Բլոգեր, «Ազատագրում» շարժման ղեկավար Միկա Բադալյանը, ինչպես հայտնի է, մի խումբ արշավականների հետ մեկ շաբաթ առաջ Երևանից Արցախ գնալու նպատակով ավտոերթով հասել էր Կոռնիձոր, երկու գիշեր անցկացրել վրանների տակ ու ակցիան լուսաբանող ԶԼՄ-ներից մեկի կամերայի առաջ կտիճ ձևացել՝ «մենք ուզում էինք ցույց տայինք մեր թշնամուն, որ մենք իրանցից չենք վախենում»։ Այդ արշավի մասին պատկող ռեպորտաժում մեջբերվում է նաև բլոգերի հետևյալ միտքը՝ «չնայած մեծ էր ցանկությունը Կոռնիձորի ոստիկանական անցակետի մոտ վրաններ տեղադրելը, սակայն դրանք դրվել են ոստիկանակետից երեք կիլոմետր հեռու, ոստիկանները չեն թողել, ասել են՝ թշնամին տարածքը դիտարկում է»։
«Ով որ մտածում ա Արցախով պրծնելու ա, նա ընդհանրապես ոչ մի բան չի հասկանում։ Որտև կվերցնեն։ Ստե պալիտիկան պրծել ա, չկա, դրա համար մենք հելել ենք ոտի, եկել ենք ստե»,-ընդդիմադիր իր մյուս գործընկերների սիրած «պլաստինկան» է պտտել «կտրիճ Միկան»։
Երեկ էլ հայտնի դարձավ, որ արշավականները, Բադալյանի առաջնորդությամբ, այլ երթուղի են ընտրել, այս անգամ՝ Երևան-Էջմիածին ու Արցախի դրոշը ծածանելով հևիհև հասել կաթողիկոսանիստ քաղաք, ավելին, ընդունելության արժանացել Ամենայն Հայոց Կաթողիկոսի Գարեգին Բ-ի կողմից։
Այս լուրը ցնցել էր համացանցը, թե ինչպես է Վեհափառը ընդունել մեկին, որը հայտնի է իր էքսցենտրիկ վարքով։ Մեկին, որին, հիշեցնենք, 2022 թվականին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 259-րդ հոդվածով (ահաբեկչության մասին սուտ հաղորդում տալը)։
Ինչն է ուշագրավ․ Բադալյանը Վեհափառի ընդունելությունից հետո ֆեյսբուքյան լայֆով հայտնել էր, թե հատկապես ինչ են քննարկել ազատագրական արշավախումբն ու Կաթողիկոսը․ «Ես ուզում եմ ասել, կարևոր քննարկում է տեղի ունեցել, և ես բավարարված եմ նրա հետ խոսակցությունից, քանի որ Կաթողիկոսը տեսնում և հասկանում է բոլոր խնդիրները, իրավիճակի կատաստրոֆիկ լինելը»։
Կաթողիկոսը, ըստ Բադալյանի, հասկանում է, որ «կա միայն վերջին կրակոցի հնարավորություն և ոչ մի դեպքում չի պատրաստվում փուստ կրակել։ Կա ըմբռնում, որ պետք է անպայման, առանց այլընտրանքի լինի պայքար, պայքար, որը կսկսվի շուտով։ Միակ ուժը, որը կարող է համախմբել հայերին և փոխել իրավիճակը, դա եկեղեցին է։ Ես դրանում այժմ ավելի քան համոզված եմ»։ Եվ, ըստ Բադալյանի, «մեզանից յուրաքանչյուրը պետք է որոշակի աշխատանք անի, որպեսզի արթնացնի և ոտքի հանի մարդկանց, որպեսզի «իքս» ժամին, որը կսկսի շուտով, շատ մարդ ոտքի կանգնած լինի։ Եվ որպեսզի այդ փամփուշտը, մեր բոլորի ընդհանուր փամփուշտը, մենք չկրակենք դատարկ տեղը»։
Եթե հավատանք Բադալյանի խոսքին, ապա եկեղեցին, ի դեմս կաթողիկոսի, փաստորեն, քաղաքական ընդհատակյա պրոցեսներ է գեներացնում, խոսում է «վերջին կրակոցի» ու «ընդհանուր փամփուշտի» մասին (այս տերմինաբանությունն, ի դեպ, քանիցս կիրառել է ընդդիմադիր գործիչներից մեկը՝ ԱԺ ՊՈւ խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը՝ գործող իշխանության հեռացման մասին խոսելիս)։ Միայն թե պարզ չէ, թե այդ կրակոցը, որի նախապատրաստական աշխատանքներում ներգրավված է նաև եկեղեցին, ո՞ր ուղղությամբ է արձակվելու՝ թշնամո՞ւ, որը Միկա Բադալյանի կանխատեսմամբ «Երևանը վերցնելու» մտադրություն ունի, թե՞ ՀՀ իշխանության։ Եկեղեցու բարձրաստիճան մի շարք սպասավորների՝ իշխանության հասցեին ժանտով լի, նզովալից հայտարարությունները հաշվի առնելով հակված ենք կարծել, որ միկաբադալյաններին և նրա «ազատագրական թայֆային» հայրապետական օրհնանք հղածների քաղաքական թիրախը ՀՀ կառավարությունն է։
Ե․Ա․