ՔՊ-ն չի առաջադրելու հանձնաժողովի նախագահի թեկնածուի. Հովիկ Աղազարյանը՝ Թագուհի Թովմասյանի լիազորությունների դադարեցման մասին
Այսօր՝ հուլիսի 11-ին, ԱԺ արտահերթ նիստում քննարկվում է Թագուհի Թովմասյանի լիազորությունների դադարեցման հարցը՝ որպես ԱԺ Մարդու իրավունքների և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ:

ՔՊ խմբակցությունը իր նիստում որոշում է կայացրել հանդես գալ այդպիսի նախաձեռնությամբ, հայտարարեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը և ներկայացրեց որոշման նախագծի հիմնավորումը՝ մասնավորապես նշելով. «Թագուհի Թովմասյանը 8-րդ գումարման ԱԺ-ում կայացած 46 խորհրդի նիստերից մասնակցել է ընդամենը 8-ին՝ այսպիսով չկատարելով հանձնաժողովի նախագահի իր պարտականությունները: 

Թագուհի Թովմասյանը տարբեր իրավիճակներում, այդ թվում՝ իր իսկ նախագահությամբ ընթացող հանձնաժողովի նիստերի ընթացքում ՀՀ հարյուր հազարավոր քաղաքացիների արժանապատվության վիրավորման և ատելության խոսքի նկատմամբ ցուցաբերել է անտարբեր վերաբերմունք՝ իր անգործությամբ նպաստելով դրանց կրկնությանը: Տարբեր դրվագներում Թագուհի Թովմասյանը չի պաշտպանել ՀՀ Սահմանադրությամբ ամրագրված՝ մարդու, որպես բարձրագույն արժեք, անօտարելի արժանապատվությունը այն ոտնահարող և նվաստացնող հայտարարություններից: Ասվածը փաստող մի շարք տեսանյութեր են առկա»:

Հովիկ Աղազարյանն ընդգծեց, որ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը թեկնածու չի առաջադրելու թափուր դարձող տեղի համար. «Ըստ քվոտայի՝ այդ տեղը պատկանում է ընդդիմությանը, և ՔՊ-ն պատրաստակամ է դիտարկելու ընդդիմադիր խմբակցությունների կողմից առաջադրված ցանկացած թեկնածություն»:

Մանրամասն՝ տեսանյութում