Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Հայաստան» համահայկական հիմնադրամի հետ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը բյուջետային որևէ ուղիղ հարաբերությունների մեջ չի մտել. Մեսրոպ Առաքելյան

«Հայաստան» համահայկական հիմնադրամի հետ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը բյուջետային որևէ ուղիղ հարաբերությունների մեջ չի մտել. Մեսրոպ Առաքելյան
Հայաստան
13:07, 14 январь 2022
Այսօր շարունակվեց «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից հավաքագրված և ՀՀ պետական բյուջե փոխանցված միջոցների օգտագործումն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովի նիստը։ Այսօրվա նիստին հրավիրվել և մասնակցում է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախկին նախարար Մեսրոպ Առաքելյանը։

ԱԺ «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը Մեսրոպ Առաքելյանին հարցրեց, թե արդյոք նա այդ ժամանակահատվածում, որպես Կառավարության անդամ, որպես նախարար, ներգրավված եղե՞լ է, մասնակցե՞լ է որևէ քննարկման, որը կվերաբերեր «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից ՀՀ-ին կամ պետական բյուջե փոխանցվող միջոցներով իրականացվող ծրագրերին։ 

Ի պատասխան՝ Մեսրոպ Առաքելյանն ասաց, որ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից պատերազմի հետևանքով իրականացված սոցիալական ծրագրերի բյուջետային գործընթացի հատվածը տեղի է ունեցել բացառապես իրենց նախարարության տիրույթում։

«Այսինքն՝ Հայաստան» համահայկական հիմնադրամի հետ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը բյուջետային որևէ ուղիղ հարաբերությունների մեջ չի մտել և չի ստացել ուղիղ ֆինանսավորում։ Ենթադրում եմ, որ այդ ֆինանսավորումները տեղի են ունեցել ամբողջական ֆինանսների նախարարության միջոցով, որից հետո նոր ֆինանսների նախարարությունն արդեն որոշակի վերաբաշխումներ է արել»,- ասաց Մեսրոպ Առաքելյանը։