Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Որպեսզի կարողանանք երկխոսությունը անվանել երկխոսություն, մյուս կողմը պետք է ցույց տա, որ ինքը պատրաստ է երկխոսության․ Արցախի արտգործնախարարը՝ Արցախ-Ադրբեջան երկխոսության մասին

Որպեսզի կարողանանք երկխոսությունը անվանել երկխոսություն, մյուս կողմը պետք է ցույց տա, որ ինքը պատրաստ է երկխոսության․ Արցախի արտգործնախարարը՝ Արցախ-Ադրբեջան երկխոսության մասին
Քաղաքականություն
11:59, 06 июль 2023
Արցախյան կողմը չի մերժել Ադրբեջանի հետ երկխոսությունը երրորդ երկրում, բայց որպեսզի այդ երկխոսությունը կառուցողական բնույթ ունենա, պետք է որոշ չափորոշիչների համապատասխանի։ Այս մասին Ստեփանակերտ-Երևան հեռուստակամուրջի ժամանակ նշեց Արցախի արտգործնախարար Սերգեյ Ղազարյանը։

Ըստ նրա՝ արցախյան կողմը առաջարկներ է ստացել տարբեր երկրներից ու միջազգային կազմակերպություններից Արցախի և Ադրբեջանի միջև հանդիպումներ կազմակերպելու համար․ «Մենք նաև ռուս խաղաղապահների միջոցով ադրբեջանական կողմին մի քանի անգամ առաջարկներ ենք փոխանցել  երկխսության համար, սակայն ադրբեջանական կողմը մերժել է»։

Արտգործնախարարի խոսքով՝ սյուն թվականի փետրվարի 24-ին և մարտի 1-ին նմանատիպ հանդիպումներ տեղի են ունեցել ռուս խաղաղապահների միջնորդությամբ և քննարկվել են տեխնիկական հարցեր, սակայն ադրբեջանցիները դա խեղաթյուրել են և ներկայացրել որպես վերաինտեգրացիայի քննարկում․ «Մենք ուղղակի ասում ենք, որ որպեսզի կարողանանք երկխոսությունը անվանել երկխոսություն, այն պետք է բավարարի պահանջներին, մյուս կողմը պետք է ցույց տա, որ ինքը պատրաստ է երկխոսության»։