Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Թուրքիան 2020 թ. նոյեմբերի 9-ի հայտարարության կողմ չէ. Զախարովան՝ 2025-ին ԼՂ-ից ռուս խաղաղապահների դուրսբերման վերաբերյալ Էրդողանի հայտարարության մասին

Թուրքիան 2020 թ. նոյեմբերի 9-ի հայտարարության կողմ չէ. Զախարովան՝ 2025-ին ԼՂ-ից ռուս խաղաղապահների դուրսբերման վերաբերյալ Էրդողանի հայտարարության մասին
Քաղաքականություն
14:08, 20 июль 2023
Թուրքիան 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարության կողմ չէ, ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ մեկնաբանելով Ռեջեփ Թայիփ Էրդողանի խոսքերը Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների դուրսբերման ժամկետների վերաբերյալ։

Հուլիսի 12-ին Վիլնյուսում ՆԱՏՕ-ի անդամ երկրների ղեկավարների գագաթնաժողովից հետո Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը վստահություն է հայտնել, որ մինչև 2025 թվականը ռուս խաղաղապահները կլքեն Լեռնային Ղարաբաղը։ Նա համոզված է, որ «Ռուսաստանը հավատարիմ կմնա այս համաձայնագրին»։ 

«Անկարան Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարության կողմ չէ: Հենց այս փաստաթղթի հիման վրա է ռուսական խաղաղապահ զորախումբը տեղակայվել ղարաբաղյան հակամարտության գոտում: Եվ հենց այս փաստաթղթում են ուրվագծված կոնտինգենտի տեղակայման ժամկետները, ինչպես նաև հերթական հնգամյա ժամանակահատվածում դրա հնարավոր երկարաձգման պարամետրերը»,- նշել է ռուս դիվանագետը:

Նա հիշեցրել է, որ խաղաղապահները շարունակում են կարևոր կայունացնող դեր խաղալ Լեռնային Ղարաբաղում։ Նրանց հիմնական գործառույթը հրադադարի ռեժիմին աջակցելն է։

Հաշվի առնելով տարածաշրջանում տիրող լարված իրավիճակը՝ կոնտինգենտի գործունեությունն էլ ավելի է պահանջված, ասել է ռուս դիվանագետը։

 «Հարավային Կովկասում խաղաղության պահպանումը բխում է ինչպես Ադրբեջանի և Հայաստանի, այնպես էլ տարածաշրջանի այլ երկրների՝ ներառյալ Թուրքիայի շահերից»,- հավելել է Զախարովան։

Զախարովան անդրադարձել է նաև Մոսկվայում Ադրբեջանի, Ռուսաստանի և Հայաստանի արտգործնախարարների հանդիպման անցկացման հնարավորությանը և նշել, որ դրա «շանսերը լավն» են։