքի դիկտատուրա»,- այսօր՝ հունիսի 13-ին, նախընտրական քարոզարշավի շրջանակներում Կոտայքի մարզ կատարած այցելության ժամանակ Բյուրեղավանում հայտարարեց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը:

Նրա խոսքով՝ պսևդո-էլիտաները դուրս են եկել պայքարի ոչ թե կառավարության դեմ, այլ ժողովրդի. «Որովհետև նրանց հարկավոր է իշխանություն, իսկ այդ իշխանությունը կառավարության ձեռքում չէ, այդ իշխանությունը ժողովրդի ձեռքում է գտնվում, և նրանք ուզում են ժողովրդին զրկել իշխանությունից: 30 տարի Հայաստանի գիտական էլիտան ծառայել է քոչարյանասերժական կլանին՝ ժողովրդից իշխանությունը խլելու նպատակով: Նրանք քաղաքական միմոսներ են եղել և շարունակում են լինել, մենք նրանց ուղարկելու ենք հանրապետականների, քոչարյանականների փակվող գրասենյակներ, և այդ գրասենյակները դամբարան են դառնալու նրանց համար»:

Փաշինյանն ընդգծեց. «Մենք մեր երկրի, մեր եկեղեցու ազնիվ հոգևորականներին ազատելու ենք կոռումպացված հոգևոր էլիտայի նվաստացումներից: Հայաստանի կոռումպացված համակարգը գործել է նաև այնտեղ: Այսօր արդարը կանգնում է արդարի կողքին, կոռումպացվածը կանգնում է կոռումպացվածի կողքին»:

Նա ժողովրդին կոչ արեց գնալ ընտրությունների և քվեարկել ոչ թե իրենց քաղաքական ուժի, այլ հենց ժողովրդի իշխանության օգտին: