Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ավստրալիացի մի շարք քաղաքական գործիչներ, շնորհավորելով Հայաստանի Անկախության օրը, բարձրաձայնել են ադրբեջանական ագրեսիայի մասին

Ավստրալիացի մի շարք քաղաքական գործիչներ, շնորհավորելով  Հայաստանի Անկախության օրը, բարձրաձայնել են ադրբեջանական ագրեսիայի մասին
Հայաստան
15:51, 21 сентябрь 2021
Ավստրալիայի դաշնային բարձրաստիճան խորհրդարանականների մի խումբ միացել է հայ-ավստրալական համայնքին՝ նշելու Հայաստանի Հանրապետության 30-ամյակը: Նրանցից շատերը նաև անդրադարձել են Հայաստանի առջև ծառացած շարունակական սպառնալիքներին և ներխուժումներին, հայտնում է Ավստրալիայի Հայ դատի հանձնախումբը:

Կառավարության ներկայացուցիչ և ընդդիմադիր նախարարները Ավստրալիա-Հայաստան միջխորհրդարանական միության (Բարեկամության խումբ) անդամներից են, ովքեր տեսաուղերձներ են հղել՝ ևս մեկ անգամ բարձրաձայնելով Հայաստանի անվտանգությանը և ինքնիշխանությանը վերաբերող մտահոգությունները Ադրբեջանի կողմից կազմակերպված հարձակումների հետևանքով, որը շարունակվում է Բաքվի կողմից 44 օր տևած ռազմական հանցագործությունների մեկնարկից մոտ մեկ տարի անց:

Պատերազմը հանգեցրեց Արցախի Հանրապետության օկուպացմանը:

Ձեզ ենք ներկայացնում  մի քանի ուղերձ՝  նրանց կողմից:

«Հպարտ եմ, որ ներկայացնում եմ  մի շարք նշանավոր հայ-ավստրալացիների համայնքը և շատ ուրախ եմ նշել Հայաստանի Հանրապետության ստեղծման 30-ամյակը. երկրորդ անգամ Հայաստանը դարձավ անկախ պետություն»,- նշել է Ավստրալիայի կապի, քաղաքային ենթակառուցվածքների, քաղաքների և արվեստի նախարար Փոլ Ֆլեթչերը:

Պարոն Ֆլեթչերը հավելել է, որ անցյալ տարվա իրադարձությունները Լեռնային Ղարաբաղում, ցավոք, հիշեցնում են, որ Հայաստանի անվտանգությունը մշտական զգոնություն պահանջող խնդիր է: Նա նշել է, որ դա նաև միջոց է, որ համաշխարհային հանրությունում երբեք չմոռանան Հայոց ցեղասպանությունը:

Ներքին գործերի նախարար և Ավստրալիայի Սենատում ընդդիմության առաջնորդի տեղակալ Քրիստինա Քենելին նույնպես միացել է շնորհավորանքներին: Նա նշել է, որ արդեն 30 տարի է, ինչ հայ ժողովուրդը գրեթե միաձայն հռչակել է իր անկախությունը՝ 1991 թվականի հանրաքվեով. քվեարկություն, որը նշանավորել է Հայաստանի Հանրապետության անկախության երկրորդ հռչակումը:   

«Սա մի փաստ է, որը ծառայում է մեզ՝ հիշեցնելու հայ ժողովրդի պայքարն ու բոլոր սպառնալիքները հաղթահարելու հզոր կամքը»,- ասել է սենատոր Քենելին՝ հավելելով, որ նրանք նշում են հայ ժողովրդի այն ուժն ու վճռականությունը, որով նա կարողացել  է հաղթահարել ցեղասպանությունն ու օկուպացիայից բխող սարսափները և կերտել ժամանակակից պետություն:

«Այսօր, մասնավորապես, իմ մտքերն այն ընտանիքների և ընկերների հետ են, ովքեր տուժել են այս համաճարակից և, իհարկե, տարածաշրջանում շարունակվող բռնություններից»,- հավելել է նա:

Ավստրալիա-Հայաստան միջխորհրդարանական միության նախագահ և փոխնախագահ Տրենտ Զիմմերմանն իր ուղերձում նշել է. «Այսքան դարերի ընթացքում հայ ժողովուրդը բախվել է բազում ներքին և արտաքին դժվարությունների՝ երկար ժամանակ օկուպացված լինելով: Այս ժողովուրդը կրել է ցեղասպանության արհավիրքները, և, իհարկե, վերջին շրջանում մենք կրկին ականատես եղանք Հայաստանի հանդեպ արտաքին ագրեսիայի՝ Ադրբեջանի կողմից»:

Զիմմերմանը հավելել է, որ հայերն աներևակայելի դիմացկուն ժողովուրդ են, այդ իսկ պատճառով  բոլոր այս դարերից և խորհրդային տիրապետության տակ գտնվելուց հետո անկախությունը՝ 30 տարի առաջ, հնարավոր է դարձել: