Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Մեզ հավաստի տեղեկություններ են հասել Լաչինի միջանցքով ԼՂ-ից ելք թույլ տալու, մուտք թույլ չտալու ծրագրերի մասին. վարչապետ

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նախքան օրակարգային հարցերի քննարկումը վարչապետն անդրադարձել է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակմանը, վերջին օրերին տեղի ունեցող գործընթացներին:

Վարչապետը, մասնավորապես, նշել է.

«Կառավարության նիստի հարգելի մասնակիցներ, սիրելի ժողովուրդ,

Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակումն Ադրբեջանի կողմից շարունակվում է և Հայաստանի Հանրապետության կառավարության, մասնավոր հատվածի, Ֆրանսիայի կողմից Լեռնային Ղարաբաղի համար նախատեսված մոտ 400 տոննա հումանիտար բեռը շարունակում է սպասել Լաչինի միջանցքի մուտքի մոտ: Միևնույն ժամանակ, հումանիտար իրավիճակը Լեռնային Ղարաբաղում շարունակում է մնալ լարված: Իրադրության միակ փոփոխությունն այն է, որ Կարմիր Խաչի և Լեռնային Ղարաբաղում Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախմբի միջոցով բուժման կարիք ունեցող և այլ քաղաքացիների որոշակի շարժ է սկսվել Լաչինի միջանցքով:

Միևնույն ժամանակ, մեզ հավաստի տեղեկություններ են հասել, թե ծրագրեր են մշակվում Լաչինի միջանցքը միակողմանիորեն բացելու, այսինքն՝ Լեռնային Ղարաբաղից ելք թույլ տալու, մուտք թույլ չտալու ուղղությամբ:

Ուզում եմ հիշեցնել, որ այս պահին էլ Հայաստանի Հանրապետությունում են գտնվում Լեռնային Ղարաբաղի բազմաթիվ բնակիչներ, որոնք չեն կարողանում վերադառնալ Լեռնային Ղարաբաղ: Նրանցից շուրջ 5 հազարը՝ նախորդ տարվա դեկտեմբերից ի վեր Լաչինի միջանցքի ապօրինի փակ լինելու հետևանքով, ևս շուրջ 30 հազարը՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 7-րդ կետի չկատարման հետևանքով: Հիշեցնեմ, որ 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 7-րդ կետն ազդարարում է. «Ներքին տեղահանված անձինք և փախստականները վերադառնում են Լեռնային Ղարաբաղի տարածք և հարակից շրջաններ ՄԱԿ-ի փախստականների հարցերով գլխավոր հանձնակատարի գրասենյակի հսկողության ներքո»:

Այս դրույթի չկատարումը և մյուս փաստերը շարունակաբար վկայում են, որ Ադրբեջանի հիմնական նպատակը Լեռնային Ղարաբաղի հայության էթնիկ զտման ճանապարհով Լեռնային Ղարաբաղից հեռացնելն է՝ լինի դա սովահարության, ռազմական օպերացիայի, թե այլ միջոցներով»: